Լրահոս
Օրվա լրահոսը

«Կողմերը քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում». Բլինքեն

Մայիս 05,2023 10:20 Share

Ինչպիսի արդյունքներ գրանցեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները

«Ամերիկայի ձայն». Հայաստանն ու Ադրբեջանը եզրափակեցին Վաշինգտոնին հարակից Արլինգտոն քաղաքի՝ ԱՄՆ պետքարտուղարության ուսումնական կենտրոնում դեռևս մայիսի 1-ից մեկնարկած բանակցությունները: Դրանց ավարտին կողմերը տարածել են միասնական հաղորդագրություն, ուր պայմանավորվել են շարունակել քննարկումները: Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, սակայն մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ այս բանակցությունները ցույց են տալիս, որ կողմերի մոտ առկա է գիտակցում, որ կայուն խաղաղությանը հասնելու միակ ճանապարհը երկխոսությունն է: Իր ամփոփիչ ելույթում պետքարտուղարն ընդգծեց ԱՄՆ-ի պատրաստակամությունն աջակցել հետագա բանակցային գործընթացին: Բացի այդ, բանակցությունների վերջին օրը պետքարտուղար Բլինքենը եռակողմ հանդիպում ունեցավ ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարներ Միրզոյանի ու Բայրամովի հետ:

«Երկու կողմերը վերջին մի քանի օրվա ընթացքում քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում»,- ասել է պետքարտուղարը:

Բանակցությունների տեմպը և այն հիմքը, որը ստեղծել են մեր գործընկերները, ցույց են տալիս, որ մենք իսկապես գտնվում ենք համաձայնությանը հասնելու ճանապարհին, նշել է Բլինքենը:

«Վերջնական համաձայնությունը հասանելի է, և մենք վճռական ենք շարունակել օգնել մեր բարեկամներին՝ հասնելու դրան»,- ասել է նա:

Ավելի ուշ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ կողմերը կշարունակեն վայելել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը տևական և կայուն խաղաղություն ապահովելու իրենց ջանքերում:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով՝ եթե կողմերը շարունակեն բանակցությունները, ապա դա հնարավոր է դիտարկել որպես այս բանակցությունների դրական արդյունք:

«Որոշ լրատվամիջոցներ փորձում են համեմատել այս գործընթացը Քեմփ Դեյվիդի հետ, սակայն Քեմփ Դեյվիդը տարբերվում է, քանի որ այնտեղ Իսրայելի վարչապետը և Եգիպտոսի նախագահը բանակցում էին՝ փորձելով հասնել վերջնական փոխըմբռնմանը: Սա այդ դեպքը չէ: Նման համեմատություն հնարավոր է միայն գործընթացի ավարտին, երբ առկա է ամենաբարձր քաղաքական մակարդակում հավանություն ստացած խաղաղության պայմանագիր: Այստեղ դեռևս անհրաժեշտ են ինտենսիվ բանակցություններ և երկու երկրներում ամենաբարձր մակարդակի ներգրավվածություն՝ ստորագրման ենթակա խաղաղության համաձայնագիր ստանալու համար»,- ասել է Կազլյարիչն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում:

Իր հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ևս անիրատեսական է համարում այս փուլում կողմերի միջև վերջնական համաձայնությունը: Առկա են բազմաթիվ չկարգավորված խնդիրներ, ներառյալ կոմունիկացիայի, փախստականների, սահմանների, բնական ռեսուրսների կառավարման և այլ հարցեր: Դեսպան Ուորլիքը կարևորում է հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ շեշտելով՝ առանց կարգավիճակի խնդրի կարգավորման, որը կգոհացնի կողմերին, անհնար է հասնել տևական խաղաղության:

«Ես չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի համար անկախության մասին: Չեմ կարծում, որ այդ հարցը դրված է բանակցային սեղանին, հատկապես Ադրբեջանի տեսանկյունից, բայց կարող է լինել ինքնորոշման որոշակի աստիճան, որն ընդունելի լինի Բաքվի համար»,- ասել է Ուորլիքը:

Նրա պնդմամբ՝ մինչ օրս շատ բարդ հարց է եղել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որը նշանակում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այսօր Հայաստանը շարժվում է այդ ուղղությամբ, իսկ ինչպիսի ձևակերպում դա կստանա փաստաթղթում, դեռևս անհայտ է, նշում է նախկին դեսպանը: Ըստ նրա՝ Բաքուն էլ պետք է ցույց տա, որ Լեռնային Ղարաբաղում լինելու է ինքնորոշման որոշակի մակարդակ, որպեսզի դա ընդունելի լինի Հայաստանի համար: Ուորլիքը նաև կարևոր հիմնախնդիր է համարում Լաչինի միջանցքի հարցը, որը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ:

«Ոչ ոք չի սպասում, որ Լեռնային Ղարաբաղը և այնտեղի դե ֆակտո իշխանությունները պարզապես հրաժարվեն այն ամենից, ինչի համար պայքարել են վերջին տասնամյակների ընթացքում։ Կարծում եմ, որ պետք է որոշակի ճանաչում, որ Լեռնային Ղարաբաղում կա համայնք, և որ նրանք պետք է ունենան կարգավիճակ, որին համաձայն են Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները»,- ասել է նա:

Բանակցային գործընթացի մեկ այլ կարևոր հարցերից է, ըստ Ուորլիքի, ռուս խաղաղապահների հարցը, որը փոխկապակցված է Ռուսաստանի ներգրավվածության հետ:

