Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրակազմը ընթերցողին կներկայանա նոր նախաձեռնությամբ՝ hhtert.am կայքի միջոցով. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 31,2023 10:34

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը Հայաստանի Հանրապետության տարեկիցն է ու տարեգիրը: Այս տարի կլրանա Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33 տարին: Այս տարի «Հայաստանի Հանրապետությունը» կարող էր բոլորել հիմնադրման 33 ամյակը: Ավաղ… «Հայաստնի Հանրապետություն» պաշտոնաթերթի լուծարման, անէացման որոշման մասին ամենավերջինն իմացանք մենք՝ «ՀՀ»-ի խմբագիրն ու խմբագրակազմը…

Անարդա՞ր է. Այո՛: Անշո՛ւշտ: Ես հիմա չեմ ցանկանում վերջին խմբագրականով սեւացնել թերթի էջերը, քանզի մեր թերթի էջերից միշտ լույս է ճառագել մեր Հայրենիքի, մեր Պետության, մեր Պետականության, մեր Ազգի, աշխարհասփյուռ հայության համար… հայության կողմից: Մեր թերթի էջերից հայ մեղեդին երգել է, պոեզիան հնչել է, միտքը թեւածել, ու զինվորը կռվել է: Մենք չենք փորձել հաճոյանալ որեւէ անհատի, անձի, դիրքի… մենք հաճոյացել ենք գաղափարին, դավանանքին, հույսին, հավատին ու սիրուն:

33 տարի ապրած իր կյանքում մեր թերթը մաքառել է, մեր թերթը երազել է, մեր թերթը կայացել է, մեր թերթը կայացրել է Հայաստանի Հանրապետությունը, կռվել ու հաշտվել է, գրոհել ու նվաճել է, ի վերջո Հաղթել ու Հաղթանակել է: Եւ մենք այսօր հրաժեշտ չենք տալիս Հայաստնի Հանրապետությանը, զի դա կլիներ վերջը մեր բոլորիս ազգային իղձի ու նվաճումի՝ մեր պետականության: Չի կարող հրաժեշտ տալ «Հայաստանի Հանրապետություն» անունը կրող ոչինչ: Վաղվանից դուք կրպակներում չեք գտնի «Հայաստանի Հանրապետություն» գլխագրով օրաթերթը, սակայն մեզ փնտրեք նույնանուն գաղափարի մեջ, տողատակերում, ձեր աչքերի փայլի մեջ, ձեր ականջներում հնչող հորովելի մեջ, մտքերում ու Այբուբենի մեջ: ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ: Ազգային իղձերում: Ձգտումներում: Նպատակասլացության մեջ: Անաղարտության ու անեղծության մեջ: Եվ, վերջապես մեզ կգտնեք փակագծերում, որտեղ գրվում են կյանքի ընթացքի ամենակարեւոր տողերը:

Առաջիկայում մեր խմբագրակազմնը իր գրագետ, իրական մտավորական, հայրենասեր զինվոր ու ռամիկ ընթերցողին կներկայանա նոր նախաձեռնությամբ՝ hhtert.am կայքի միջոցով, իսկ այնուհետեւ, եթե Աստծո նախախնամությունը լինի, նաեւ՝ թերթի ձեւաչափով: Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ-պաշտոնաթերթի հիմնադիր խմբագիր, երջանկահիշատակ Այդին Մորիկյանին, ով մտավորական եւ պետական գործիչ էր Մեծատառով: Հաջորդ բոլոր խմբագիրներին, թերթի բոլոր տարիների բոլոր աշխատակիցներին: … Թերթի հաջորդ խմբագրին մաղթում եմ կամք ու կորով՝ ի՛ր ժամանակի զարկերակը զգալու, եւ, տա Աստված, իր ղեկավարած թերթը միտված լինի միայն մեր երկրի տնտեսական, գիտական ու մշակութային զարգացման հեռանկարներին:

Արթուր ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» թերթի առայժմ վերջին գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031