Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է». Հովհաննես Գրիգորյան

Փետրվար 28,2023 13:07

Արցախ 35․ Պայքարը շարունակվում է

Ինչ պետք է անեմ ես և ինչ պետք է անի իմ սերունդը հանուն Արցախի:

Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը մեզ՝ հայ ժողովրդիս համար սկսվեց լուրջ սայթաքումներով: Արցախյան առաջին գոյամարտում և ապրիլյան քառօրյա պատերազմում տարած հաղթանակներից հետո հայ ժողովուրդը բախվեց մի նոր պատերազմի, որի ժամանակ իշխանությունները մեզ դրել էին հայ ժողովրդին ոչ բնորոշ անկազմակերպ վիճակում, ու դրա արդյունքում եղավ մեր պարտությունը: Այս ամենից առաջ և նույնիսկ հետո այժմյան իշխանությունը ամեն ինչ արեց, որ մենք զրկվենք մեր ամենահզոր զենքից՝ միասնականությունից, որը արցախյան շարժման սկսվելուց ի վեր, մինչ այսօր խորհրդանշվում է բռունցքով: Մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի կառուցվածք ունի բռունցքը, և այն միշտ ասոցացնում ենք մեր պայքարի հետ: Այժմյան մեր պայքարն էլ է հեռվից բռունցքի տպավորություն թողնում, սակայն, ներթափանցելով մեր գոյամարտի մեջ, հասկանում ենք, որ ամենևին էլ այն բռունցքի նման չէ, այլ կարծես մատները իրարից անջատված են, չկան մատների միջև հպում, այն է՝ չկա հուսալիություն և աջակցություն: Առանձնացված մատները Հայաստանը, Արցախ ու Սփյուռքն են, որոնք, արտաքին և ներքին ճնշումների ենթարկվելով, մոռացել են իրենց նպատակը: Արդյունքում ունենք մի իրավիճակ, որին ցանկանում էր հասնել ներքին և արտաքին թշնամին: Վերջիններիս գերնպատակն է ստեղծել մի իրավիճակ, որով մենք կսկսենք ուրանալ հայրենիքը հանուն գումարի և կեղծ խոստումների և մոռացության մատնել մինչ այժմ եղած համախմբվածությունը:

Այս ամենը բերել է մի շարք խնդիրների: Հատկապես, լինելով այս սերնդի մի ներկայացուցիչ, ազգային գիտակցության կորստի և գաղափարի խնդիր եմ տեսնում: Մեր սերնդի համար գլխավոր նպատակ պետք է լինի հայրենիքի հայրենիք մնալու պայքարը, անկախ ամեն ինչից հայրենիքը պաշտելը: Սակայն, ինչ ենք տեսնում մենք այսօր: Հատկապես իմ սերնդի մոտ Արցախի մասին խոսելիս, միանգամից լսում ենք  «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» թեզը: Փաստորեն, ստացվում է այնպես, որ հիմա հայրենիքը դիտարկում են լոկ միայն քաղաքականության տեսանկյունից: Այլևս չկա հայրենիք – ամրոց գաղափարախոսությունը: Երիտասարդությունը մոռացել է, որ հայրենիքը պետք է սիրել անկախ քաղաքական կուռք դարձած ղեկավարության և այդ կուռքերի կեղծ գաղափարների շուրջ ձևավորված համոզմունքների: Այս խնդրի լուծման համար կան փոքր քայլեր, որոնք վստահ եմ մեր սերնդի մեջ ահռելի գաղափարական փոփոխություններ կբերեն:

Առաջին հերթին պետք է իրականացնել համացանցային արշավ: Գաղտնիք չէ, որ մեր սերունդը հիմա կլանված է համացանցային աղբով, սակայն համացանցային աղբը կարող է մաքրվել ազգային-գաղափարախոսական թեզերով: Մենք ունենք մեզ հասակակից, ինչպես նաև մեզնից մեծ ինֆլուենսերներ համացանցի տարբեր հարթակներում, ովքեր կարող են նպաստել այս գործին: Նրանց հիմնական մասը չեն բարձրաձայնում հայրենիքին սպառնացող վտանգները, քանի որ ցանկանում են զերծ մնալ իրենց կարծիքից հակառակ կարծիք ունեցող հետևորդների կորստից: Նրանց համար կարելի է մտածել տարբեր խթանիչ գործողություններ, որպեսզի նրանք ևս լծվեն այս գործին, սկսեն իրազեկել երիտասարդությանը ամբողջ եղելության մասին:

