«Ես կարծում եմ, որ վերջերս ինչ-որ բան փոխվել է մեր խորհրդարանում, իմ մասնակցությամբ առնվազն 2 շատ կարեւոր քննարկումներ ենք ունեցել մեր խորհրդարանում: Տառացիորեն երեկ տեղի ունեցավ, քննարկվեց ՀՀ կառավարության ամենամյա զեկույցը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ Հայաստանի ընդդիմության վերաբերյալ իրեն ուղղված հարցին ի պատասխան:
«Եղել են ինչ-որ միջադեպեր, բայց, ընդհանուր առմամբ շատ կարեւոր քննարկումներ ենք ունեցել: Դուք գիտեք այս խորհրդարանի ընտրության հանգամանքները, իրավիճակը շատ բեւեռացած էր, բացասական էր պատերազմից հետո: Հռետորաբանությունը կոշտ էր ոչ միայն ընդդիմության, այլեւ մեր կողմից: Միգուցե հույզերը հիմա մի փոքր նվազել են, եւ դաշտ է բացվել ավելի կառուցողական քննարկումների համար:
Ես կարծում եմ, որ դա կառավարության եւ նաեւ մեծամասնության պատասխանատվությունն է՝ անել հնարավոր ամեն ինչ՝ ձեւավորելու համար պատշաճ հարթակ՝ հատկապես խորհրդարանում կառուցողական, երբեմն շատ սուր թեժ քննարկումների համար, բայց կառուցողական բովանդակությամբ»,-ասաց Փաշինյանը:
«Վերջերս շատ կարեւոր հայտարարություններ արեցի խորհրդարանում, եւ տեսա, որ ընդդիմությունը լսեց իմ ուղերձները: Սա հաջողություն է մեր խորհրդարանի համար, քանի որ անցյալ տարի անգամ չէին լսում, ինչ-որ բաներ էին շպրտում, կռվում էին բռունցքներով, դա էլ մարտահրավեր մեր ժողովրդավարության համար: Մենք սկսել ենք լսել միմյանց, եւ ես հույս ունեմ, որ դա նոր մշակույթի սկիզբ է: Կառավարության հաշվետվությունը ներկայացնելիս հատուկ 3 օր մնացի խորհրդարանում, որպեսզի լսեի ընդդիմության բոլոր ներկայացուցիչների ելույթները, բոլոր հարցերը, որոնք բարձրացնում են կառավարության անդամների հետ քննարկումներում: Ես տեսա, որ կա դաշտ՝ խորը քննարկումների համար, քննարկելու ներկան, ապագան, անգամ Հայաստանի անցյալը»,-հավելեց նա:


















































