Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու թատրոնը՝ նոր տեսքով․ Թատերական հրապարակը կդառնա անճանաչելի. (Ֆոտոշարք)

Հունիս 20,2023 21:15

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի դիմապակիները, որոնք փոխելու համար ՀՀ կառավարությունն ապրիլի 6-ին 34 միլիոն դրամ է հատկացրել, գրեթե պատրաստ են։ Դրանք արդեն իսկ նոր տեսք, նոր շունչ են հաղորդել Թատերական հրապարակին։

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Ես ասել եմ և մեկ անգամ ևս կրկնում եմ, սա լավագույն նվերն էր, որ կարող էր լինել թատրոնի համար։ Թատրոնի համար շատ կարևոր է գեղարվեստական որակը, ճաշակով ներկայացումները, բայց պակաս կարևոր չէ շենքի արտաքին տեսքը, գեղեցկությունը։

Այս դեպքում պահպանելով հին ճարտարապետությունն՝ անվտանգության խնդիրն ենք լուծում։

Շատ լավ գիտենք, որ Թատերական հրապարակը միշտ մարդաշատ է․ լեցուն է և՛ գյումրեցիներով, և՛ զբոսաշրջիկներով։ Թատրոնը մեծ դեր է խաղում մեր քաղաքի տուրիզմի զարգացման հարցում։ Եվ գեղեցկությունն այս դեպքում շատ կարևոր է։

Հիշում եք՝ ինչ վիճակում էին մեր պատուհանները, անմխիթար վիճակում էին, 50 տարուց ավելի չէին փոխվել։

Երբ պատուհանները փոխում էին, ամբողջ ապակիները որպես թափոն օգտագործեցին, վնասվել էին, տարիների ընթացքում այրվել էին։

Վստահ եմ՝ մեկ ամսից կունենանք շատ գեղեցիկ պատուհաններ։ Երկրորդ հարկի ճեմասրահի աշխատանքներն ավարտվել են։ Պատրաստվում են շուտով սկսել առաջին հարկը։ Քանի որ թատրոնն ընդգրկված է պատմամշակութային արժեքների  ցանկում, պիտի կարողանանք ճարտարապետությունը պահպանել։ Մասնագետներն այդպես էլ արել են, դրանով էր պայմանավորված շինարարական թույլտվություն ստանալը։ Ասեմ, որ տվյալ դեպքում պրոֆեսիոնալ թիմ է աշխատում, մասնագետները մայրաքաղաքից են։ Հուսամ մինչև հունիսի վերջ ամբողջապես պատրաստ կլինի»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Մեր զրուցակցի ասելով՝ թատրոնն օգոստոսին պատրաստվում է գնալ արձակուրդ։

«Թատերաշրջանը կբացենք նոր պատուհաններով, կփորձենք լուծել նաև մեկ այլ կարևոր խնդիր, որը եղել է թատրոնի բացթողումներից։ Ճիշտ է՝ ասում են Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոն, անունը որևէ մի տեղ չկա փակցված, ուզում ենք շենքին մեծ տառերով, ամբողջ երկայնքով գրվի թատրոնի անունը։

Բավական թանկ հաճույք է, մտածում ենք իրագործման ճանապարհներ գտնելու մասին։

Կան հարցեր, որոնք թատրոնն ինքնուրույն փորձում է լուծել, օրինակ՝ այս պահին բավական մեծ աշխատանք ենք տանում վթարային տանիքը վերանորոգելու ուղղությամբ, անում ենք մենք մեր ուժերով։ Վերանորոգում ենք, որ այս հորդառատ անձրևների ժամանակ ոչ մի կաթոց չունենանք։ Կան հարցեր չենք կարող մեր միջոցներով լուծել, ինչպես օրինակ՝ պատուհանները, կառավարությունը տրամադրեց գումարը։

Մտածում ենք նաև արտաքին լուսավորության մասին։ Խնդիրները սրանք են՝ պիտի կարողանանք թատրոնի անունը փակցնել և շենքը լուսավորել։ Փոքր աշխատանք չէ, բավական մեծ աշխատանք է․ 3 միլիոն գումար է պետք այս ամենի համար», -ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Թատրոնն այս պահին իր միջոցներով վերանորոգում է նաև զարդասենյակները, կփոխեն նաև թատրոնի ազդակներն ամրացնող վահանակների դիզայնը։

Նշենք, որ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը, որը պահ է տված թատրոնի երկրորդ հարկում՝ ճեմասրահում, դիմապակիները փոխելուց առաջ չեն հեռացրել թատրոնի շենքից։

Լյուդվիգ Հարությունյանը նշում է՝ ինքը հավատում է, որ մշակութային այս արժեքը կփրկեն, կտեղափոխեն թատրոնի շենքից։ Թատրոնի շենքն էլ այսպիսով կփրկեն վնասվելուց։ Նրան խոստացել են, որ որմնանկարը հաստատ կտեղափոխեն։

