Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԱԿ փորձագետների հայտարարությունը համարել է կանխակալ և քաղաքականացված

Օգոստոս 08,2023 10:26 Share

Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՄԱԿ մի խումբ փորձագետների՝ Արցախի վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ և կառույցին մեղադրել կանխակալության և իր ինքնիշխանությանը միջամտելու մեջ:

«ՄԱԿ մարդու իրավունքների մի քանի հատուկ զեկուցողների և անկախ փորձագետների հայտարարությունը Ադրբեջանի կողմից իբրև թե «Լաչինի միջանցքի» շրջափակման և «Լեռնային Ղարաբաղի» շրջանում «լարված մարդասիրական իրավիճակ» առաջացնելու վերաբերյալ ափսոսանք է առաջացնում և խոսում է ՄԱԿ մարմինները քաղաքական շահարկումների գործիք դարձնելու փորձերի մասին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանական գերատեսչությունն անընդունելի է համարել, որ տվյալ անձիք հայտարարության մեջ օգտագործել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է «Լեռնային Ղարաբաղը», միջամտել են Ադրբեջանի ներքին գործերին և երկակի մոտեցումներ են ցուցաբերել, հարգանք չեն ցուցաբերել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Այս պահին Ադրբեջանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում ամուր խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար, և այդ նպատակով առաջ են քաշվել նախաձեռնություններ՝ ուղղված խաղաղության պայմանագրին, սահմանազատմանը և հաղորդակցությունների բացմանը: Այդ ջանքերին աջակցության փոխարեն կանխակալ հայտարարությունները չեն օգնի խաղաղության գործընթացին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ից նաև հավելել են, որ Հայաստանը՝ ի հեճուկս իր պարտավորություններին, ոչ միայն ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերը «ադրբեջանական տարածքներից», այլ հերթափոխ է իրականացրել Լաչինի միջանցքով, կատարել է զենքի և զինամթերքի մատակարարումներ, զբաղվել է Ադրբեջանի բնական ռեսուրսների թալանով: «Այդ ամենը լռությամբ է ընդունվել ՄԱԿ-ի և մյուս միջազգային կազմակերպությունների կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի փորձագետների խումբն ահազանգել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հումանիտար սարսափելի ճգնաժամի։

Վերջին յոթ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումը բնակչությանը կանգնեցրել է սննդամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների սուր պակասի առաջ, ազդել բժշկական և կրթական հաստատությունների գործունեության վրա և վտանգել բնակիչների, հատկապես երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, հղի կանանց և հիվանդների կյանքը:

«Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար արտակարգ իրավիճակ է, որը առաջացրել է հիմնական սննդամթերքի, այդ թվում արևածաղկի ձեթի, ձկան, հավի մսի, կաթնամթերքի, հացահատիկի, շաքարավազի և մանկական կաթնախառնուրդի խիստ պակաս», – ասում են փորձագետները:

Նրանք նախազգուշացրել են, որ տարածաշրջանը արագորեն սպառում է իր բժշկական պաշարները, և հիվանդանոցները դժվարանում են օգնություն ցուցաբերել, քանի որ շտապօգնության մեքենաների աշխատանքը դժվարացել է վառելիքի մատակարարումների նվազման պատճառով:

Փորձագետները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ և անվտանգ տեղաշարժը՝ 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրին համապատասխան։

Նրանք նաև կոչ են արել տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին պաշտպանել միջանցքը՝ հրադադարի համաձայնագրի պայմաններով։

«Վերացնելով շրջափակումը, իշխանությունները կարող են մեղմել հազարավոր մարդկանց տառապանքը Լեռնային Ղարաբաղում և թույլ տալ մարդասիրական օգնության անարգել հոսքը խաղաղ բնակչությանը, – ասում են փորձագետները: -Այս կրիտիկական ժամանակաշրջանում կարևոր է ապահովել բոլոր անհատների անվտանգությունը, արժանապատվությունը և բարեկեցությունը»:

Փորձագետները կոչ են արել Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները՝ հարգելու և պաշտպանելու մարդու իրավունքները, ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքը: «Մենք նաև ընդգծում ենք բոլոր ներգրավված կողմերի միջև համագործակցության և երկխոսության կարևորությունը՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ և կայուն լուծում»,- նշել են փորձագետները։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031