Ինչպես նաև, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում պետք է պարբերաբար իրականացվեն հայրենասիրական դասընթացներ հիմնված նժդեհյան գաղափարախոսության վրա: Դեռ փոքր տարիքից այսպիսի դասընթացները չպետք է անմասն լինեն գալիք հայ սերնդից: Դասընթացները կարող են լինել հասցեագրված կոնկրետ տեղերում՝ դասընթացների ծրագրին նախնական ծանոթացնելով երեխաների ծնողներին: Մասնավորապես, դասընթացների ընթացքում կարևոր եմ համարում ներկայացնել Արցախի կարևորությունը մեր օրակարգում և Հայաստանին սպառնացող վտանգները հակահայ գործողությունների պատճառով: Դասընթացները պետք է համապատասխանեցված լինեն տարիքային խմբերին, իսկ ինչպես հետաքրքրություն առաջացնել բոլորի մոտ, ինչպես արդեն վերևում նշեցի, համացանցային ինֆլուենսերների միջոցով:

Ապրելով կեղծ լրատվականների դարաշրջանում, լինելով թե՛ ներքին, թե՛ արտաքին լրատվականների տարածած կեղծ նյութերի հետևանքների ականատեսը, կարևորում եմ երիտասարդության ուղիղ շփումների և քննարկումների հարթակ ստեղծելը, որը ավելի կմտերմացնի մեր՝ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող և իրար խնդիրներից սխալ տեղեկացված հայությանը՝շրջանցելով թյուր կարծիքներ ձևակերպող լրատվականներին: Այդ հարթակներում անհրաժեշտ է,որ ելույթ ունենան միայն հայկական Արցախի և հայոց պետականության գաղափարակիցները:

Ինչպես նաև պետք է ունենանք գաղափարապես լավ զարգացած հայ երիտասարդական կենտրոն, որը կլինի անկուսակցական և կձևավորի հայ երիտասարդների համախմբված կարծիքը, նույնիսկ ամենափոքր թվացող հարցերում՝ ցույց տալու մեր երկրի շարժիչ ուժ հանդիսացող երիտասարդների կարծիքը ընթացող իրադարձություններին, որը նաև օգտակար կլինի արտաքին ճակատում:

Իմ և իմ սերնդի գերխնդիրը այն է, որ ներկա պահին մեր հետաքրքրությունը պետք է լինի Արցախի անկախացումը և Հայաստանի անվտանգությունը: Ինձ և իմ հասակակիցներին պետք է համախմբի երդումը տրված հայրենիքին,որը պետք է ստեղծվի մեր կողմից (ինչպես ֆիդայիների երդումը)՝ խոստանալով մասնակցել և առավելագույնս ակտիվություն ցուցաբերել բոլոր ճակատներում:

Երիտասարդությունը հստակ պետք է գիտակցի, որ չկան իմը և քոնը, Այստեղ կա մեր՝ բոլորիս հայրենիքը: Հավատացա՛ծ եղեք, Արցախն է լինելու մեր նոր փառավոր էջի սկիզբը, միայն թե պետք է այն սիրել ու պահպանել նույնիսկ այս դժվար պայմաններում, հույսները չդնել օտար փրկիչների վրա: Միշտ պետք է հիշել, որ ինչքան էլ ծառի արմատները ամուր լինեն, այն արմատախիլ անելը ամենևին էլ անհնար չէ և ինչքան էլ, որ մենք ունենանք հզոր պատմություն միևնույն է այդ հզոր պատմության շարունակությունը մենք ենք, և եթե շարունակենք շեղվել ազգայինից հանուն մեր հաճույքների, մենք ինքներս արմատախիլ կանենք մեր դարավոր ծառը:

Հայրենիքը զվարճանքներից բարձր դասող հայ երիտասարդությունն է լինելու վերածննդի գլխավոր հենասյունը․․․

Հովհաննես Օնիկի ԳՐԻԳՈՐՅԱՆ

18 տարեկան,
Արցախ, Ասկերանի շրջան, գյուղ Իվանյան
Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի սան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728