«Շատ-շատերը գրում են, շնորհավորում են, որ պատուհանները փոխեցին, բայց ասում են՝ պատուհանները փոխեցին, վե՛րջ, այլևս չեն տեղափոխի, թատրոնի շենքից էլ դուրս չի գա էդ որմնանկարը։ Ես հավատում եմ, որ կտեղափոխեն այն։ Ժամանակին շատերը չէին հավատում, որ պատուհաններն էլ կփոխվեն, բայց փոխվեցին, չէ՞։ Մարդիկ կային, որոնք որոշեցին թատրոնի կողքին լինել, առիթ ունեցել եմ ասելու նրանց մասին՝ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանն է, Շիրակի ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանն է, կառավարությունն, նախարարությունն է։

Մասնագետները, նախարարության ներկայացուցիչներն անձամբ ինձ են ասել, որ մինչև նոյեմբեր որմնանկարը կտեղափոխվի։ Ինչ պայմաններով, ուր կտեղափոխվի, չեմ կարող ասել, դեռ քննարկվում է, բայց ասել են, որ համապատասխան մասնագիտական եզրակացություն կստանան, կփորձեն որմնանկարը բաժանել մի քանի մասի, ինչպես որ տեղադրել են, այդպես էլ կտանեն։

Նորից եմ կրկնում, հավատում եմ, վստահ եմ, որ իրենց խոստումը պիտի կատարեն, որովհետև սա չեն անում ինձ համար։ Նրանք չեն թողնի վնասվեն երկու կարևոր արժեքներ, մեկը որմնանկարը, որը մեզ մոտ վնասվում է, մյուսը՝ մեր շենքը։

Մեր ուրախությունը, որ պատուհանները փոխել են, ամբողջական չէ, որովհետև եթե դրսից նայեք, անզեն աչքով էլ կտեսնեք, որ որմնանկարի պատճառով թատրոնը զրկվել է լույսից։ Որմնանկարն անգութ, վայրենի ձևով էին տեղադրել, վնասել էին թատրոնի պղնձե սյուները։ Նկարը տեղադրելուց վնասել էին ոչ միայն ապակիներն ու պղնձյասյուները, այլ նաև գոբելենները։ Դրանց վրա արևի լույս պիտի ընկնի, որպեսզի չխոնավանա։

Եթե նոյեմբերին որմնանկարը չտեղափոխեն, վստահ կարող եմ ասել՝ չենք լռելու, բարձրաձայնելու ենք»։

Լյուդվիգ Հարությունյանը խոսեց նաև նոր թատերաշրջանի մասին։

«Կուզենամ, որ 158-րդ թատերաշրջանը նաև արտաքնապես փոփոխված լինի, ներսում լուռ, քրտնաջան աշխատանք է տարվում ստեղծագործական մասով։

Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ թատրոնը եղավ Հայաստանի տարբեր մարզերում, լավ հյուրախաղ ունեցանք Լիբանանում, չորս ներկայացմամբ հանդես եկանք․ «Տունը սահմանին», «Փարիզը վտանգավոր քաղաք է» և «Քեռի քուչի» մանկական ներկայացումներով ՝ի շնորհիվ «Գասպար Իփեկյան» թատերախմբի։

Մեծ նվիրյալ մարդկանց շնորհիվ հյուրախաղերը կայացան, այս դեպքում թատրոնի կողքին կանգնեց ԿԳՄՍ-ն, ճանապարհածախսը հոգացել է  նախարարությունը։ Մեզ համար կարևոր է հայ համայնքի համար ներկայացում խաղալ, դերասանները պատմում են նրանց ոգևորվածության, կարոտի մասին։ Նկարչական ձևավորում թատրոնը չէր տարել, իրենք էին պատրաստել բեմերը, բոլորը զարմացել էին, թե ինչպես կարողացան 15 հոգին մեր այդքան մեծ խմբի հյուրընկալել, կազմակերպչական բոլոր հարցերը լուծել։

Մեր թատրոնի անձնակազմը ոգևորված վերադարձել էր, թե ինչպես կարող են օտար հողում մեր մշակույթը պահպանել, դեռ ավելին՝ հրավիրում են տարբեր թատրոնների, գյումրեցիներն էլ կարծում եմ լավ են իրենց դրսևորել, ներկայացումները լեփ-լեցուն դահլիճներում են եղել։ Իրենք այնքան խնդիրներ ունեն, այսօր դժվար է Լիբանանում»։

Լյուդվիգ Հարությունյանի ասելով, 158-րդ թատերաշրջանը կմեկնարկի հանդիսատեսին հեռուստասերիալներից հայտնի, Երևանի տիկնիկային թատրոնի դերասան-ռեժիսոր Տաթև Մելքոնյանի ու  Գյումրու թատրոնի ստեղծագործական կազմի համագործակցությամբ ներկայացվող «Թռչնակը» պիեսով։ Առաջնախաղը կլինի սեպտեմբերի վերջ։

Նոյեմբերի էլ Լյուդվիգ Հարությունյանն է պատրաստվում բեմադրել Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին»։

«Թատրոնի խաղացանկում Շանթը բացակայում էր, պատմական գործ չկար, այստեղ էլ դրամաշնորհային ծրագրով՝ նախարարությամբ աջակցությամբ կլինի։ Մինչև տարեվերջ նախատեսում ենք ևս մեկ հյուրախաղ դեպի արտերկիր, դրանք շատ են ոգևորում, ուժ տալիս մեր ստեղծագործական խմբին», ասում է մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930