Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալի սխալներն ու «Նիկոլի եսապաշտությունը», ՀՀ-ՌԴ «նկուղային» հարաբերությունները, հակառուսական եւ հակաարեւմտյան տրամադրությունները, իրավիճակը շտկելու բանաձեւը

Մարտ 22,2023 21:44

Aravot.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը

-Լավրով-Միրզոյան վերջին ասուլիսի ժամանակ հասկանալի դարձավ, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ ՌԴ պաշտոնական դիրքորոշումը փոխվել է: «Ղարաբաղի ժողովրդին անհրաժեշտ կլինի իրավունքների նույն փաթեթը, ինչ ցանկացած նմանատիպ իրավիճակում՝ Դոնբաս, Կոսովո և Կոսովոյի սերբական շրջաններ, Լեռնային Ղարաբաղ (Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 1991 թվականի դեկտեմբերի 21-ի ԱլմաԱթայի հռչակագրի դրույթներին հավատարիմ լինելու համատեքստում)»,- ասել էր ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ ՌԴ-ն աջակցում է Նիկոլ Փաշինյանի այն տեսակետին, որ արցախահայության անվտանգության երաշխիքը, իրավունքների ապահովումը Բաքու-Ստեփանակերտը բանակցություններով պետք է լուծվեն: Մինչդեռ, տակավին վերջերս, Արցախի հարցի լուծման, այսպես կոչված, ռուսական տարբերակում, առաջարկվում էր Արցախի կարգավիճակի հարցը թողնել ապագային: Ի՞նչ սպասել այս նոր իրավիճակից, ի՞նչ հետեւություններ անել ՌԴ ԱԳ նախարարի ասածից. ՌԴ-ն նույնպե՞ս որոշել է Արցախը հանձնել Ադրբեջանին:

-Ես վաղուց արդեն չեմ մեկնաբանում Հայաստանի իշխանության մոտեցումը, որովհետեւ հավատում եմ, որ ինքը չի ներկայացնում Հայաստանի պետական եւ ազգային շահերը եւ այսօրվա անդունդային իրավիճակը մեծապես կապված է իր կործանարար քաղաքականության հետ, իր արարքների, իր միջազգային եւ ներազգային հայտարարությունների շարանի հետ, որն արդեն շատ երկար է իշխել հայկական իրականության վրա: Դրանից կարելի է բխեցնել թե Արցախի 100-օրյա շրջափակումը, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հարափոփոխ տեսակետները եւ այդ լույսի ներքո, նաեւ չեմ ուզում մեկնաբանել ՌԴ պաշտոնյայի տեսակետը, որովհետեւ ինքը լինելով այդպիսի պաշտոնյա, որոշ արտահայտություններ ունեցել է անցյալում, որի իրավունքը չունի. եղել է սխալ, անհիմն եւ կեղծիք:

Կոնկրետ այս արտահայտության մեջ, ես, նախ, որեւէ սխալ բան չեմ տեսնում, եթե նկատի ունի, որ Արցախի հանրապետության իշխանության հետ պաշտոնական Բաքուն պետք է լուծի Արցախի հանրապետության կարգավիճակի ճանաչման, իրավունքների եւ փոխհարաբերությունների խնդիրը: Առավել եվս, եթե իրենք դիտարկում են միջազգային մեխանիզմի վերականգնման հարցը, որովհետեւ, եթե ՌԴ-ն ցանկանում է շարունակել իր դերակատարման իրացումը, դա նույնպես ողջունելի է: Մտահոգիչ է, սակայն, որ ՌԴ-ի ղեկավարությամբ, որպես Մինսկի խմբի համանախագահ, տարբեր մակարդակներով, ինքը դուրս է եկել իր գործառույթներից եւ իր տարբեր պաշտոնական արտահայտություններով կանխորոշել է ԼՂՀ վերջնական կարգավիճակը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործն է: Այդ գործընթացի հիմնական նպատակն էր՝ ունենալ խորհրդաժողով, որտեղ Հայաստանը, Ադրբեջանը, ԼՂՀ ընտրյալ ներկայացուցիչները եւ Մինսկի խումբը՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների կիրառմամբ, պիտի որոշեին, թե ո՞րն է լինելու վերջնական կարգավիճակն՝ իր համալիր խնդիրներով հանդերձ: Արցախի կարգավիճակը կանխորոշել են տարբեր երկրներ՝ իրենց պաշտոնական հայտարարություններով:

