Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջության առումով Հայաստանը շատ բան ունի առաջարկելու Եգիպտոսին. Ապրեսյան

Մարտ 03,2023 15:09

Կահիրեում կայացած գործարար համաժողովի ընթացքում, AirCairo ավիաընկերության նախագահի և գլխավոր-գործադիր տնօրենի հետ լրջորեն քննարկել են Կահիրե-Երևան ուղիղ չվերթի գործարկման հնարավորությունը: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նա տեղեկացրեց, որ փետրվարի 26-մարտի 2-ը Կահիրեում մասնակցել են հայկական և եգիպտական զբոսաշրջային ընկերությունների միջև կայացած առաջին գործարար համաժողովին, որին ֆեդերացիայից բացի՝ մասնակցել են ևս 4 զբոսաշրջային ընկերություններ: Համաժողովի արդյունքում սպասվում է Եգիպտոսի զբոսաշրջային ընկերությունների փոխայցը Հայաստան, որի շնորհիվ եգիպտական զբոսաշրջային ընկերությունները կծանոթանան մեր երկրի զբոսաշրջային հնարավորություններին:

«Մեր նպատակն էր ոչ միայն ծանոթանալ Եգիպտոսի զբոսաշրջային հնարավորություններին, տեղի ընկերությունների հետ ամրապնդել ու զարգացնել գործնական կապերը, այլ նաև դեպի Հայաստան այցելություններ ապահովել»,-նշեց Ապրեսյանը՝ հավելելով, որ համաժողովը կազմակերպվել էր Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության և Եգիպտոսում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով:

Ապրեսյանը տեղեկացրեց, որ դյուրինացվել է երկու երկրների միջև վիզայի ռեժիմը, որն առավել մատչելի կլինի զբոսաշրջային ընկերությունների հետ գործակցելու դեպքում: «Սա մեծ հնարավորություն է, որ այդ մեծ շուկայում ունենանք պահանջարկ: Ես հիշեցնեմ, որ Եգիպտոսը 100 միլիոնից ավելի բնակչություն ունի: Ուղղությունների մասով ասեմ, որ և պատմամշակութային, և ճանաչողական տուրիզմի առումով մենք շատ հետաքրքիր բացահայտումներ կարող ենք անել եգիպտացիների համար, ինչպես նաև կրոնական ու ուխտագնացության տուրեր կարող են լինել, չմոռանանք, որ պաշտոնական տվյալներով Եգիպտոսում ապրում են 10 միլիոնից ավելի ղպտիներ՝ քրիստոնեա-հավատացյալ ժողովուրդ, որոնց հետաքրքիր է քրիստոնեա Հայաստանը: Կուզենայի նշել, որ կրոնական տուրիզմը ոչ միայն քրիստոնյաներին է հետաքրքիր: Անշուշտ, մենք ունենք տուրիզմի այլ հետաքրքրություններ, և գաստրո, և գյուղական, և արկածային, և ձմեռային. Զբոսաշրջության առումով Հայաստանը շատ բան ունի առաջարկելու Եգիպտոսին»,-նշեց Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով, համաժողովի արդյունքում Հայաստանի զբոսաշրջային ընկերությունները հնարավորություն կունենան հայ զբոսաշրջիկներին ծովային հանգստի փաթեթներից բացի, առաջարկել Եգիպտոսի պատմամշակութային, ճանաչողական, ակտիվ հանգստի փաթեթներ:

Հարցին, թե ինչպիսին է վիճակագրական պատկերը երկու երկրների զբոսաշրջության փոխայցերի առումով՝ Ապրեսյանը տեղեկացրեց, որ անցած տարվա կտրվածքով 100 հազար հայ զբոսաշրջիկ է այցելել Եգիպտոս: «Սա, ըստ էության, մեր բնակչության շուրջ 3 տոկոսն է: Մենք համաժողովի ժամանակ էլ ասացինք, որ եգիպտական կողմից ակնկալում ենք համարժեք այցելություններ, իսկ դա բավականին մեծ թիվ է , կստացվի ավելի քան 3 տոկոս»,-ժպիտով ասաց Ապրեսյանն ու խոստովանեց, որ Եգիպտոսից Հայաստան այցելությունները դեռ նշանակալից չեն, դրանք շատ փոքր թվեր են կազմում։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031