Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ երիտասարդներն իրենց բերանները կապեցին կարմիր ժապավեններով. 120 հազար հայ 100 օր է շրջափակված է, իսկ ՀՀ իշխանությունները՝ լուռ

Մարտ 22,2023 15:12

«Հայրենի հողը չի սակարկվում», «Բացեք կյանքի ճանապարհը», «Stop Nikol»,-այս կարգախոսներով պաստառներով՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀՅԴ ՀԵՄ) անդամներն այսօր բողոքի ցույց անցկացրին ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ի աջակցություն Արցախի հայրենակիցների:

Երիտասարդներն իրենց բերանները կապել էին կարմիր ժապավեններով՝ ներկայացնելով իրենց բողոքի ձայնը, որ 100 օր 120 հազար մեր հայրենակիցներ շրջափակման մեջ են, բայց ՀՀ իշխանությունները լուռ են:

Members of the ARF Youth Union of Armenia hold a protest action regarding the 100-day blockade of Artsakh in front of the RA Government’s building

ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսյանը հայտարարեց. «Մենք այստեղ ենք փաստելու, որ Արցախն ու արցախցին միայնակ չեն, չենք համակերպվել, չենք համակերպվելու և չենք լռելու: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Հենց այս շենքում նստած անձինք են, վարչապետի աթոռը մաշեցնողն է Բերձորի միջանցքի փակման միակ մեղավորն ու պատասխանատուն: ՔՊ-ն է չարիքը, վտանգը, ՔՊ-ն է պատերազմը: Եթե շարունակեն մնալ իշխանության, կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանը»:

Գոռ Սարգսյանը հայտնեց, որ եկել են, ուզում են ցույց տալ, որ այս մարդիկ հարյուր օր է՝ լուռ են, որ ձեռքերը լվացել են Արցախից. «Ինչքան էլ ուզում է ներկայացնեն, որ Արցախի անվտանգությունը պատկանում է այլ երկրի, այս մարդիկ պատասխանատու են որպես իշխանություն 120 հազար մեր հայրենակիցների համար, մեր հայրենիքի համար»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե պատերազմը պարտվեցինք, քանի որ գործում էր հինգերորդ շարասյուն, Գոռ Սարգսյանն ասաց. «Սա ՔՊ-ականներն ուղղակի սարքել են քաղաքական թեմա և ամեն առիթի դեպքում խոսում են: Եթե կա հինգերորդ շարասյուն, ուրեմն այն նստած է այս շենքում: Նիկոլ Փաշինյանի անցած կյանքը մինչև 2018 և դրանից հետո, իր վարած քաղաքականությունը չի բխում հայ ժողովրդի շահերից: Ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի, հայկական հարցի լուծման բանաձև է առաջարկում մի քանի ամիս առաջ, երբ այսօր այդ նույն բանաձևը ՀՀ-ին ուզում է Ալիևը պարտադրել: Խնդրում եմ՝ թող դատախազությունը ուշադրություն դարձնի այս հանգամանքին: Դուք խոսում եք խաղաղության մի բանաձևից, բայց Ադրբեջանն այդ նույն բանաձևն ասում է՝ պետք է պարտադրեմ: Սա խաղաղություն չէ, սա գնալ ու չոքել, թշնամու օրակարգը ՀՀ մտցնել է: Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց ՀՀ վարչապետ, ուղղակի ՀՀ չի լինելու»:

ՀՅԴ ՀԵՄ անդամ Արշակ Մեսրոպյանն էլ վստահեցրեց՝ շարունակելու են իրենց գործողությունները և հնարավորինս ավելի կոշտ քայլերի են դիմելու:

Լրագրողների հարցին՝ իսկ իրենք ի՞նչ են անում, որ այս իշխանությունները չլինեն, մի՞թե դա կարելի է անել այսպիսի մի քանի րոպեանոց ցույցերով, Արշակ Մեսրոպյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ այսօրվա մեր աշխատանքների ծիրից ներս ունենք երկու- երեք տարբեր ուղղություններ: Նախ պետք է մեր ազգային իմաստով մեր պայքարի առանցքի շուրջ համախմբել հայ երիտասարդներին: Մեր այսօրվա հիմնական ուղերձն էր, որ 100 օրվա ընթացքում իշխանությունների կողմից որևէ գործնական բան չենք տեսել: Կարմիր ժապավենները վկայում են, որ հանցավոր լռության մեջ ենք մնացել: ՀՅԴ երիտասարդական ուսանողական միությունները լծված են ամբողջական պայքարի մեջ: Այս պայքարին մենք որևէ կասեցում չենք տալու: Մենք մեկ անգամ ևս փաստում ենք, որ չենք հանդուրժում այս իրավիճակը: Կնկատեք, որ մեր գործողությունների մեթոդաբանությունը, մարտավարությունը՝ ըստ ժամանակաշրջանների փոխվում է: Հիմա ավելի կարծր քայլերի ձեռնարկման ժամանակն է»:

Նշենք, որ երեկվանից աշխարհի տարբեր երկրներում ՀՅԴ երիտասարդները ցույցեր են կազմակերպում: Արշակ Մեսրոպյանն ասաց, որ այդ գործողություններին արձագանքում են նաև այդ երկրների կառավարությունները: Նրա կարծիքով՝ Արցախի օրակարգի շուրջ պետք է ունենանք կոնսենսուս, և ՀՅԴ երիտասարդական միության համաշխարհային ընտանիքն այդ կոնսենսուսի ձևավորման շրջանակում ունի հստակ տեսլական:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031