Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական Նիջ գյուղի ազգությամբ ուդի բնակիչները հայկական ազգանուններ էին կրում ու խոսում գրական հայերեն»

Օգոստոս 07,2023 12:00

Հարցազրույց արմատներով Ղարաբաղից, ծնունդով Բաքվից, Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, գրող Գենադի Մինասյանի հետ

– Հարգարժան Գենադի, հաճախ չի պատահում, որ մոտ հինգ տարի առաջ հրատարակված եւ արագ սպառված գրքի մասին չդադարեն խոսակցությունները մինչ օրս։ Խոսքը ձեր «Վարժեցնողը. Դունայը եւ իր ոհմակը» գրքի մասին է, որի գոնե մեկ օրինակ  չգտանք երեւանյան գրադարաններում։ Իմիջիայլոց, խոսակցություններում դոմինանտում է երկու կարծիք. առաջինը՝ գիրքը քաղաքական ենթատեքստ ունի եւ ուղերձ, երկրորդ՝ հեղինակը որպես ականատես հրաշալի գիտի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին, քանի որ ծնունդով Բաքվից է՝ արմատներով Ղարաբաղից եւ նրա ընտանիքը հեռատես է գտնվել ու  դեռեւս խորհրդային տարիներին՝ 1970-ականներին, տեղափոխվել է հայրենիք։

– Այո, ծնվել եմ Բաքվում, սովորել ռուսական դպրոցում, հետո ավարտել եմ Մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը։ Որպես մանկավարժ 9 ամիս եմ աշխատել դպրոցում, դասավանդել եմ ֆիզիկա եւ աստղագիտություն առարկաներ։ Նշեմ, որ ինքս եմ խնդրել ինձ գործուղել Ղարաբաղ։ Սկզբում ասացին, որ ծնունդով հադրութցի մի մասնագետ են ուղարկել այնտեղ։ Խնդրեցի տրամադրել այն բնակավայրերի ցուցակը, որտեղ ուսուցչի պահանջ կար։ Մնացել էին Կուտկաշենն ու Վարդաշենը։ Գնացի Կուտկաշեն, որը տիպիկ ադրբեջանական գավառական քաղաք էր, որտեղ ռուսական դպրոց չկար։ Վերագործուղեցին Նիջ գյուղ, այստեղ էլ բոլոր 4 դպրոցները ռուսական էին, տեղի բնակիչներն էլ՝ բացարձակ հայկական ազգանուններով։ Կարճ ժամանակ անց պարզեցի, որ նրանք ուդիներ են։ Հետաքրքրականն այն էր, որ նրանք խոսում էին միայն գրական հայերեն, դեռ ինձ էլ իրավացիորեն մեղադրում, որ հայ լինելով՝ մայրենիիս լավ չեմ տիրապետում։ Ինչպես նշեցի՝ կարճ ժամանակ վարժապետություն արեցի՝ մինչեւ 1973-ը։ Հետո մեկնեցի խորհրդային բանակ։ Ընդ որում՝ կամավոր, որովհետեւ աշխատելով գյուղում՝ ազատվում էի պարտադիր զինվորական ծառայությունից՝ այն տարիներին գործող օրենքի համաձայն։ Կարճ ասած՝ ծառայությունից հետո վերադարձա Բաքու, մեկ-երկու ամիս դասավանդելուց հետո հասկացա, որ դա իմը չէ։ Մասնագիտությունս փոխեցի, դարձա «կոմպյուտերշչիկ»։ Մի զարմացեք. այն տարիներին դա նույնն էր՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մասնագետ։ Միառժամանակ անց ինձ գործուղեցին Երեւան՝ «Էլեկտրոն» գործարանում վերապատրաստվելու որպես «Նաիրի-2» մեքենաների մասնագետ։ Հետո ստացվեց այնպես, որ Բաքվում դարձա լավագույն մասնագետը, նույնիսկ Ռուսաստանից էին հրավիրում իրենց սարքավորումները վերանորոգելու, կարգի բերելու համար։

– Իսկ ե՞րբ ընդմիշտ տեղափոխվեցիք հայրենիք։

– Դեռեւս Բաքվում ուսանելու տարիներին ազգությամբ հրեա կուրսեցիս, որի անունը հասկանալի պատճառով չեմ բարձրաձայնի, առանց մանրամասնելու ինձ ասաց՝ օր առաջ տեղափոխվեք Հայաստան։ Ի դեպ, դա այն տարիներին էր, երբ Ադրբեջանը սկսեց ղեկավարել Հեյդար Ալիեւը։ Շատ հետաքրքրվելուց հետո նա կարճ ու կոնկրետ ասաց՝ էդ մարդը ունի հայերից ազատվելու ծրագիր, հենց այդ նպատակով էլ նշանակվել է պաշտոնի։  Մի բան էլ. երբ Բաքվում արդեն աշխատանքի էի անցել թեթեւ արդյունաբերության մինիստրության կոնստրուկտորական բյուրոյում, առաջատար ինժեներներից մեկը՝ դարձյալ ազգությամբ հրեա, մի օր հացի սեղանի շուրջ ականջիս հազիվ լսելի ձայնով ասաց՝ զարմանում եմ, որ քո նման խելացի մարդը դեռ այստեղ է, հեռացեք հնարավորինս շուտ… 1977-ին ընտանիքով տեղափոխվեցինք հայրենիք։

