Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Էս մարդը տալու է ամեն ինչ և բերելու է պատերազմ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Մայիս 26,2023 13:54

«Էս մարդը տալու է ամեն ինչ և բերելու է պատերազմ, իսկ մենք ի՞նչ ենք անում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անուններ չհնչեցնելով, բայց նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց․ «Սա անհատի խնդիր չէ։ Արդեն ինքն առոչինչ է։ Դրա համար անունի խնդիր չէ։ Բայց այս վիճակը, դրա կրողը, հեղինակը դարձել է ազգային չարիք, որովհետև ինքը առոչինչ է դարձնում Հայաստանը, եկեղեցին, մեր հեռանկարը, առաջին և վերջին զանգը՝ իր իսկ խոստովանությամբ՝ պաշտոնական արտահայտված, իր որոշումներով։ Եթե որևէ բան չփոխենք, միասին մենք գնում ենք մեր երկիրը հանձնելու ցեղասպանության ընթացիկ կազմակերպվող ծրագրին։ Կոլցո 2-ն ընթացող է, կատարյալ շրջափակում է, ինքնիշխան հայրենիքի տարածքների սողացող օկուպացիա է։ Ինքն արդեն բացեիբաց խոստովանում է իր հանցակցությունը, որ ինքը գիտակցաբար հանձնում է պետական ինքնիշխան տարածքներ։ Գիտակցաբար պատճառում է հարյուր հազարավոր մահեր զինվորների, քաղաքացիների։ Որ ինքը գիտակցաբար դրժում է պետական իր երդումը և բազմաթիվ դրվագներով սահմանադրական կարգը խախտում։ Այստեղ մեղսակից է փնտրում իր ընտանեկան անդամների, կուսակցական ընկերների, այլ պետական մարմինների մեջ, որոնք լիազորված են և պարտական են՝ ըստ նույն Սահմանադրության ապահովել մեր պետության սահմանադրական կարգը և թույլ չտալ, որ մեր օրենքը և Սահմանադրությունը յուրացվեն որևէ մարդու, կուսակցության կամ որևէ հոսանքի կողմից։ Այն արդեն լինում է ինչ-որ մարդու կողմից, որը ժամանակին ընտրվել է, բայց այլևս կորցրել է իր բովանդակային լեգիտիմությունը։ Իր վարքով, բարքով ու իր խոստովանությամբ արդեն չի կրում բովանդակային լեգիտիմություն։ Չունի շնորհը, տղամարդությունը, հայկականությունը, արժանապատվությունը կամովի հեռանալ, պետական մարմինները քայլ չեն կատարում»։

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը չի օգտագործում այդ «պոպուլյար դարձած զգացական եզրը՝ դավաճանություն, քանի որ դա շատ քիչ է»։ Հավելեց․ «Գնում է պետական, ազգային, քաղաքացիական դավաճանություն, մանուկների նկատմամբ դավաճանություն։ Հինգ տարի առաջ հայրաբար նայում էր զինվորներին քայլերթի ժամանակ, իրենք էլ նայում էին նրան և սպասում մեծ փոփոխություն ՀՀ-ում։ Ես էլ էի այնտեղ։ Հիմա տղաների նկատմամբ ի՞նչ է, եթե ոչ դավաճանություն։ Գնում էր Արցախ, դպրոցներից գալիս էին Արցախում երեխաները, իր գիրկն էր առնում։ Այդ երեխայի նկատմամբ հիմա ի՞նչ է այս պահը, եթե ոչ ամենափափուկ եզրը օգտագործելով՝ դավաճանություն»։

Րաֆֆի Հովհաննիսյանը, հիշեցրեց, որ 105 տարի առաջ այսօր Սարդարապատում և քույր քաղաքներում մեր ժողովուրդը վճռեց իր ճակատագիրը։ Իսկ հիմա ունենք աննախադեպ վայրէջք, եթե չլինի փոփոխություն, մեր պետականությունը կորցնելու ենք մեր իսկ ձեռքով. «Պատերազմ է գալու խաղաղության պայմանագիր կոչե՞ս։ Իշխանություն ես կոչում քեզ, կամ ընդդիմություն են խորհրդարանում։ Պատերազմի համար ի՞նչ ենք անում պաշտպանվելու, իրավապահ մարմինները ի՞նչ սթափություն են բերում ժողովրդին պատրաստելու մեզ այդ արհավիրքին, որ բերելու են մեր հարևան ոսոխները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031