Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենակ լեզո՞ւն․․․խուլիգանություն է, ի՞նչ ասեմ»․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականների պահվածքի մասին

Ապրիլ 04,2023 19:55 Share

Ինչպես հայտնել էինք, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել  է  «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականներն աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։

Լրագրողների հետ ճեպազրույցում Էդգար Ղազարյանն արձագանքեց հարցին, թե ինչո՞ւ իրեն առաջադրած ընդդիմադիր խմբակցություններից որեւէ պատգամավոր չի եկել նիստին։ Էդգար Ղազարյանն ասաց, որ հանձնաժողովի անդամ չհանդիսացող պատգամավորներին օրենքը չի պարտադրում ներկա լինել նիստերին․ «Հանձնաժողովի անդամ հանդիսացող պատգամավորներից մեկը վատառողջ է եղել, մյուսը գործուղման մեջ է, մյուսն էլ տիկին Թագուհի Թովմասյանն է, որը ներկայացրեց իմ թեկնածությունը։ Հակառակ սրա՝ տեսաք, որ ՔՊ-ից ավելի մեծ թվով պատգամավորներ կային, քան հանձնաժողովի անդամներն են։ Այսինքն, հատուկ որոշում ունեին գալու։ Մինչդեռ ես ինքս էի դիմել իրենց՝ հանդիպում կազմակերպելու համար։ Այդ դեպքում այն չէր լուսաբանվի, իսկ այստեղ ես ժամանակի սահմանափակում ունեի։ Իրենք ցանկացած վարքագիծ իրենց այսօր թույլ տվեցին։ Եթե պատրաստակամ էին ինձ հետ հանդիպել, ինչո՞ւ այդքանով եկան նիստի»։

Ապա Ղազարյանը պարզաբանեց, թե ինչու նիստի ընթացքում ՔՊ-ից Արթուր Հովհաննիսյանին «պլանքյաշ» անվանեց․ «Որովհետեւ թմրանյութ պահելու համար 2017թ․-ին բերման է ենթարկվել։ Ես փաստ եմ ասել, որը ոստիկանությունն է արձանագրել»։

Լրագրողը հիշեցրեց, որ այսօր Արթուր Հովհաննիսյանը նաեւ սպառնաց Ղազարյանի լեզուն կտրել։ «Մենակ լեզո՞ւն․ քո տունը շինվի․․․խուլիգանություն է, ի՞նչ ասեմ»,-ծիծաղելով արձագանքեց Էդգար Ղազարյանը։

Նկատառմանն ի պատասխան, թե կարո՞ղ է ինքն իրապես անաչառ լինել ՄԻՊ պաշտոնում, որովհետեւ քաղաքական գործիչ է, Էդգար Ղազարյանը նշեց․ «Երբ կընտրվեմ, կառաջնորդվեմ բացառապես սահմանադրությամբ»։

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ՄԻՊ թեկնածուն գլխավոր դատախազի գործող տեղակալ Անահիտ Մանասյանն է, իսկ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների թեկնածուն՝ Էդգար Ղազարյանը։ Հանձնաժողովի դրական եզրակացությունն է ստացել միայն Անահիտ Մանասյանը, եւ նրա թեկնածությունն առաջիկայում կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930