31 տարի առաջ, հենց մարտ ամսին, Հելսինկիում ձեռք բերվեց այդ կոնսենսուսը՝ ԱԳ նախարարների մակարդակում, ղարաբաղյան հիմնախնդրի միջազգային միջնորդությունն ընդունվեց. այն, ինչը որ պետք է սկսվեր, որպես Հռոմի գործընթաց, դարձավ Մինսկի խմբի միջնորդություն, որտեղ կարգավիճակի հարցը թողնվում էր ապագային եւ խաղաղ գործընթացի շրջանակներում բանակցություններ էին ընթանում: Գերմանիայի ԱԳ նախարարի միջնորդությամբ կիրառվեց կոնսենսուս, որն ապահովեց Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մարդասիրական միջանցքի ապահովումը: Իսկ այսօր, Բերձորի միջանցքի շրջափակման 101-րդ օրը մենք ունենք երեք փաստաթղթեր, որոնք խախտվում են Ադրբեջանի՝ ռազմական հանցագործ հանդիսացող նախագահի կողմից. դա ԵԱՀԽ-ի՝ ԱԳ նախարարների մակարդակով ընդունված հիմնարար փաստաթուղթն է՝ ընդունված 1992 թվականի մարտին, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունն է, այնքանով, որքանով կիրառելի է, որովհետեւ այն բազմաթիվ դրվագներով խախտվել է երեք կողմերի կողմից եւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումը:

-Հայաստանում հակառուսական տրամադրություններ, ԵՄ առաքելություն, ՀՀ-Արեւմուտք հարաբերություններ. այս թեմաները շոշափվեցին Լավրով-Միրզոյան ասուլիսում եւ ՀՀ ԱԳ նախարարի պատասխանները կցկտուր, խուսափողական էին, իսկ տեղ-տեղ նա լուռ էր: Ասուլիսից կարելի՞ է տպավորություն կազմել հայ-ռուսական հարաբերությունների մասին. ի ՞նչ վիճակում են դրանք եւ ստեղծված իրադրության պայմաններում ի՞նչ անդրադարձ կունենան Հայաստանի հանրապետության վրա:

-Այդ հարաբերությունների վիճակն, իմ կարծիքով, ոչ բարոք է, նկուղային են, արտացոլանքով երեւում է՝ ինչպես միշտ, ուղղահայաց է, ոչ հորիզոնական եւ գործընկերային: Հիմնական պատասխանատվությունն, ինչպես միշտ, այնպես էլ այս դեպքում, պատկանում է գործող իշխանությանը, որն իր անպատասխանատու, անպատկառ, անկապ քաղաքականությամբ բերել է այստեղ: ՌԴ-ն էլ ունի իր պատասխանատվությունը. թուրքական եւ ադրբեջանական ուղղությամբ իր քաղաքականությամբ, իր դիվանագիտությամբ թույլ է տվել Հայաստանին վարել շատ մակերեսային եւ գերանպատասխանատու քաղաքականություն: Բայց հիմնականը՝ Հայաստանի շատ կցկտուր, մակերեսային եւ պատեհապաշտ քաղաքականությամբ է, որ այս վիճակի մեջ ենք:

Ես չեմ ցանկանում մեկնաբանել առանձին պաշտոնյաների վարքը, որովհետեւ գլխավոր պաշտոնյայից սկսած՝ իր վարքից, իր արտահայտություններից միջազգային ասպարեզում, երկկողմանի հանդիպումներում, վերջացրած իր ներկայացուցիչներով, կարելի է ասել, որ Հայաստանի պետական ու ազգային շահը երբեւէ չի արտահայտվել, չի արտացոլվել: Երբ խոցվել են հայկական դիրքորոշումները՝ Հայաստանի ազգային շահից ելնելով համապատասխան պատասխաններ չեն տրվել, անգամ այն պարագայում, երբ դիմացինը եղել է թշնամի պետության ներկայացուցիչը, ռազմական հանցագործի շուրթերից արված արտահայտությունները՝ ազդեցիկ լսարանների առջեւ: Այդպես է եղել ավանդական դաշնակցի ներկայացուցչի հյուրընկալ պետության ամբիոնից, երբ ինքը շատ վիճահարույց եւ սխալ դիրքորոշում է արտահայտել մեր ընդհանուր պատմության վերաբերյալ, երբ մեզ վերագրում է ոչ թե մեր հայրենիքի ազատագրումն ու ինքնորոշումը, պատմական արդարության վերականգնումը, այլ այնպիսի բառակապակցություն է արտահայտվում, որն օգտագործում են Ադրբեջանն ու Թուրքիան: Սա մի դրվագ չէ, մի ամբողջ իշխանական շրջափուլի քաղաքականության՝ մի փոքր պատկեր է, որը տեղի ունեցավ այդ ասուլիսի ժամանակ եւ, որը կարելի է տարածել ՄԱԿ-ի եւ տարբեր միջազգային կազմակերպությունների ելույթների վրա: Ցավոք, դա արտացոլանքն է մի մեծ, ձախող եւ պետականակործան քաղաքականության:

