Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպանել են, ուղղաթիռներով դիերը լցրել ծովը, ծննդատան պատուհաններից շպրտել նորածիններին»․ Սումգայիթի ցեղասպանության ականատես

Փետրվար 26,2023 17:40

1988թ․-ի փետրվարին Սովետական Ադրբեջանի իշխանության կողմից կազմակերպված՝ Սումգայիթի հայերի ցեղասպանության եւ բռնի տեղահանության տարելիցի առիթով այսօր ադրբեջանական եղեռնագործությունից փրկվածները Ծիծեռնակաբերդի բարձունքում էին՝ ծաղիկներ խոնարհելու ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։

1988թ․-ին Ռիտա Միրզաբեկյանը, որի հետ զրուցեց Aravot.am-ը, Սումգայիթի հիվանդանոցում էր աշխատում։ «Սկզբում տեղյակ չէինք ինչ է կատարվում, մինչեւ այն պահը, երբ հիվանդանոցի հաշվապահություն զանգեցին, եւ կողքի սենյակում գլխավոր հաշվապահը սարսափած խոսում էր։ Ես էլ վերցրեցի խոսափողը, համաժամանակյա զանգ էր ու լսեցի, թե ինչպես է գլխավոր բժիշկն ասում, որ հայերին սպանում են, ինչքան հայ աշխատող ունեք՝ նստեցրեք շտապօգնության մեքենաներն ու ուղարկեք, որ ազգականներին օգնեն։ Ով հրաժարվում էր՝ ազատում էին գործից։ Հետո  հասա տուն։ Հայերին սպանել են, գցել ծովը, ծննդատան պատուհաններից շպրտել նորածիններին»,-պատմում է տիկին Միրզաբեկյանը։

Նրա խոսքով՝ երեք օր քաղաքում կատարվում էր այն, ինչ եղել է 1915թ․-ի ցեղասպանության ժամանակ․ «Սկեսուրիս քրոջ աղջկա ընտանիքին բերեցին մեր տուն՝ ծեծված, ջարդված։ Երեխաներից մեկը գրկի փոքրիկ էր։ Կոտրել էին իրենց մուտքը եւ ներխուժել։ Իրենց հարեւանի ծնողներին էին սպանել։ Նրանց 12 տարեկան երեխային փրկել էր հարեւան ադրբեջանցին՝ փաթաթելով գորգի մեջ ու դուրս տանելով։ Հայերին հավաքում էին, տանում հանդիսությունների սրահը, որտեղից արտաքսում էին։ Մարդիկ ջարդված, կոտրված, վիրավոր վիճակում․․․ես չեմ հավատում, որ 26 հայի են սպանել։ Ոչ։ Մարդկանց դիերն ուղղաթիռներով թափում էին ծովը։ Այդպիսի սարսափելի դեպքեր են եղել»։

Ականատեսի բնորոշմամբ՝ սովետական իշխանությունն այդ ժամանակ ամեն կերպ փորձել է թաքցնել կատարվածը․ «Սումգայիթից երեք կմ այն կողմ ռուսական կարմիր բանակի զորանոց կար՝ «Նասոսնի» էր կոչվում։ Չեն օգնել։ Երբ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, երբ էլ հնարավոր չէր եղածը թաքցնել, փետրվարի 28-ին նոր ռուսական զորքերը մտել են Սումգայիթ»։

Ռիտա Միրզաբեկյանը զրույցի ընթացքում մեկ այլ դեպք էլ հիշեց․ 1984թ․-ին իրենք ապրում էին Բաքվի մարզադաշտի հարեւանությամբ․ «Արարատն» էր եկել խաղալու «Նեւթչիի» հետ։ Որ հաղթեցին, ադրբեջանցիները շրջափակել էին մարզադաշտը եւ ուզում էին մարզիկներին սպանել։ Ոստիկանները խառնվեցին։ Այդ ամենը պատուհանից տեսել եմ։ Ոստիկանական մեքենան շուռ տվեցին, վառեցին։ Ավտոբուսը շուտ տվեցին։ «Արարատ»-ի ֆուտբոլիստներին մի կերպ են հանել այդտեղից։ Մինչեւ լույս ջարդում-փշրում էին։ Այդքան սարսափից հետո ո՞նց կարող էինք այդտեղ ապրել»։

Վերլուծելով կատարվածի պատճառահետեւանքային կապը՝ մեր զրուցակիցը շեշտում է․ «Զարմանում եմ՝ կան մարդիկ, որոնք մտածում են, թե թուրքն ուզում է հայի հետ խաղաղ ապրի եւ համերաշխություն անի։ Բացառվում է, եւ դա պատմությունն է ցույց տվել։ Մինչեւ 1915թ․-ը քի՞չ են եղել կոտորածներ։ Միշտ են եղել։ Ես նաեւ դեմ եմ, որ անընդհատ մեղադրում են ռուսական բանակին։ Նախ մեր մեջ պետք է պատասխանը փնտրենք։ Ռուսները կանեն այն, ինչ իրենց է հարմար որպես գերտերություն։ Բոլոր գերտերություններն էլ այդպես են անում, ուստի մենք պետք է գտնենք լուծումը, որ կրկնություն չբերենք գլխներիս, որ ունենանք այնպիսի դիվանագիտություն, որ ռուսը մեզ չդավաճանի։ Դեմ եմ նաեւ, որ Եվրոպայի վրա են հույս դնում։ Եվրոպան մեր մասին չի մտածում, այլ ուզում է այս տարածաշրջանից դուրս հանել Ռուսաստանին։ Չեմ ասում, թե ռուսները սուրբ են, ոչ, բայց մենք ինչո՞ւ այսօր ուժեղ չենք։ Այսօրվա մեր կառավարությունն իրավունք չունի անգամ մի մանկապարտեզ ղեկավարելու, բայց նախկինների մեղքն էլ կա։ Ոչ մեկին չեմ արդարացնում կամ սեւացնում։ Իմ ատելությունը մեծ է ներկայիս ղեկավարության հանդեպ․ չորս տարում ի՞նչ ոլորտում առաջընթաց ունեցանք։ Ո՞վ է մեղավորը․ չինովնիկները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728