Լրահոս
Օրվա լրահոսը

Կա մեկ ճանապարհ՝ գնալ նոր հանրային քաղաքական ինստիտուտների ձևավորման ճանապարհով

Հուլիս 16,2023 13:30

Եթե Նիկոլը Արցախի փոխարեն փորձեր Ադրբեջանին հանձնել, ասենք, Տերյան-Մոսկովյան խաչմերուկը, Հայաստանում նույն արձագանքն էր լինելու, և «խաղաղության օրակարգի» նույն ընկալումը։

Նոր սերնդի հետաքրքիր մտածողներից Կարպիս Փաշոյանը գրում է, որ «այսօրվա վիճակը ուղիղ հետևանքն է քաղհասարակության, գրողների, գիտաշխատողների, արվեստագետների մի զգալի մասի ինտելեկտուալ դավաճանության»։ Իսկ գուցե մենք պարզապես չունե՞նք այդ շերտերը՝ ընդհանրապես, գուցե շատ բաների նման դա՞ էլ ենք հորինել։ Այդ շերտերի դեֆեկտը քաղաքացու բացակայությունն է։ Իսկ  մյուս ինստիտուտները ի՞նչ վիճակում են։

Երեկվա զարգացումներից հետո՝ ՌԴ ԱԳՆ հայտարարություն, եռակողմ հանդիպում, Շ. Միշելի հայտարարություններ, Արցախում սկսված պրոցեսներ,  ստեղծվել է նոր իրականություն, որը Երևանից ինստիտուցիոնալ արձագանք է պահանջում, որպեսզի աշխարհը հասկանա, որ մենք ժողովուրդ ենք և ունենք պետություն։

Եթե տիտղոսային ընդդիմությունը, որպես ինստիտուտ, այսօրվա որակի է, մենք գիտաշխատողից ի՞նչ ենք պահանջում։ Ինչ-որ մեկը ֆանտաստիկ ձևակերպում էր տվել. Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ ընդդիմությունը գնաց արձակուրդ։ Եթե այս պայմաններում, խեղդամահ լինող Արցախի ֆոնին ու մայրաքաղաքի ընտրությունների շեմին ընդդիմությունը գնում է արձակուրդ, էլ ումի՞ց ինչ ենք պահանջում։

Իսկ գուցե մե՞նք ենք հորինել առաջնորդներ, ենթաառաջնորդներ, համաառաջնորդներ, գեներալներ, մարշալներ, հիմնադիրներ և այլ կարգավիճակները, ինչպես Նիկոլը իր համար հորինել է «Մեծարգոն»։ Գուցե նրանք չկա՞ն։
Բայց հարց է ծագում. իսկ ի՞նչ ունենք այդ դեպքում։

Ունենք տասնյակ հազարավոր կարգին մարդիկ՝ առանց այդ տիտղոսավորման, ունենք բավարար պոտենցիալ՝ պետություն պահելու ու հետպատերազմյան վերականգնման համար, ունենք նոր սերունդներ՝ կրթված ու առողջ մտածող, ունենք եկեղեցի՝ բացառիկ առաքելությամբ, ունենք լուրջ հանրային գործիչներ, նաև՝ պատգամավորների թվում, ունենք մի քանի հարյուր հազար ընտրող, որն ատամներով պատրաստ է պահել պետությունը։ Այս ողջ պոտենցիալով հանդերձ՝ այս պահին մենք էթնիկ արժեհամակարգային փոքրամասնություն ենք։

Ո՞նց անենք, որ փոխենք վիճակը։ Կա մեկ ճանապարհ՝ գնալ նոր հանրային քաղաքական ինստիտուտների ձևավորման ճանապարհով։ Դադարել բլոգեր լինելուց։ Դադարել բլոգեր-ազգ լինելուց։ Բոլոր նոր ձևավորվող շարժումները, միտք գեներացնող հարթակները պետք է գնան՝ թափ հավաքելու, կառուցվածքային տեսք ստանալու ճանապարհով՝ միասին աշխատելու կամքով։  Այդ դեպքում մենք հասկանալի կլինենք մեծ հասարակության համար, և Կ. Փաշոյանի նշած խավերի մոտ նույնպես կսկսի խոսել քաղաքացին։ Այդ դեպքում մենք կունենանք բավարար ռեսուրս՝ և´ «մեծարգոյից»  ազատվելու, և´ իսկապես սկսելու հետպատերազմյան վերականգնումը։

 

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Նախ հոգու խորքից ասեմ, որ ներկա պահին մեր ընդդիմության և բոլոր քաղաքական առաջնորդների անտարբերությունը զզվանք է առաջացնում, դրանք բոլորը շահամոլ էգոիստներ են։ Եթե ժողովուրդը ակտիվանա և դուրս գա փողոց, իրենք էլ կհայտնվեն այնտեղ, բայց իրենք նախաձեռնել չեն ուզում, նախընտրում են փափկասուն կյանքով ապրել։ Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է, մարդ ամաչում է Հայաստանում մի բան ուտի, երբ հիշում է Արցախի սոված երեխաներին։ Լսեք, դուք ընդդիմություն եք? թե իշխանության հաճախորդ, հերիք չեղավ? իշխանության հետ տունիկ-տունիկ խաղաք, դատարկախոսություններով զբաղվեք և տափակ հարցազրույցներ տաք։ Ձեր զզվելի ամբիցիաները մի կողմ դրեք և բոլոր ընդդիմադիրներով գոնե Արցախի ժողովրդին ծանր վիճակից հանելու հարցում ընդհանուր հայտարարի եկեք ու ժողովրդին պայքարի հանեք։ Եթե հիմա դուք դա չսկսեք, հետո ժողովրդի աչքին չերևաք, որովհետև զզվանք կառաջացնեք։
    Ուր? եք հայ մտավորականներ, դուք ինչու եք թաքնվել, ասելիք չունեք?, վտանգը չեք? զգում: Թե պատրաստվում եք օտար երկրի անդեմ մտավորական դառնալ։
    Ժողովուրդ ջան, թմբիրից դուրս եկեք, անտարբեր մի եղեք, Արցախ ենք կորցնում, Հայաստան ենք կորցնում, էս ապիկար իշխանությունը Արցախը ճանաչեց ադրբեջանի կազմում, եթե լուռ մնանք, հաջորդ քայլով էլ Հայաստանն է ճանաչելու թուրքիայի կազմում։ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող բոլոր հայեր արթնացեք, հայերիս փրկության պայքարի ժամն է եկել…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31