Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել են Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն արևային էլեկտրակայանով ապահովելու ծրագրի նախապատրաստական աշխատանքները

Հուլիս 04,2023 17:56

4 հուլիսի, Ստեփանակերտ: «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նախաձեռնել է նոր ծրագիր, որով Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն ապահովվելու է արևային էլեկտրակայանով՝ հնարավորություն ստեղծելով բուժհաստատությանն այլընտրանքային էներգիայի աղբյուր ունենալ՝ անկախ հոսանքազրկումից ու հովհարային անջատումներից:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել արևային հիբրիդային էլեկտրակայան, ինչը թույլ է տալու մեծացնել բժշկական կենտրոնի էներգամատակարարման համակարգի հուսալիությունը: Առաջնահերթ կարգով էներգիայով կապահովվեն շտապօգնության, վիրահատական, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները։

«Սա մեր կարևոր ենթակառուցվածքային նախագծերից է, որը կենսական նշանակություն ունի բժշկական կենտրոնի անխափան գործունեության համար: Այս ծրագիրը նախաձեռնվել է՝ ելնելով իրավիճակից և փորձելով այլընտրանքային հուսալի աղբյուր ստեղծել Արցախի ամենախոշոր բուժհաստատության համար: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել՝ ծրագիրն իրականություն դարձնելու համար»,– ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը:

Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը նույնպես խիստ հրատապ է համարում նման ծրագրի իրականացումը: «Գիտեք, որ հունվարի 9-ից ադրբեջանական կողմը խափանել է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, և մենք ստիպված ենք հույսներս ներքին սուղ ռեսուրսների վրա դնել: Առջևում ձմեռ է, ու պիտի փորձենք հաղթահարելով շրջափակման ընթացիկ դժվարությունները՝ նաև պատրաստվել ձմռանը: Եվ շնորհակալ ենք, որ այս իրավիճակում մենակ չենք»,– ասում է Մհեր Մուսայելյանը:

Ծրագիրն իրականացվելու է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի համագործակցությամբ՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության նվիրատուների աջակցությամբ:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։

Մենք ենք մեր սարերը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31