– Ինչպե՞ս սկսվեց ձեր՝ «կոմպյուտերշչիկի»՝ որպես գրողի գործունեությունը։

– Բավական ուշ՝ 2002-ին, երբ ծանոթացա ներքին գործերի նախարարությանը պատկանող շնաբուծարանի աշխատակից, հիանալի մասնագետ Արմեն Մարտիրոսյանի հետ, որին հաճախ էին հրավիրում կրկես՝ ելույթների։

– Ի՞նչ կասեք ձեր «Վարժեցնողը» գրքի՝ քաղաքական ենթատեքստ ունենալու մասին։

– Նախ ասեմ, որ գրքի հեղինակները երկուսս ենք՝ ես եւ Արմենը։ Իսկ քաղաքական ենթատեքստ բացարձակ չկա։ Գրքում մեծ հաշվով ներկայացված է Արմեն Մարտիրոսյանը։ Փորձեմ կարճ փոխանցել բովանդակությունը։ Արմենը միակն էր ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում, որ գայլի ձագին մեծացնելով իր շնաբուծարանում, վարժեցրել էր այնպես, որ ծառայում էր մարդուն։ Կարճատեւ վարժանքներից հետո գայլը հասկանում է, որ իր տերը՝ Արմենը, ցանկանում է շներից ստեղծել մարտական դասակ՝ սահմանին ծառայելու նպատակով։ Մանրամասների հետեւից չընկնեմ. արդյունքում շները եւ այդ մեկ գայլը դասակով անցնում են ծառայության Կարպատներում։ Բայց մի բան չեմ կարող չասել. հետաքրքիր է, որ Արմենը գայլին առանձին տանում էր կաբինետ եւ նրա հետ «խոսում»՝ ներկայացնելով այս կամ այն հրամանը, իսկ գայլը որպես լիդեր գնում եւ հրամանը «փոխանցում» էր դասակին։ Մեր խելացի գայլի անունը Դունայ է։ Նա ի ծնե առաջնորդ էր։

– Սա ձեր միա՞կ գիրքն է։

– Մինչ 2019թ. Հայաստանում  հրատարակվելը, «Վարժեցնողը» լույս է տեսել Եկատերինբուրգում, 2013թ., երջանկահիշատակ լավագույն ընկերոջս աջակցությամբ, որը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու էր եւ հանդիսանում էր Եկատերինբուրգի ագրարային համալսարանի դոցենտ, ընդ որում՝ ծնունդով Ղարաբաղից։ Ներկայումս Արմենի հետ նպատակ ունենք եւ արդեն սկսել ենք գրքի շարունակությունը։ Հիմա էլ ուզում ենք ներկայացնել պատմություն էգ գայլի մասին։ Էգը տարբերվում է արուից (Դունայը արու էր)։ Իսկ գայլերի ոհմակի առաջնորդը պետք է անպայման էգ լինի, այնպես՝ ինչպես հրեաների մոտ է… (ժպտում է- Ս. Դ.)։

– Գենադի, դուք ղարաբաղյան առաջին պատերազմի հերոս եք։

– Չէ, չէ, մի չափազանցրեք, ես ընդամենը մասնակից եմ։

– Եվ…

– Եվ ի՞նչ եք ուզում լսել։ Այն, ինչ հիմա կբարձրաձայնեմ, դա է միակ ելքը ստեղծված իրավիճակից։ Պետք է զենք վերցնել, եւ այդ ժամանակ աշխարհի հայերս կմիավորվենք, թե չէ անդադար հնչող կոչեր… Այդպես էլ կլինի։ Երբ ճակատագրական պահ է՝ լինել թե չլինելու, առանց որեւէ կոչի ազգը միավորվում է։ Մի գաղափար պետք է առաջ քաշվի՝ ռազմական դիմադրության գաղափարը, ինչից բխում է հետեւյալը. երբ ռազմական դիմադրության շնորհիվ ապահովված կլինի անվտանգությունը, դրան կհաջորդի հարձակումը թշնամու վրա։ Կներեք, չեմ կարող շարունակել խոսքս այդ թեմայով, ինձ մոտ նեւրոզ է, անբուժելի։ Այն Սումգայիթի ջարդերից հետո է սկսվել, երբ մորթեցին մորաքրոջս, ամուսնուն եւ որդիներին…

– Կներեք, բայց մի հարց չենք կարող չուղղել. որտեղի՞ց ձեզ գրելու ձիրք։

– Առաջինն այդ ձիրքը նկատել է ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհիս՝ անկրկնելի հայուհի Հենրիետա Բագրատովնան, որը 9-րդ դասարանում գրած Տոլստոյի գրական ժառանգությունը ներկայացնող շարադրությունս ինձնից գաղտնի ներկայացրել էր Բաքվում կայացած մրցույթին, եւ ես հաղթող էի ճանաչվել։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031