Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար․ Մենք չենք հասկանում նպատակը, թե ինչ նպատակով է անընդհատ հղում արվում չստորագրված փաստաթղթի վրա․ «Իրավունք»

Ապրիլ 26,2023 12:12

Կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունի պաշտոնական Արցախը միջազգային հանրությունից՝ հաշվի առնելով, որ միջազգային հանրությունը հայտարարություններից այն կողմ որեւէ գործուն քայլ չի ձեռնարկել մինչ օրս: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի հետ, ով արձանագրեց հետեւյալը.

– Մենք մեկ անգամ եւս հայտարարությամբ ահազանգում ենք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները եւ դրանից առաջ հնչեցված հայտարարությունները` էթնիկ զտումներ իրականացնելու եւ Արցախն առանց հայերի թողնելու նպատակ են հետապնդում: Մենք ահազանգում ենք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը պատրասվում է ուժի սպառնալիքի ներքո հասնել իր նպատակներին: Ցավոք, միջազգային հանրությունից գործուն քայլեր չենք տեսնում, խոսվում է խաղաղության պայմանագրի մասին, Արեւմուտքի կողմից տարածաշրջանում խաղաղության եւ կայունության մասին, բայց մենք եւս մեկ անգամ բարձրաձայնում ենք, որ խաղաղության այն ճանապարհը, որն իրենք են առաջարկում՝ անհնար է, չի լինելու նման խաղաղություն, դա ակնհայտ է, դա փաստ է:

– Պարոն Հարությունյան, ԱԺ ԱՀ խմբակցությունները Հայաստանի Հանրապետության իշխանություններին վերստին հորդորեցին չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման ուղեգծից: Եվ սա այն դեպքում, երբ պաշտոնական Երեւանը` վարչապետի շուրթերով բազմիցս այլեւս հայտարարել է, որ շեղվել եւ շեղվելու են բոլոր հայտնի որոշումներից` գնալով իրենց մատնանշած ուղղությամբ: Եվս մեկ անգամ դիմելու իմաստը ո՞րն է:

– Մենք ԱԺ ԱՀ հինգ խմբակցություններով պաշտոնական դիրքորոշում ենք ներկայացրել, որ մեզ համար առնվազն անհասկանալի է, թե ինչու է պարբերաբար հղում կատարվում չստորագրված կամ աշխատանքային փաստաթուղթ համարվող «Մադրիդյան սկզբունքների» վրա: Մենք չենք հասկանում նպատակը, թե ինչ նպատակով է անընդհատ հղում արվում չստորագրված փաստաթղթի վրա: Կամ եթե դա այդպիսի լավ փաստաթուղթ է եղել Բաքվի համար, ապա ինչո՞ւ նույն Ադրբեջանը այն չի ստորագրել: Այսինքն, խոսում են աշխատանքային մի փաստաթղթի մասին եւ, այդ փաստաթղթի վրա հիմնվելով, փաստում են ինքնորոշման իրավունքի չեզոքացման մասին, ինչը պարզապես անընդունելի է: Եվ եթե անընդհատ խոսում ենք Մադրիդյան սկզբունքներով ինքնորոշման իրավունքի չեզոքացման մասին, ապա թող պատասխանեն՝ այդ դեպքում 30 տարի ի՞նչ էինք բանակցում:

Մենք ինքնորոշվել ենք 1991թ.-ին եւ որեւէ փաստաթղթով, անգամ այդ նույն թմբկահարվող Մադրիդյան սկզբունքներով, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, չի ընդունվել նման որոշում, նման գաղափար: Խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, իսկ մենք անընդհատ հակադրում ենք դրան, որ Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից առանձնացած Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ որեւէ կապ չունի, դրանք առանձին ստեղծված պետություններ են` ԽՍՀՄ օրենսդրության համաձայն: Եվ այս պարագայում խոսել, որ Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուղղակի անպատասխանատվություն է, չկա նման ստորագրված փաստաթուղթ: Կամ անընդհատ խոսում են 1991թ.-ի Ալմա-Աթայի հռչակագրի մասին, բայց չի խոսվում, որ Հայաստանը դա ընդունել է հենց Լեռանային Ղարաբաղի վերաբերյալ վերապահումներով: Դա անընդունելի է, ուղղակի անընդունելի է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930