Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Կապանում բացվել է Իրանի հյուպատոսություն, հիմա էլ Ռուսաստանն է հայտարարել հյուպատոսություն բացելու մասին։ «Երկու դեպքում էլ բավական մեծ աշխատանք է կատարվել։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ սա վերջին հյուպատոսարանը չի լինելու, որ բացվում է Սյունիքում»,- ասաց նա։
Հարցին, թե ըստ փորձագետների՝ «լավրովյան պլան» կա, որը Սյունիքը ռուս-թուրքական գոտի դարձնելու նպատակ ունի, մտահոգություններ չկա՞ն, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, բայց Սյունիքը եղել է, կա եւ կլինի հայկական։ Դա մեր հայրենիքի անբաժանելի մասն է։ Եվ պիտի այսպես մտածի ցանկացած հայ, դա քննարկման ենթակա չէ։ Թե ով ինչ պլաններ ունի Սյունիքում, դա իրենց խնդիրն է, բայց համենայնդեպս մինչեւ այս պահը այդ պլանները չեն աշխատել եւ վստահ եմ, որ դեռ երկար ժամանակ չեն աշխատելու»։
Ղուկասյանն ասաց, որ Իրանի հյուպատոսարան բացելուց հետո` բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ են եղել իրանական կողմի հետ, տարբեր տնտեսական ու այլ ծրագրեր են քննարկվում ԻԻՀ գործընկերների հետ։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից


















































