Լրահոս
Օրվա լրահոսը

«իԳործ» ծրագրի մասնակիցների 60 տոկոսից ավելին մնում է հայրենիքում․ ծրագրի ղեկավար

Փետրվար 24,2023 15:11

Մեկնարկել է կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի այս տարվա փուլը, որը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին մեկ տարի ժամկետով աշխատել Հայաստանի՝ 20-ից ավելի գերատեսչություններում։

Հերմինե Հարությունյան

Թեմայի վերաբերյալ «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի ղեկավար Հերմինե Հարությունյանը հիշեցրեց, որ 2020թ․-ից ի վեր՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որի հիմնական նպատակներն են՝ խթանել մասնագիտական հայրենադարձությունը եւ նպաստել պետական կառավարման համակարգի, մարմինների զարգացմանը եւ նոր գործընթացի մեկնարկներին։

Նրա խոսքով․ «Ծրագրի մասնակիցների 60 տոկոսից ավելին մնում է հայրենիքում։ Նրանք իրենց կյանքը՝ թե աշխատանքային, թե անձնական, շարունակում են Հայաստանում»։

Անդրադառնալով «իԳործ» ծրագրի 4-րդ շրջափուլին՝ Հեղինե Հարությունյանը նշեց, որ հայտերի ընդունումը սկսվել է փետրվարի 15-ից, իսկ ծրագրին բավարարելու համար պետք է համապատասխանել մի քանի չափանիշների․ «Պարտադիր է ազգությամբ հայ լինելը, պարտադիր է բարձրագույն կրթությունը։ Եթե մասնագետն ունի բակալավրի աստիճան, ուրեմն պետք է ունենա նաեւ 5 տարվա աշխատանքային մասնագիտական փորձ, իսկ մագիստրոսներից, գիտական աստիճան ունեցողներից պահանջվում է ամենաքիչը երեք տարվա աշխատանքային փորձ»։

«իԳործ» ծրագրի ղեկավարը հավելեց, որ ՀՀ պետական բյուջեով սահմանված է մինչեւ 50 մասնակցի ֆինանսավորումը․ «Յուրաքանչյուր տարի մենք հնարավորություն ունենք 50 մասնագետ ընդգրկել ծրագրում»։ Ըստ Հերմինե Հարությունյանի, հիմնականում ծրագրում ընդգրկվելու համար դիմում են Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Լիբանանից, եվրոպական երկրներից էլ ակտիվ են հատկապես Ֆրանսիան ու Գերմանիան։

«Վերջերս նաեւ Լատինական Ամերիկայի երկրներն են ակտիվություն ցուցաբերում, մասնավորապես վերջին 2 տարում Արգենտինայից շատ են հայտերը»,-հավելեց նա։ Ապա շարունակեց, որ ծրագրի շահառուների թիվը միջինացնելու դեպքում՝ ստացվում է, որ յուրաքանչյուր տարի կառավարման համակարգում ընդգրկվում են սփյուռքահայ մասնագետներ՝ 10-15 պետություններից։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728