Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաստատել է երեխաների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ ՀՔԱՎ-ի կողմից բարձրացված խնդիրը

Օգոստոս 15,2023 17:45

Համայնքների ղեկավարների և ավագանու որոշումներով չպետք է հրապարակվեն մարդկանց զգայուն անձնական տվյալներ և նման տվյալների հրապարակման համաչափությունն առերևույթ հիմնավորված չէ

ՀՔԱՎ գրասենյակը տարեսկզբին անդրադարձել էր տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներում երեխաների անձնական տվյալների և մասնավոր կյանքին վերաբերող տեղեկությունների ներառման և հրապարակման խնդիրներին` մասնավորապես ՏԻՄ այն որոշումներում, որոնք վերաբերում են անչափահասների՝ ընտանիքների հետ վերամիավորման հարցին, վերջինիս հիմք ծառայող հանգամանքներին, խնամքի և դաստիարակության հետ կապված հարցերին։ Այս տեղեկությունների հրապարակումը գտնվում է անչափահասների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի դաշտում, միջամտում է երեխաների մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը և հակասում երեխայի լավագույն շահին։

Նման խախտումների բացառման համար կազմակերպությունն առաջարկել էր օրենսդրական և գործնական լուծումներ։ Որպես երեխաների անձնական տվյալների պաշտպանության արդյունավետ օրենսդրական երաշխիք՝ առաջարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածում նախատեսել համայնքի բնակիչների անձնական տվյալների ապաանձնավորված հրապարակման, ինչպես նաև անձնական կյանքին վերաբերող տվյալների հրապարակման արգելքի վերաբերյալ կարգավորումներ։ Որպես գործնական լուծում՝ ՏԻՄ-երի պաշտոնական կայքէջերում, որտեղ հրապարակվում են կայացվող որոշումները, ապաանձնավորել անչափահասների մասնավոր կյանքին վերաբերող տեղեկությունները։

Նշված խնդրի առնչությամբ վերոգրյալ առաջարկներով Կազմակերպությունը դիմել է ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ համայնքի ղեկավարին (խնդիրն արձանագրել ենք այս համայնքի պաշտոնական կայքում)։ 

Ի պատասխան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարը, անտեսելով այն հանգամանքը, որ, ամեն դեպքում, անկախ իրավական ակտի տեսակից՝ երեխաների անձնական տվյալները հրապարակվում են, հայտնել է, որ երեխաների անձնական տվյալները հրապարակվում են «անհատական իրավական ակտերով», մինչդեռ անհատական իրավական ակտի հրապարակման պարտադիր պահանջ առկա չէ, հետևաբար այն կարող է և չտեղադրվել, եթե պարունակում է անձնական կյանքին վերաբերող տվյալներ և առնչվում է երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքին:

ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը 31․07․2023թ․ գրությամբ հայտնել է, որ կազմակերպության ահազանգի հիման վրա Գործակալությունը նախաձեռնել է ավելի լայն ուսումնասիրություն, մասնավորապես, ուսումնասիրել է բոլոր մարզերի համայնքների ղեկավարների և ավագանու որոշումները և դրանցում հայտնաբերել ոչ միայն երեխաների, այլ նաև այլ զգայուն անձնական տվյալների առկայությունը և հրապարակումը։ Գործակալությունն արդյունքում հանգել է եզրակացության, որ մի կողմից մարզերի համայնքների ղեկավարների և ավագանու որոշումներով հրապարակվում են մարդկանց զգայուն անձնական տվյալներ, մյուս կողմից, նման տվյալների հրապարակման համաչափությունն առերևույթ հիմնավորված չէ: Գործակալության ուսումնասիրության արդյունքները, համապատասխան օրինակները և տվյալների մշակման խնդիրները ներկայացվել են որպես առաջարկված օրենսդրական փոփոխության հիմնավորում:

Մեր գրության և դրա առիթով իրականացված ուսումնասիրության արդյունքում Գործակալությունն առաջարկել է ՀՀ արդարադատության նախարարությանը (տեղեկացնելով նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին) լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում՝ նախատեսել, որ համայնքի պաշտոնական համացանցային կայքում համայնքի ղեկավարի և ավագանու ընդունած այն նորմատիվ իրավական ակտերը, որոնք կպարունակեն անձնական կյանքի տվյալներ, կենսաչափական անձնական տվյալներ, հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ կամ երեխայի անձնական տվյալներ, պետք է հրապարակվեն այդ տվյալներն ապաանձնավորած:

Շնորհակալություն ենք հայտնում Գործակալությանը խնդրի առնչությամբ ցուցաբերած կառուցողական և հետևողական մոտեցման համար՝ ակնկալելով իրավասու այլ պետական մարմիններից օրենսդրական փոփոխության շուտափույթ իրականացում։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031