Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս է հնարավոր ունենալ գործուն մեխանիզմ, որ հայերը կարողանան մնալ Արցախում»․ «Առերեսում»

Մայիս 20,2023 22:00

Դեռևս 1992 թ․ հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն Խորհուրդը ընդունել է որոշում, որի 2-րդ կետը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր սահմաններով՝ այսինքն, Արցախը ներառյալ, ճանաչելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հակոտնյա չեն օրենսդրական այս պահանջին։ «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող, իրանագետ Աննա Գեւորգյանը նշեց, թե միջազգային իրավունքի մասնագետ չէ եւ չգիտի, թե որքանով է հակաիրավական նման հայտարարություն անելը՝ հղում անելով ԳԽ այդ որոշմանը․ «Ռազմական ճանապարհով հարցերը լուծելը նույնպես հակաիրավական քայլ էր՝ Ադրբեջանի կողմից արված, բայց որոշակի իրավական հետեւանքներ այդպես էլ չտեսանք»։

Սակայն նաեւ նշեց․ «Մենք հաճախ պատերազմում պարտությունը եւ դրանից բխող հետեւանքները կարծես դնում ենք մի կողմ եւ ուզում ենք ռետրոսպեկտիվ ունենալ այն իրադրությունը, որ կար 90-ականներին»։

Իրավական այլ փաստարկներ էլ կան՝ ՀՀ վարչապետն այլ երկրի տարածքային ամբողջականություն ճանաչելու միանձնյա իրավասություն չունի։ ՀՀ Սահմանադրության 123 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է», ուստի նա է, որ իրավունք ունի ՀՀ անունից այդպիսի հայտարարություններ անել, հենվելով արդեն իսկ կնքված և վավերացված միջազգային պայմանագրերի վրա։ Ու մինչև Սահմանադրական դատարանը չհաստատի միջազգային պայմանագրի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, և Ազգային ժողովը չվավերացնի այն, ընդհանրապես որևէ պաշտոնյա իրավունք չունի ՀՀ անունից անել այդպիսի հայտարարություններ։

Արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ ճանաչելու վերաբերյալ հայտարարությամբ, Փաշինյանը հարցականի տակ չի դնում Հայաստանի Անկախության հռչակագիրն ու ՀՀ Սահմանադրությունը, որում հստակ ամրագրված է մեր պետության հանձնառությունը Արցախի հարցում։ Այս մասին հարցադրմանն ի պատասխան՝ հաղորդման մյուս հյուրը՝ քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը մասնավորապես ասաց․ «Կան օբյեկտիվ իրողություններ ու ցանկացած պետության քաղաքականություն ձեւավորվում է այդ օբյեկտիվ իրողությունների ազդեցության տակ, այլ ոչ թե իրավական փաստաթղթերի։ Մենք կարող ենք փաստաթուղթ ընդունել, թե Արեւմտյան Հայաստանը եւս Հայաստանի անբաժան մասն է, բայց փաստն այն է, որ Արեւմտյան Հայաստանն այսօր ՀՀ տարածքում չէ եւ մենք որեւէ շանս չունենք այն հետ բերելու»։

Միքայել Զոլյանը նաեւ նշեց, որ Հայաստանի որեւէ ղեկավարի օրոք չի ճանաչվել Արցախի անկախությունը․ «Եթե չես ճանաչում՝ նշանակում է, այն ճանաչում ես մեկ այլ պետության տարածք»։

Աննա Գեւորգյանը հակադարձեց․ «Անկախ չճանաչելը չի նշանակում ճանաչել Ադրբեջանի մաս։ Ամեն դեպքում՝ կար բանակցային գործընթաց եւ նման միակողմանի որոշում կայացնելը նշանակում էր դուրս գալ այդ բանակցային գործընթացից եւ ունենալ նույն իրավիճակը, ինչ եղավ 2020 թվականին»։

Միքայել Զոլյանն ասաց․ «Մեր այս բանավեճը, թե ով է հանձնում կամ ով չի հանձնում՝ մեզ տանում է սխալ տեղ։ Մենք պետք է կենտրոնանանք, թե ինչպես անենք, որ Արցախում հայեր մնան։ Հայաստանի վարչապետը կարող է հայտարարել, թե մենք չենք ընդունում անկախությունից բացի այլ կարգավիճակ։ Դա կհանգեցնի՞ նրան, որ հայերը կմնան Արցախում։ Այ, դա է հարցը»։

Աննա Գեւորգյանի առարկությունը մասնավորապես հետեւյալն էր․ «Բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարգավորում էին ենթադրում եւ կարող էին Հայաստանի համար ընդունելի լինել ու, ցավոք, վիժեցվեցին՝ ենթադրում էին կարգավիճակի հարցի հետաձգում։ Եվ երբեւէ խոսք չի եղել այն մասին, թե դա նշանակում է ճանաչել Ադրբեջանի մաս։ Այսինքն՝ դա ծայրահեղացված մոտեցում է»։ Սակայն նաեւ համաձայնեց․ «Պետք է ելնել ներկա իրողություններից ու հասկանալ, թե ներկա պայմաններում իրոք ինչպե՞ս է հնարավոր ունենալ գործուն մեխանիզմ, որպեսզի հայերը կարողանան մնալ Արցախում եւ ունենալ անվտանգություն»։

Իսկ հարցին՝ ինչպե՞ս են ստիպելու կամ համոզելու Ադրբեջանին չխախտել Արցախի բնակչության իրավունքները, եթե հենց այս պահին Ադրբեջանը խախտում է և որևէ պատժի չի արժանանում՝ Միքայել Զոլյանը պատասխանեց․ «Որեւէ երաշխիք չկա, ցավոք սրտի»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031