Իսկ ինչ վերաբերվում է հակառուսականությանը կամ հակաարեւմտյան ինչ-որ քաղաքականությանը, ես կարծում եմ, որ իշխանամերձ եւ իշխանաքննադատ քաղաքական շրջանակներում կան ուժեր, որոնք շատ մակերեսային մոտեցումներով, շատ հակազդեցիկ, զգացական արտահայտություններ են անում՝ թե հակառուսական, թե արեւմտյան ուղղությամբ՝ կամ սիրելով, կամ մերժելով, բայց ոչ մեկը, ոչ է մյուսը, չի արտացոլում իրական ժողովրդական մոտեցումը, ոչ էլ Հայաստանի ազգային շահը: Հայաստանակենտրոն քաղաքականությունը չունի հակառուսականություն եւ չունի հակարաեւմտյան մոտեցում, այլ ամեն ինչը սկսվում եւ ավարտվում է Հայաստանի պետական ու ազգային շահով:

Հարցով եւ պատասխանով թիրախ է վերցվում հակառուսականությունը, մեկ այլ միջոցառման ժամանակ հակառակ հարցադրումն ու պատասխանն է հնչում. սրանք անցողիկ, հռետորաբանական խնդիրներ են, որոնք հիմնականում ստեղծվել են գործող իշխանության անպատասխանատու քաղաքականության պատճառով:

-Իսկ ընդհանուր առմամբ, ունի՞ ՌԴ-ն մեղավորություն նրանում, որ Հայաստանում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը եւ շարունակում է մնալ իշխանության:

-Կարծում եմ, պետք չէ կենտրոնանալ արդի հայոց պատմության ընթացքում իշխանափոխության պատճառների վրա, պետք է կենտրոնանաք այսօրվա պետական արհավիրքի, աննախադեպ համազգային տագնապի վրա, որը պետք է հաղթահարվի, որը նույնքան ներքին է, որքան արտաքին: Մենք ներքուստ պետք է փոխվենք՝ եւ անհատապես, եւ համազգային առումով, եւ պետական-իշխանական անձնակազմով, եթե պետք է շարունակվի մեր պետական պատմագրությունը:

Ինչ վերաբերվում է ձեր հարցին, կարծում եմ, որ եթե մեր նախորդ շրջանների պատմությունը, իշխանական վարքը, փառքը, ընտրությունները լինեին այլ որակի, այլ եղանակով, ժողովրդական ցասումը, ժողովրդական վերելքի հրամայականը չէր լինի այն մակարդակի, որը ժայթքում տեղի ունենար 2018 թվականին: Անհայտ է, թե միջազգային դերակատարներն այդտեղ ո՞ր բեւեռից էին, ո՞ր ուղղությունից էին. անձնապես 4-5 տարբեր դավային տեսություն լսել եմ, բայց չեմ կարող ասել՝ թե ՌԴ-ն է, թե Արեւմուտքն է, թե առավել Արեւելքն է, որ ուղեկցեց այդ ամեն ինչը: Բայց եթե չլիներ ժողովրդական ցասումը, նախորդ շրջանի արատները, նաեւ գործող անձանց պատեհապաշտությունը, որ դուրս եկան եւ օգտագործեցին ժողովրդական վերելքը, ազգային ցասումը սեփական նպատակներն իրացնելու համար, մենք չէինք ունենա այս օրը: Կար սխալ պահվածք եւ երեսպաշտություն շատերի կողմից եւ այդ միջազգային ուղեկցումը կարող էր տեղի ունենալ՝ մեկի կողմից շատ պրոակտիվ, մյուսի կողմից՝ ուղակի հանդուրժման միջոցով. մեկը նախաձեռնեց, ուղեկցեց եւ զորակցեց, մյուսը՝ հանդուրժեց, եւ, կարող ենք ասել, այդպես եղավ միջազգային որոշակի զորակցություն:

-Դուք ունե՞ք բանաձեւ՝ ինչպե՞ս հեռացնել այս իշխանությանը եւ շտկել իրավիճակը:

