Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, խնդրեցին հերքել կամ հաստատել այն լուրը, որ Ռուսաստանը խոչընդոտել է Հնդկաստանից ձեռք բերված զենքը Հայաստան տեղափոխելուն:
«Չէի ցանկանա հրապարակավ քննարկել այն զգայուն հարցերը, որոնք կապված են Հայաստանի անվտանգության հետ»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է: Ապա հավելեց. «Դա ընդհանուր մաքսային տարածք է, ինչը ենթադրում է նաեւ ընդհանուր տնտեսական տարածք, այսինքն` մեր տնտեսությունը մեծապես կապված է ԵԱՏՄ-ից»:
Նաեւ շեշտեց. «Պետք է անկեղծ լինենք՝ ներկա իրավիճակում մեր տնտեսության համար կան եւ հնարավորություններ, եւ մարտահրավերներ: Մենք մի կողմից պետք է կարողանանք պահպանել ԵԱՏՄ, մյուս կողմից՝ պատժամիջոցների կանոնները, քանի որ մեր հարաբերությունները ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ խիստ կարեւոր են: 2019թ մենք ռազմավարական երկխոսություն սկսեցինք ԱՄՆ-ի հետ, համընդգրկուն եւ խորացված գործընկերության համաձայնագիր ունենք ԵՄ-ի հետ, ահա թե ինչու ենք այսպիսի զգայուն եւ բարդ իրավիճակում»:


















































