Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցը նվիրյալների տեղ է

Մարտ 25,2023 10:00

Մանկավարժական բուհերը Խորհրդային Հայաստանում, ինչպես նաեւ՝ ԽՍՀՄ մնացած հանրապետություններում, սովորաբար երկրորդական դեր էին խաղում: Ենթադրենք, երիտասարդը չէր կարողանում ընդունվել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, եւ որպես պահեստային տարբերակ, ընդունվում էր Մանկավարժական ինստիտուտի նույն ֆակուլտետը: Դրանից ամենեւին չէր բխում, որ նա ցանկանում է դպրոցի ուսուցիչ դառնալ: Հակառակը՝ որպես կանոն, երիտասարդները խուսափում էին այդ ճանապարհով գնալ, որովհետեւ դա նրանց համար վատ վարձատրվող եւ հետն էլ՝ նյարդեր քայքայող աշխատանք էր:

Այդ վերաբերմունքը հիմնականում նույնն է մնացել, եւ ես հասկանում եմ, որ դա զուտ մանկավարժական բուհերի խնդիրը չէ: Որպեսզի վերաբերմունքը փոխվի՝ պետք են լայնամասշտաբ բարեփոխումներ կրթության ողջ համակարգում, եւ, ինչո՞ւ չէ՝ նաեւ հոգեւոր ոլորտին վերաբերող ամբողջ ռազմավարության մեջ:

Դրա մասին համակարգչային մեկ էջում հնարավոր չէ գրել: Բայց զուտ մանկավարժական կրթության առումով՝ կցանկանայի պարզապես երազել այն ժամանակների մասին, երբ այդ ուղղվածությունն ունեցող բուհերը կլինեն մնացածներից ավելի լավը, երբ այնտեղ սովորելը պատիվ կհամարվի երիտասարդների համար, իսկ շրջանավարտները կլինեն հասարակության ամենահարգված անդամները: Ես այդ բուհերում կցանկանայի տեսնել կրոնական միաբանության, միջնադարյան ճեմարանների տարրեր, որտեղ բացի բուն առարկաներից, դասավանդվում է նաեւ այն հոգեւոր Գիտելիքը (հենց Գիտելիքը, ոչ թե՝ ինֆորմացիան), որը հետո տարվում է դպրոց: Այդ դեպքում դպրոց կգնան միայն նվիրյալ, ծառայության պատրաստ մարդիկ:

Գուցե դրանք իմ երազանքներն են, բայց այլ կերպ չեմ պատկերացնում պետության զարգացումը: Մարդը, որը մտնում է դասարան՝ նյարդերը քիչ քայքայելու ցանկությամբ, որը սահմանափակվում է դասագրքային ճշմարտությունները կրկնելով, նույնքան վնաս է բերում պետությանը, որքան վատ բժիշկը, վատ շինարարը, վատ արհեստավորը: Գուցե՝ վնասն ավելի մեծ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիամաքսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ժամանակը ամենաարդար, ոչ մեկի կողմից չկառավարվող արժեքն է, որը պետք է փոխարինի փողին’ լինի դա հիմիկվա փողերը թե վաղվա թվային փողերը: Եւ հիմիկվա եւ թվային փողերը’ դրանք դրսից կառավարվող փողերն են եւ ինչպես ժամանակին փողատերերից մեկն ասել է’ թույլ տվեք ինձ պետության փողերը կառավարել եւ ինձ համար կարեւոր չի, թե ովքեր են գրելու այդ պետության օրենքները: Թվային փողերի կառավարումը կատարվելու է պետությունների կենտրոնական բանկերի միջոցով եւ մասնավոր բանկերի կարիք այլեւս չի լինի: Սովետը լավ թե վատ, բայց իր սեփական պետական բանկն ուներ եւ սեփական փողը եւ սեփական հատուկ ծառայությունները, որոնք ծառայում էին պետությանը, իսկ այսօրվա անկախ պետությունների փողն ու հատուկ ծառայությունները ծառայում են կենտրոնական բանկերին, որոնք չեն ենթարկվում ուղղակի պետությանը: Միայն անկախ կայսրությունները հնարավորություն ունեին արտադրել եւ կառավարել սեփական փողը, իսկ այսօր նույնիսկ ամենահզոր պետությունը իր ազգային փողն արտադրելու հնարավորություն չունի, էլ ինչ ասենք մյուսների մասին: Այսօրվա պատերազմների, խժդժությունների, ճգնաժամերի նպատակը’ դա ազգերի ուշադրությունը շեղելն է, որ մտցնեն թվային փող, որն այլասերվածների կառավարման տակ կլինի: Վերպետական կառույցի դեմ միայն վերպետական կառույցը կարող է արդյունավետ մրցակցել, դրա համար այլասերվածների լավ կազմակերպված վերպետական կառույցն ամեն ինչ անում է, որ թույլ չտա ձեւավորվեն ազգային պետություններից իրենց մրցակից լավ կազմակերպված վերպետական կառույց եւ դա նրանց դեռեւս հաջողվում է, մալադեց իրանց, իսկ մե՛նք ե՞րբ ենք հաջողելու: Թշնամուն հաղթելու համար անհրաժեշտ պայմանն է’ չգերագնահատել եւ չթերագնահատել թշնամուն, բայց դա միայն բազմաթիվ մրցամարտերում կարող ենք պարզել: Կարճ ասած’ մեր դրամները պետք է լինեն, ասենք, մեկ միլլիարդ դրամի փոխարեն մեկ դար ժամանակահատված, մեկ տարի, մեկ ամիս , մեկ օր, մեկ ժամ.. ժամանակահատված: Ժամանակահատվածը պետք է լինի դրամի միակ միավորը: Աշխարհասփյուռ հայ ազգ, արժանի մրցակից դառնանք մեր թշնամու համար:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031