«Ռուսական միջնորդությամբ հրադադարը չի կարելի անտեսել, քանի որ դա այն հիմքն է, որտեղ մենք գտնվում ենք այսօր։ Արդյո՞ք դա միակ հիմքն է, և արդյո՞ք դա ինչ-որ կերպ Մոսկվային տալիս է առաջնորդություն կամ արտոնություն ապագա բանակցություններում: Իհարկե ոչ»,- պնդում է նա:

Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով էլ Մոսկվան նպատակաուղղված ձգտում է ի չիք դարձնել որևէ այլ ուժի հովանու ներքո, բացի սեփականից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների անցկացումը:

«Մոսկվան ցանկանում է արժեզրկել Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին չորս օրերի բանակցությունները։ Հաշվի առնելով Ռուսաստանի վարքագիծը Ուկրաինայում, շարունակվող պատերազմը և քաղաքացիական զոհերի թիվը, ովքեր զոհվում են ռուս զինվորականների ձեռքից՝ ինձ համար, իսկապես, շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես Մոսկվան կարող է ստանձնել միջնորդի դեր որևէ հարցում»,- ասում է Կազլյարիչը:

Իսկ այդ ընթացքում այսօր հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա: Բացի այդ, մայիսի կեսերին Ռուսաստանը պատրաստվում է անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպում:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների մեկնարկին ամերիկյան կողմը հիասթափություն էր հայտնել բանակցությունների վերաբերյալ Մոսկվայի բացասական արձագանքի կապակցությամբ:

Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց գրանցեցին բարդ խնդիրների լուծման հարցում. ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը Հայաստան որի Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտից հետո: Հայտարարության մեջ ասված է. «Այս շաբաթ ես հյուրընկալեցի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ Ջորջ Պ. Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց գրանցեցին բարդ խնդիրների լուծման գործում։ Երկուսն էլ անկեղծ հանձնառություն դրսևորեցին հարաբերությունների կարգավորման և իրենց երկու երկրների միջև երկարատև հակամարտությունը դադարեցնելու հարցում:

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները չլուծված հարցերի վերաբերյալ։ Ես առաջարկել եմ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու այն հեռանկարը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը հասանելի է: Նրանք կշարունակեն ունենալ Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը տեւական և կայուն խաղաղություն ապահովելու իրենց ջանքերում»:

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը հանդես եկավ ամփոփիչ ելույթով բանակցությունների ավարտից հետո: Իր ելույթում պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել կողմերին՝ Վաշինգտոն ժամանելու ու բանակցություններ անցկացնելու համար, որոնք ընթացան մայրաքաղաք Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում տեղակայված ԱՄՆ պետքարտուղարության ուսումնական կենտրոնում: Նրա կարծիքով այս բանակցությունները ի ցույց են դնում, որ երկու կողմերն էլ գիտակցում են, որ կայուն խաղաղությանը հասնելու միակ ճանապարհը երկխոսությունն է:

Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակելու առաջարկել իր աջակցությունը, ներգրավվածությունը, բարի կամքը՝ դեպի կայուն խաղաղություն այս և ապագայում ցանկացած այլ քննարկումներ հյուրընկալելու համար: Դա է նպատակը։

Երկու կողմերը վերջին մի քանի օրվա ընթացքում քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։ Հուսով եմ, որ նրանք տեսնում են, և ես հավատացած եմ, որ համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում: Եվ այդ համաձայնության ձեռքբերումը, կարծում եմ, կունենա ոչ միայն պատմական նշանակություն, այլև խորապես բխում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերից ու շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ երկու այս երկրների սահմաններից դուրս:

Կարծում եմ, որ բանակցությունների տեմպը և այն հիմքը, որը ստեղծել են մեր գործընկերները, ցույց են տալիս, որ մենք իսկապես գտնվում ենք համաձայնության հասնելու ճամփին։ Ցանկացած մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է. մենք դա գիտենք. Բայց Միացյալ Նահանգներն այստեղ է, որպեսզի շարունակի օգնել մեր երկու ընկերներին անցնել վերջնագիծը: Եվ ինչպես ասում եմ, ես կարծում եմ, որ դա չափազանց շատ հասանելի է:

Ի վերջո, պետք է ասեմ, որ այն ղեկավարությունը, որը մենք տեսնում ենք թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից, և իմ բարեկամներ երկու արտգործնախարարներից, ոգեշնչող է։ Սրանցից ոչ մեկը հեշտ չէ, բայց հանձնառությունը, առաջ շարժվելու, մնացած դժվարին հարցերով զբաղվելու վճռականությունն իրական է: Եվ այս մի քանի օրերից մենք զգում ենք, որ, ինչպես ասացի, շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել։ Վերջնական համաձայնությունը հասանելի է, և մենք վճռական ենք շարունակել օգնել մեր բարեկամներին հասնել դրան:

Այսպիսով, շնորհակալություն երկու պատվիրակություններին, ինչպես նաև վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին ձեզ այստեղ ուղարկելու համար։ Շնորհակալ եմ բոլորին, և մենք անհամբեր սպասում ենք շարունակությանը»,- ասել է պետքարտուղար Բլինքենը՝ եռակողմ բանակցությունների ամփոփիչ իր ելույթում:

Բաքուն ու Երևանը պայմանավորվել են շարունակել քննարկումները. կողմերի ամփոփիչ հայտարարությունը

Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների ավարտին հանդես են եկել նույն տեքստը պարունակող հայտարարությամբ: Կողմերը համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ:

Նախարարները հյուրընկալվել են Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգտոնում նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։

Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները»,- նշված է եկու երկրների արտգործնախարարությունների հայտարարությունների մեջ:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031