-Ես չեմ կենտրոնանում որեւէ իշխանության հեռացման վրա, որովհետեւ, արդեն մեր պետության գոյությունը, մեր ազգի ինքնությունը եւ հայ մարդու ժառանգությունն է նժարի վրա դրված: Մեր առջեւ կա դրված գոյութենական խնդիր. սա, ես կարծում եմ, որ մի հարց է, որը ստանդարտ իշխանափոխության խնդիր չէ: Այն շատ տարրական, արժանապատիվ փոխանցումը, որը պետք է տեղի ունենար առնվազն 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ մտածող, հեռատես, պետական մտայնություն ունեցող մարդը պիտի իր երկրին, իր ժողովրդին շնչելու տեղ տար՝ ինքնահեռացման եւ ազգային համաձայնության դաշտ բացելու միջոցով, թեկուզ իր գործընկերների ներգրավմամբ, ազգային վստահության մարմին ստեղծելով, չեղավ: Նա արդեն փաստեց, որ ինքն ուզում է ավելի ամրապնդել իր անձնական, իր նեղ մտայնության եւ իր նեղ քաղաքական թիմի հավակնությունն՝ ի հաշիվ հայրենիքի, ի հաշիվ ազգային շահի: Ազգային պարտությունից, հազարավոր երիտասարդ կյանքեր զոհելուց հետո՝ ինքը սկսեց հանձնել հայրենի տարածք, արդեն որեւէ փաստաթղթով չամփոփված տարածք, ՀՀ պետական տարածք՝ Գորիս-Կապան մայրուղին եւ այլն:

Բանաձեւը՝ սա մեկ հոգու բանաձեւ չէ, բայց ես բանաձեւման իմ մի կաթիլ մասնակցությունն ունեմ: Կարծում եմ, որ ժողովուրդն իր տարբեր մասնիկներով, անհատներով, մասնագիտական խմբերով, հասարակական-քաղաքական շրջանակներով պիտի թոթափի իր հատվածապաշտությունը, պիտի ապաշխարհի իր անցյալի սխալների համար, պիտի անհապաղ եւ ամբողջական ինքնամաքրման միջոցով՝ գտնի համախմբման եղանակը, ինչպես 35 տարի առաջ, երբ ի հեճուկս մեր պառակտված, ենթակա, ստրկացած անցյալի՝ մենք բարձրացանք եւ կարողացանք ազատագրել հայրենիքն ու պետություն ստեղծել: Այն ժամանակ անհատներ կային, կոմիտեներ կային, հոգեւորականներ, մտավորականներ, գիտնականներ, բժիշկներ. ամեն մեկն իր համար բանաձեւեց եւ այդ բանաձեւերը միասնականացան հրապարակում, սահմանի վրա, ճակատի վրա եւ ստեղծվեց այդ միասնական բռունցքը:

Ես համարում եմ, որ ոչ մեկը իրեն չպիտի համարի փրկիչ, չհամարի, որ նոր Նիկոլ պետք է ի հայտ գա, որը կարող է հին Նիկոլին հաղթի, այլ փրկարարների, փրկչական մտայնության շրջանը պետք է համարենք անցյալ-կատարյալ: Պետք է նոր վիճակ, նոր մտայնություն եւ նոր հրապարակ ստեղծվի, որ կարողանանք ոչ միայն միջանցք բացել, Արցախի փրկության հույս տալ, որ չհայաթափվի եւ Նախիջեւան չդառնա, այն Հայաստանի հանրապետությունն ապահովենք շրջափակումից՝ Իրանի սահմանի պահպանմամբ, Սեւանա լճի ապահովմամբ, պահելով ՀՀ տարածքային ամբողջականությունը, վերականգնելով այն, ինչը-որ մեզ է պատկանում: Այլեւս ֆանտաստիկայի ժանրից չէ, ոչ էլ օրիգինալ միտք է, որ վաղը-մյուս օրը, օտարի զորքը կարող է հասնել մինչեւ մայրաքաղաք Երեւան: Սա ալարմիզմ չէ, սա այն իրականությունն է, որը մեզ բերել է մեր անցյալի սխալները, դրանց ուղղման անհնարինությունը կամ մեր չկամությունը, բայց ավելի կարեւոր, այդ բոլոր սխալներից ավելի առատ, որն ամփոփում է գործող ղեկավարի այն մտայնության մեջ, որը ոչնչապաշտությունն է, եսապաշտությունն է՝ ես ավելի կարեւոր եմ, քան սեփական հայրենիքը:

 

Զրույցը Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրույցի այլ մանրամասները՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031