«Ծեծկռտուք չէր, լավ, երկու հոգի խփել էին իրար»,- ԱԺ-ում կատարվածի մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հարցին՝ այդ ծեծկռտուքի հետ կապված հարցաքննվե՞լ եք, արդյոք կա՞ն նաև ՔՊ-ական պատգամավորներ, որոնք ևս հարցաքննվել են, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Գրություն չեմ ստացել։ Քանի որ ծեծկռտուքը սկսել է Նարեկ Կարապետյանը, չեմ կարծում՝ ՔՊ որևէ պատգամավոր որևէ կերպ պատասխանատու է ծեծկռտուքի համար»։
Փաստմանը՝ Դուբլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Իլհամ Ալիևի հետ և հարցին՝ ունի՞ տեղեկատվություն՝ այդ հանդիպման ժամանակ խոսվե՞լ է սահմանադրության հետ կապված հարցերի մասին, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Չեմ մասնակցել դուբլինյան հանդիպմանը, վաղը վարչապետը ու կառավարության անդամները լինելու են ԱԺ-ում, առիթ կլինի, որ ներկայացվի բովանդակությունը։ Գիտեմ, որ դրական է անցել հանդիպումը»։
Կարդացեք նաև
Արմեն Գրիգորյանի հոդվածի առիթով էլ, որտեղ նա ԵՄ անդամակցության ուղին անհեռանկար է համարում, Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Արտահայտել է իր կարծիքը, իր ձևակերպումների մի մասի հետ համաձայն եմ, մյուս մասի հետ համաձայն չեմ, եզրահանգման հետ համաձայն չեմ, բայց նորմալ է, տարբեր մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ»։
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































