Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ բաժակ գինու շնորհիվ ծանոթանալ հայկական գինու հետ. Մեկնարկում են «Երևանի գինու օրերը»

Մայիս 26,2023 16:22

«Երևանի գինու օրեր» փառատոնի օրերին բազմաթիվ անակնկալներից մեկն էլ ամերիկացի շեֆ խոհարար Ամանդա Ֆրեյտագի գաստրո շոուն է։ Այն կտևի մոտ 40 րոպե, որի ընթացքում Ամանդան ցույց կտա իր խոհարարական արվեստը, որից հետո հյուրերը կկարողանան փորձել նրա պատրաստած ուտեստը: Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց «EventToura» ընկերության համահիմնադիր և կրեատիվ տնօրեն Նունե Մանուկյանը՝ հավելելով, որ Ամանդա Ֆրեյտագին ուղեկցող ամերիկացի լրագրողների ռեպորտաժները կցուցադրվեն ամերիկյան հեռուստաընկերություններով:

Նունե Մանուկյան

Նա տեղեկացրեց, որ «Երևանի գինու օրերը» այս տարի կայանան հունիսի 2,3,4-ին, որի ընթացքում սպասվում են բազմաթիվ անակնկալներ և նորություններ: Փառատոնին մասնակցելու են Հայաստանի ավելի քան 70 գինեգործական ընկերություններ, 30 ռեստորան։

Նունե Մանուկյանը, մասնավորապես խոսեց գաստրո-շոուների շրջանակում սպասվող փոփոխություններից: «Այս տարի այցելուները կկարողանան գաստրո-շոուները վայելել նշանավոր խոհարարների մասնակցությամբ: Հատուկ բեմում կտեղադրվի պրոֆեսիոնալ խոհանոց, իսկ վրաններում կադրերի հետևի մասում կլինեն խոհանոցներ: Բեմում տարբեր խոհարարներ կանցկացնեն գաստրո-շոուներ: Մեր գործընկեր, հայտնի խոհարար Արբի Ղարախանին կներկայացնի հետաքրքիր ուտեստ ֆյուժենի ոճով: Ուտեստը պատրաստվելու է տեղում, 80 հանդիսատես կկարողանա փորձել այն: Ամեն օր բեմում տեղի կունենա 4-5 միջոցառում, հեղինակավոր փորձագետների, սոմելիեների մասնակցությամբ կանցկացվեն վարպետության դասեր: Օրինակ, Ռիգայից արվեստաբան Արթուր Չեխը կխոսի գինին արվեստում թեմայի մասին։ Նշեմ, որ գաստրո-շոուների արժեքը խորհրդանշական 1000 դրամ է Մնացածը պարզապես կկարողանան հետևել այն ամենին, ինչ կատարվում է բեմում, ինչպես մեծ էկրանին»,-ասաց նա:

Նունե Մանուկյանի խոսքով, փառատոնի օրերին կկայանա աուդիո-թատրոնի ներկայացումը, որը ռոմանտիկ պատմություն է այն մասին, որ սոմելիեն հանդիպում է մի երիտասարդի, որը գինուց ոչինչ չի հասկանում: Եվ աղջիկը սկսում է նրան պատմել հայկական գինու, նրա պատմության մասին, սովորեցնում է գինին ճիշտ խմելու ձևը։

«Այս տարվա YereWineDays արշավի միջոցառումները մեկնարկելու են մայիսի 29-ին, փորձելու ենք հայկական գինու ճանաչելիությունը բարձրացնել ոչ միայն փառատոնի շրջանակներում, այլև դրանից դուրս։ Օրինակ՝ «Ռեստորանային շաբաթին» մասնակցում են մայրաքաղաքի ավելի քան 50 ռեստորան, որոնք մշակել են երեք ճաշատեսակից պատրաստված հատուկ ճաշացանկ, որը կմատուցվի մեկ բաժակ հայկական սպիտակ և կարմիր գինով։ Միաժամանակ մատուցվում է մեկ բաժակ գինի անվճար, իսկ ճաշացանկն ինքնին տրամադրվում է 15% զեղչով։ Սրա նպատակներից անվճար մեկ բաժակ գինու շնորհիվ կծանոթանան հայկական գինու հետ»,-նշեց Նունե Մանուկյանը։

Այս տարի նորությունների շարքում, Նունե Մանուկյանը նշեց, խաղարկությունը, որն ընթանալու է փառատոնի բոլոր 3 օրերի ընթացքում: 12 000 դրամանոց փաթեթի շրջանակներում այցելուները կստանան ոչ միայն ֆիրմային բաժակ և 12 գինի խմելու տոմս, այլ նաև հնարավորություն մասնակցելու խաղարկությանը, որ գլխավոր մրցանակը շրջագայություն դեպի եվրոպական որևէ երկիր:

Արբի Ղարախանի

«Հայաստանի խոհարարների ասոցիացիայի» հիմնադիր և WorldSkills Armenia խոհարարության փորձագետ Արբի Ղարախանին տեղեկացրեց, որ սա իրենց ասոցիացիայի առաջին լայնամասշտաբ միջոցառումն է, որը հնարավորություն կտա բացահայտելու հայ երիտասարդ խոհարարներին: «Գաստրո-շոուներում կներկայացնենք մեր ավանդական խոհանոցը, ունենալու ենք 5 գաստրո-շոու, որոնք ընթանալու են հայերեն, ռուսերեն, անգլերեն: Շոուի ընթացքում ցուցադրելու ենք, թե ինչպես կարելի է գինին համադրել կոնկրետ ուտեստի հետ, նույն վայրում կա նաև հետնաբեմ, որտեղ այցելուները կարող են համտեսել այդ կերակուրները: Մենք նաև, որոշեցինք Հայաստանում անցկացնել  պրոֆեսիոնալ երիտասարդ խոհարարների մրցույթ, նմանատիպ մրցույթ երբևէ չի եղել, սա առաջինն է, մրցույթի ժյուրիները բոլորը դրսից են՝ Հորդանանից, Շվեդիայից, Բուլղարիայից և այլն»,-տեղեկացրեց Արբի Ղարախանին: Նա այնուամենայնիվ բացահայտեց, որ հաղթողին սպասվում է Լիոնում միջազգային մրցույթի մասնակցություն:

«Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամի» տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքով, Հայաստանի գինեգործությունը վերջին 10 տարում զարգացում է ապրում և հիմնադրամը ջանք չի խնայում հայկական գինեգործությունը միջազգային հարթակներում ներկայացնելու համար, իսկ այս փառատոնը գինեգործության մշակույթի տարածման ակտիվ հնարավորություն է:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031