Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բռնություններն ու Մարդու իրավունքների կիսալուռ պաշտպանը. առաջարկում են փաստաբանների վրա տեսախցիկ դնել, նոր ուղարկել ոստիկանական բաժին

Հունիս 30,2023 19:20

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել «Բռնության դեպքերի աճը եւ փաստաբանների մասնագիտական գործունեության առջեւ ծառացած խնդիրները» թեմայով:

Հիմնական քննարկման թեման փաստաբան Կարեն Ալավերդյանի ձերբակալությունն էր, իսկ մինչ այդ նա ահազանգել էր, որ 2023-ի հունիսի 7-ին իր պաշտպանյալին կանչել են ոստիկանություն, ծեծել, ականջի թաղանթը պայթեցրել, ծխախոտով այրվածքներ պատճառել:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանն ասաց, որ գլխավոր դատախազություն գրություն են ուղարկել այդ դեպքի հետ կապված. «Այս պահին ոստիկանության հետ կապված իրականացվում է ծառայողական քննություն, բայց ոստիկանների գործունեությունը կասեցնելու վերաբերյալ դեռեւս տեղեկատվություն չկա այս պահին»:

Փաստաբան Արա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ ոստիկանությունում առկա տեսախցիկների հետ կապված հարց ուղղե՞լ եք ոստիկանությանը, տեսագրությունը չկա՞՝ Մինասյանը պատասխանեց, որ այո:

Ըստ փաստաբանների, Մարդու իրավունքների պաշտպանը «կիսալուռ» է ու այն դատապարտող հայտարարությունն էլ, որ անում է, ըստ էության անարդյունավետ է: Արամ Մինասյանը չհամաձայնեց: Փաստաբանների դիտարկմամբ՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը օգտագործում էր արտահերթ զեկույցների գործիքակազմ, որը զսպող էր լինում, իսկ այս տարվա մեջ բռնությունների 2 դեպք արդեն կա, սպասել տարեվերջին տարեկան զեկույցում գրելը չի կանխելու այլեւս: Մինասյանն էլ պատասխանեց, որ բռնությունների դեպքերի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնում է անպայման:

Իրավաբան, ԱԺ փորձագետ Վահե Գրիգորյանը հարցրեց՝ նախկինում բռնություն էին կիրառում ընդդիմադիր պատգամավորների, օգնականների նկատմամբ, հիմա թիրախավորված են փաստաբանները, եթե Կարեն Ալավերդյանի փոխարեն ՄԻՊ աշխատակազմից լիներ մեկը ու տեսներ, որ քաղաքացու նկատմամբ առերեւույթ խոշտանգում են անում ի՞նչ կաներ՝ Արամ Մինասյանը պատասխանեց. «Մենք էլ տարբեր ժամանակահատվածներում տարբեր ոստիկանական բաժիններ գնում ենք ու արագ արձագանքման խմբերը արձանագրում են դեպքեր մարմնական վանսվածքների, բայց այս տարիներին նման իրավիճակի չենք հանդիպել, որ ՄԻՊ ներկայացուցչի կամ աշխատակցի աշխատանքային գործունեությունը փորձ արվի խոչընդոտել»:

Պատճառն այն է, որ ՄԻՊ աշխատակազմի անդամները պաշտպանված են օրենքով, նրանց աշխատանքը խոչընդոտողը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, փաստաբանների դեպքում նման օրենսդրական կարգավորում չկա: Առաջարկ եղավ, որ փաստաբաններին ոստիկանական բաժիններ գնալիս ապահովեն տեսախցիկներով ու ամբողջ ընթացքը տեսանկարահանվի:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը խոստացավ, որ սեղմ ժամկետում օրենսդրական նախաձեռնություն կմշակի, որը թույլ կտա, որ փաստաբանները առավել պաշտպանված լինեն: Նա տեղեկացրեց, որ փաստաբանների մասնակցությամբ արձանագրված բռնության երկու դեպքերի հետ կապված էլ դիմել է միջազգային կառույցներին՝ հորդորելով դատապարտել, որ կանխվի այդ գործընթացը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930