Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճակատագրական սխալ կլինի ակադեմիայի կարգավիճակի փոխումը եւ ԳԱԱ ինստիտուտները բուհ տանելը». «Առերեսում»

Փետրվար 11,2023 22:00

ՀՀ լեզվի ինստիտուտի ընդհանուր ժողովն օրերս ընդունել էր հայտարարություն, որում մասնավորապես ասված է․ «Տարբեր անհատների, լրատվամիջոցների, հաստատությունների անհեռատեսության պատճառով անհիմն հարձակումների թիրախ են դարձել գիտնականներ, մտավորականներ, գիտական հաստատություններ և, ի վերջո, գիտությունը և գիտությունների ակադեմիան: Հաճախ հաշվի չեն առնվում գիտական գործունեության առանձնահատկությունները, ակադեմիական գիտության կարևորությունը: Առանց ստեղծված արդյունքներին տեղյակ լինելու՝ հնչում են անհիմն նախատինքներ, ակադեմիայի ճակատագրի վերաբերյալ տրամաբանորեն չպատճառաբանված առաջարկություններ՝ անտեսելով թե՛ գիտական, թե՛ ազգային ու պետական շահը»։

Եւս մեկ մեջբերում․ «Արդարացում չունի որեւէ համակարգ բարելավելու պատճառաբանությամբ ոչ պակաս կարևոր մեկ այլ համակարգի լուծարումը»։

Հայտնի է այս մտահոգության պատճառը՝ կառավարության 2020-2030 թվականների ռազմավարության դրույթը, ըստ որի՝ ակադեմիական ինստիտուտները, գուցե ոչ ամբողջապես, նախատեսվում է տանել բուհեր։ Ի՞նչն է անհանգստացրել գիտնականներին, որո՞նք են ակադեմիական գիտության եւ ԳԱԱ համակարգի զարգացման հեռանկարները։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը հայտնեց. «Օրերս մեր ինստիտուտը եւս՝ գիտական անձնակազմը, ընդհանուր ժողով արեց: 49 աշխատակիցներից ներկա էին 47-ը, եւ էլի միաձայն որոշում ընդունվեց, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը ցանկանում է իր հետագա գործունեությունը շարունակել ՀՀ ԳԱԱ կազմում: Ինչո՞ւ են այսպիսի քվեարկությունները կարեւոր, որովհետեւ մեզ հաճախ ասում են՝ այ, դուք տնօրեն եք, վախենում եք ձեր պաշտոնը կորցնել… ընդ որում՝ ասեմ, որ այդ պաշտոնն առանձնապես մեծ բարիքներ էլ չի տալիս… Բայց ամեն դեպքում, որպեսզի այդպիսի փաստարկներ չբերվեն, մենք փակ, գաղտնի քվեարկություն արեցինք: ԳԱԱ բոլոր ինստիտուտներն էլ անում են՝ ցույց տալու, որ սա ակադեմիական ինստիտուտների կամքն է»։

Վարդան Դեւրիկյանն ընդգծեց․ «Պատճառաբանում են, թե նպատակը բուհերն ուժեղացնելն է։ Հակափաստարկները կարող եմ թվարկել մինչեւ լույսը բացվելը, բայց գլխավորն այն է, որ բուհերի ուժեղացմանը կարելի է նպաստել, եթե հաստատությունները լինեն առանձին։ Ակադեմիայի նախագահը մի ամբողջ ծրագիր էր մշակել, որպեսզի ցույց տա, որ ակադեմիան առանձին կարգավիճակով՝ բուհերի հետ ինտեգրված վիճակում, լավագույնս կիրականացնի իր ծրագիրը։ Այսինքն, բուհերն ուժեղացնելու համար ակադեմիայի հետ գործակցությունն է կարեւոր։ Վստահ եմ եւ լավատես, որ հարցը չի հասնի մեծ առճակատումների, որովհետեւ վերջին հանդիպման ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց՝ քննարկումները պետք է շարունակվեն, վերջնական որոշում չկա։ Բայց ճակատագրական սխալ կլինի ակադեմիայի կարգավիճակի փոխումը եւ ԳԱԱ ինստիտուտները բուհ տանելը։ Սա առանց քաղաքական բաղադրիչների պետք է կարողանանք համոզել»:

