ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցին:
Հարցի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ նախագծի մշակումը բխում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի քննության արդյունքում կայացվող որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսման, ինչպես նաև այդ ինստիտուտների կիրառության արդյունքում ծագած մի շարք գործնական խնդիրների լուծման անհրաժեշտությունից: Ըստ այդմ, սահմանվելու են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ներկայացվող հաղորդումներին ներկայացվող պահանջները, նախատեսվելու է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հարցի քննության արդյունքով կայացվող որոշումների, ինչպես նաև դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումների բողոքարկման հնարավորություն:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը իրականացնելու է Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամ ընդգրկող կազմը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ զբաղվող Բարձրագույն դատական խորհրդի կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամներ: Կարգապահական վարույթ հարուցող մարմնի և Բարձրագույն դատական խորհրդի համար հնարավորություն է նախատեսվելու հարուցված կարգապահական վարույթները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված երկու և ավելի միջնորդությունները միավորելու մեկ վարույթում:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումներն ուժի մեջ են մտնելու հրապարակման պահից մեկ ամիս հետո: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է Բարձագույն դատական խորհուրդը՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկած անդամների կազմով: Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշումների դեմ բողոքի քննությունը իրականացնելու է նույն ընթացակարգով և երաշխիքների պահպանմամբ, ինչ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը:
Կարդացեք նաև
Վենետիկի Հանձնաժողովի առաջարկությամբ հստակորեն սահմանվել է, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշման օգտին կողմ են քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: Բողոքի քննության համար նախատեսվելու է մեկամսյա ժամկետ, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարողանալու է վերացնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը և մերժելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, նշանակելու կարգապահական տույժի այլ տեսակ, վերացնելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը և դատավորին ենթարկելու կարգապահական պատասխանատվության և որոշումը թողնել անփոփոխ: Բողոքի քննության արդյունքում Բարձագույն դատական խորհրդի կայացրած որոշումը լինելու է վերջնական և ենթակա չի լինելու բողոքարկման:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































