Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը 16 տարի անց դատական կարգով վիճարկում է Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը. «Փաստինֆո»

Մայիս 12,2023 23:03

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Պարգև Օհանյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության և ՀՀ նախագահի։ Պարգև Օհանյանը պահանջում է անվավեր կամ առոչինչ ճանաչել՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի (ներկայումս՝ ԲԴԽ) 12.10.2007թ-ի որոշումը, իսկ իր լիազորությունները դադարեցնելու մասին ՀՀ Նախագահի 15.10.2007թ-ի ՆՀ-242-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:

Հայցը երեկ մուտքագրվել է Վարչական դատարան և մակագրվել դատավոր Մհեր Պետրոսյանին։ Տարիներ անց որոշումը վիճարկելու հիմքում, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց Պարգև Օհանյանը, եղել է Սամվել Մնացականյանի գործով ՄԻԵԴ վճիռը, որով արձանագրվել է, որ Արդարադատության խորհրդի, ներկայիս՝ ԲԴԽ որոշումները չեն կարող բողոքարկման ենթակա չլինել։

«Ի սկզբանե, նախագահի հրամանագիրն անօրինական է, մասնավորապես, չէր բխում ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածից, բայց քանի որ այդ հրամանագիրը հետևանք էր կամ բխում էր ԱԽ, այժմ՝ ԲԴԽ որոշումից, անիմաստ էր բողոքարկելը։ Այսինքն՝ որպես պաշտպանության արդյունավետ միջոց մենք չենք դիտարկել նախագահի հրամանագրի՝ դատական կարգով վիճարկումը, քանի որ, ինչպես նշվեց՝ դա հետևանք էր ԱԽ որոշման, որը բողոքարկման ենթակա չէր։ Հիմա՝ լուսահոգի դատավոր Սամվել Մնացականյանի գանգատի հիման վրա ՄԻԵԴ որոշումը դարձել է նախադեպ, որով ԵԴ-ն դիրքորոշում է հայտնել, որ Արդարադատության խորհրդի կամ ներկայիս՝ ԲԴԽ որոշումները չեն կարող բողոքարկման ենթակա չլինել։ Այսինքն՝ այժմ կա նախադեպ, որ բողոքարկման ենթակա է, ուստի, որոշել ենք բողոքարկել»,- նշեց Օհանյանը՝ հավելելով, որ այդտեղ ժամկետների խնդիր չկա, քանի որ ՄԻԵԴ վճիռը նոր է կայացվել։

Երկրորդ հիմքը, որը դրվել է հայցադիմումում, այն է, որ Հանրապետության երկրորդ նախագահն այդ պահին գործող Սահմանադրության 55-րդ հոդվածով դատավորի վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք չուներ։ Բացի այդ, Օհանյանը նշեց, որ Արդարադատության խորհրդի որոշումն ամբողջությամբ անհիմն էր, եթե ոչ ապօրինի։

«ԱԽ-ն հիմնվել էր նախ ստուգելու իրավունք չունեցող Դատական դեպարտամենտ կոչվող մարմնի տեղեկանքի հիման վրա, իբր արձանագրված կամ բացարձակ անհիմն խախտումների, կամ չնչին նշանակության, ոչ էական, ոչ կարևոր, ոչ կոպիտ խախտումների վրա, իսկ օրենքն այն ժամանակ պահանջում էր, որ, եթե խախտումն անգամ կա էլ, ապա այն պետք է լինի կոպիտ և ակնհայտ, մինչդեռ, ո՛չ ակնհայտ էր, ոչ էլ՝ կոպիտ, ծիծաղելի բան էր»,- նշեց Պարգև Օհանյանը։

Նշենք, որ Պարգև Օհանյանը տարիներ առաջ դիմում է ներկայացրել ՄԻԵԴ, սակայն առ այս պահը իր գանգատի ընթացքի վերաբերյալ տեղեկություն առկա չէ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031