Հաղորդման մյուս հյուրը՝ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը նշեց՝ հանրության շրջանում կա հարցադրում, թե Գիտությունների ազգային ակադեմիան մեզ պե՞տք է, թե ոչ․ «Գաղտնիք չէ, որ գիտությունն այսօր հիմնականում կենտրոնացած է ԳԱԱ-ում, որն ըստ հնարավորության՝ պատվով կատարում է իր առաքելությունը։ Եթե ԳԱԱ-ն տրոհվում է, եւ ինստիտուտները գնում են բուհեր, ու հայտնի չէ, թե ինչպես եւ ինչ կարգավիճակով, ապա գիտական համակարգը տրոհվում եւ լուծարվում է։ Այսինքն, դադարում ենք ունենալ միասնական գիտական համակարգ։ Աշխարհաքաղաքական այս իրավիճակում, երբ տարածաշրջանը եռում է, արդյոք ժամանա՞կն է զբաղվել ակադեմիան տրոհելով։ ԳԱԱ ունենալը պետության ցուցանիշներից է՝ ազգային արժեք, հիմնասյուն, եւ այս պայմաններում ի՞նչ իմաստ ունի այն տրոհելը, վերացնելը»։

Անդրադառնալով հարցադրումներին, թե ինչն է խանգարում, որ գիտությունը կրթության համակարգում դիտարկվի՝ Վիկտոր Կատվալյանն ասաց. «Խանգարում է այն, որ գիտությունը միայն կրթության սպասավորը չէ: Գիտությունը սպասարկում է երկրի բոլոր շահերը՝ հասարակության, տնտեսության… Իսկ երբ մենք գիտությունը տանում եւ խցկում ենք միայն կրթության ոլորտ, դիտարկում միայն այդ տեսանկյունով, մեծ սխալ ենք գործում՝ կտրելով գիտությունը երկրի մնացած ողջ կյանքից»:

Փետրվարի 2-ին ԳԱԱ ղեկավար կազմի եւ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ժամանակավրեպ էր անվանել կարծիքները, թե կառավարությունն ունի արդեն կայացրած որոշում՝ բուհերի եւ գիտական ինստիտուտների միավորման վերաբերյալ: «Չկա կայացրած որոշում մեթոդների վերաբերյալ։ Կա կայացրած որոշում, որ պետք է լինի փոփոխություն»,-մասնավորապես ասել էր նա:

Այս առնչությամբ Վարդան Դեւրիկյանը կարծիք հայտնեց, որ ամեն ինստիտուտ պետք է իր հերթին հիմնավորի, որ ճիշտն առանձին կարգավիճակն է, եւ ապացուցի իր կենսունակությունը։

Վիկտոր Կատվալյանն էլ իր հերթին պատմեց․ «Հանդիպման ժամանակ տիկին նախարարուհին ասաց, որ իրենց թիրախը բարձրագույն կրթությունն է եւ իրենց նպատակը բարձագույն կրթության մակարդակի բարձրացումն է։ Եւ ասվեց, որ դրա ճանապարհն ակադեմիական ինստիտուտները բուհեր տանելն է: Առիթ չեղավ, չկարողացանք հարց տալ՝ իսկ գիտությո՞ւնն ինչ է լինելու։ Եթե դուք մտածում եք բարձրագույն կրթության մասին, իսկ ո՞վ է մտածելու գիտության մասին, եւ որո՞նք են հիմնավորումները, որ գիտությունը բուհական համակարգում շատ ավելի լավ զարգացում կունենա»:

