Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ի՞նչ է արել զոհված զինծառայողի մայրը, որին պետք էր 1 ամսով զրկել Հայրենիքին կյանքը նվիրած իր որդու շիրիմին այցելելու հնարավորությունից․ Արման Թաթոյան

Մայիս 21,2023 00:27

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Այդ ի՞նչ է արել զոհված զինծառայողի մայրը, որին պետք էր 1 ամսով զրկել Հայրենիքին կյանքը նվիրած իր որդու շիրիմին այցելելու հնարավորությունից` նրան կալանքի տակ պահելով:

Կալանքին այլընտրանքային, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների այսքան մեծ ընտրություն կա օրենքում: Ավելին, Քրեական դատավարության նոր օրենսգիրքը հենց առավել է նրանով, որ նախատեսում է մի քանի խափանման միջոց համակցված, միաժամանակ կիրառելու հնարավորություն: Փաստաբաններն էլ այդ տարբերակներն էին առաջարկել դատարանին՝ սկսած վարչական հսկողությունից ու գրավից, մինչև անգամ տնային կալանք: Այս ամենին էլ գումարվում է առողջական վիճակի, այն կալանքով չվատթարացնելու հարցը:

Կալանքը ծայրահեղ միջոց է, այլ ոչ թե առաջնային տարբերակ: Դրա համար է նաև, որ ամրագրված է կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը վերացնելու դատախազի իրավասությունը, և վարույթի ընթացքը կախված չէ կալանքից:

Իրավական պետության դատարանի կամ թեկուզ իրավապահ մարմնի որոշումը չի կարող անտեսել բարոյական, այն էլ այս աստիճան նվիրական արժեքները:
Չէ՞ որ խոսքը Հայրենիքի պաշտպանության նվիրական գործի համար որդուն կորցրած կնոջ մասին է, ով որդու կորստից հետո պետությունից այդպես էլ չի կարողանում ստանալ իր հարցերի պատասխանները, բողոքի ձայն բարձրացնելու համար արժանապատվությունը բացահայտ նսեմացնող ձևով Եռաբլուրից բերման է ենթարկվում ու որևէ պաշտոնյա դրա համար պատասխանատվություն չի կրում, իսկ հետո էլ հայտնվում է դատական քաշքշուկների մեջ հենց այդ պետության գիտակցված նախաձեռնությամբ:

Սրան գումարած ձերբակալումն ու կալանքն առկա իրավիճակում ավելի են նպաստում ատելության խոսքի աճին ու լարվածությանը հասարակությունում, մարդկանց պառակտմանը:

Էլ չհաշված ահագնացած վիրավորանքները Հայրենիքի համար հերոսաբար ընկած զինվորների ծնողների հասցեին, զոհված զինծառայողների հիշատակի անարգանքը իրական ու կեղծ էջերից, պետության ամրության հիմնարար երաշխիքների` բարոյական արժեքների ոտնահարումն առհասարակ:
Արդարադատությունը հրեշավոր է դառնում և դադարում է մարդուն ծառայելուց, երբ իրավական կանոնները կիրառություն չեն ստանում, իսկ բարոյական արժեքներն անտեսվում ու արհեստական կերպով կտրվում են իրավունքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031