Ապա պարոն Կատվալյանը կոնկրետ օրինակներով ապացուցեց, թե այսօր էլ ԳԱԱ-ն ու բուհական համակարգը շատ սերտ համագործակցում են, սերտաճել են. «Ուստի պետք է մտածել բովանդակային, որակական փոփոխությունների մասին եւ ոչ թե արհեստական միավորումների-լուծարումների ճանապարհով գնալ»:

Վարդան Դեւրիկյանն էլ նույնական կարծիք հայտնեց․ «Ինտեգրացիան կա, իսկ միավորման դեպքում ընդգրկվածության շրջանակն է փոքրանում։ Կդառնանք մի հաստատություն, որի փոխադարձ կապերի շրջանակը կնեղանա։ Բացի այդ, տարիներ անց գիտական ցուցանիշն այլեւ չի երեւա»։

Նախարար Ժաննա Անդրեասյանը նաեւ ասել էր, որ միավորումը գիտությանը կտա գիտնականներ, եւ որ կրթական համակարգից նոր կադրեր կստացվեն։ Վիկտոր Կատվալյանը չհամաձայնեց՝ պնդելով, որ այսօր դա արդեն իսկ կատարվում է․ «Բուհական համակարգում ձեւավորվում են մասնագետներ, որոնք նախընտրում են գիտնական դառնալ։ Ուղղակի կարելի է ավելի արդյունավետ դարձնել այդ ճանապարհը։ Բաց այդ, ո՞ւր է հայեցակարգը, քանի՞ տարի են բուհերում գիտնականներ աճեցնելու։ Խնդիրն այն է, որ երիտասարդը շահագրգռված պետք է լինի գալ դեպի գիտություն եւ վստահ լինի, որ ոչ միայն կբավարարի իր մասնագիտական հետաքրքրությունները, այլեւ ընտանիք կպահի»։

Վիկտոր Կատվալյանը նաեւ նշեց, որ գիտական կազմակերպությունները բուհերին ինտեգրելը մեծագույն սխալ կլինի․ «Լեզվի ինստիտուտն, օրինակ, հայոց լեզուն ուսումնասիրող աշխարհի խոշոր գիտական հաստատություններից է, որը միաժամանակ գործակցում է ՀՀ բոլոր բուհերի եւ միջազգային գիտական հաստատությունների հետ։ Ամեն ինստիտուտ մի կենտրոն է, որը տարրալուծելը սխալ է։ Կարող են, օրինակ, ցանցային կենտրոններ ձեւավորել, բայց ԳԱԱ-ն պետք է պահպանել, այն ազգային-պետական արժեք է»։

Անդրադառնալով ԳԱԱ մի շարք գիտահետազոտական ինստիտուտներն իրար միավորելու հնարավոր հեռանկարին՝ Վարդան Դեւրիկյանը շեշտեց, որ նման միավորումը եւս սխալ կլինի, որովհետեւ ամեն ինստիտուտ իր գործառույթն ունի․ «Բայց իհարկե չենք ասում, թե ամեն ինչ պետք է մնա անփոփոխ։ Թող նոր ցուցանիշներ եւ պահանջներ դրվեն, միջազգային կապերի արդյունավետությունը բարձրանա։ Գիտական գործունեության բնույթը պետք է փոխել, ոչ թե կառուցվածքը»։

Այս հարցի առնչությամբ էլ Վիկտոր Կատվալյանը համոզմունք հայտնեց, որ գիտական կառույցների միջեւ արդեն իսկ կա համագործակցություն, որին ոչինչ չի խանգարում․ «Խնդիրը բովանդակային փոփոխության մեջ է, անգամ՝ թեմատիկ։ Պետությունն ի՞նչ թեմաներ կուզեր, որպեսզի մենք ուսումնասիրեինք, ո՞ր ուղղությունները կուզեր զարգացնել։ Այո, պատվեր չի իջեցվում։ Ուստի փոփոխությունն այս ուղղությամբ պետք է գնա՝ թեմա, զարգացում։ Պետությունն, ի վերջո, ի՞նչ է ուզում։ Պետք է աշխարհի նոր ուղղությունները տեղայնացնի եւ զարգացնի»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728