Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա մի հնարավորություն է, որ կարողանանք Երեւանի մակարդակով ընդդիմանալ երկիրը կործանող այս ընթացքին»․ «Առերեսում»

Օգոստոս 19,2023 16:32

«Սա իրոք մի հնարավորություն է, որ մենք կարողանանք գոնե Երեւանի մակարդակով ընդդիմանալ երկիրը կործանող այս ընթացքին»,– «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում Երեւանի ավագանու ընտրությունն այսպես գնահատեց ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը։

Նաեւ հավելեց․ «Եթե իշխանական դաշտում տեսնեինք, որ գոնե քաղաքային կառավարման խնդիրներին ունենք նորմալ լուծումներ, այլ ոչ թե հանրային միջոցների ուղղակի վատնում՝ ավտոբուսների այս քանակը, որ հիմա լցրել են ընտրություններից առաջ կամ ասֆալտապատումն ու բակերի բարեկարգումը․․․ Բայց քանի որ տապալվել է Երեւանի քաղաքային կառավարումը եւ տապալվել է երկրի կառավարումը, ուստի միանշանակ է, որ այս հնարավորությունը՝ ընտրության յուրաքանչյուր մասնակից, պետք է օգտագործի այս երկու խնդիրները լուծելու համար»։

Հաղորդման մյուս հյուրը՝ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանն էլ վերհիշելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկության պատճառ դարձած հակասությունների պատմությունը՝ նշեց․ «Եթե շարունակում է պաշտոնավարել այդ քաղաքական ուժը՝ դա նշանակում է, որ որոշումները կայացվելու են ոչ թե Երեւանի քաղաքապետի (ով էլ դա լինի) կամ ավագանու կողմից (դա համակարգային հարց է, այսպիսին է Հայաստանում ներդրված կառավարման համակարգը) Երեւանի հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ որոշում է կայացնելու կառավարությունը»։

Մտահոգություն հայտնեց, որ եթե շարունակելու է պաշտոնավարել այս ուժը, ապա իրականություն կդառնան Երեւանի հետ կապված այն մտադրությունները, որ հիմա լսում ենք կառավարությունից՝ Կոնդի քանդման, Հանրապետության հրապարակում փոստատան շենքի օտարման՝ բաց բաժնետիրական ընկերության վերափոխելու մասին։ Հարցին, թե կասկածում է, որ թամանյանական ժառանգությունը կարող է վտանգվե՞լ՝ Իզաբելլա Սարգսյանն արձագանքեց․ «Ես չեմ կասկածում։ Ես վստահ եմ, քանի որ այդ մասին արդեն խոսք եղավ»։ Եվ հիշեցրեց կառավարության նիստում ակնարկները, թե կարող է փոխվել ճարտարապետական տեսքը, շենքի հարկայնությունն ավելացվել եւ այլն։

«Բայց ինչո՞ւ եք ենթադրություններ անում։ Ֆիրդուսի թաղամասի շենքերն այսօր բուսնում են կառավարության շենքի հետեւից,– ասաց Սարհատ Պետրոսյանը։– Հստակ կանոնակարգ կար, որ Հանրապետության հրապարակն այն գոտին, սրբության պես բանն է, որ չի կարելի կառուցել շենքեր, որոնք կաղճատեն Հանրապետության հրապարակի ամբողջականությունը։ Այսօր կառուցվում է Ֆիրդուսին, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականին, եւ համակարգել է Տիգրան Ավինյանի գրասենյակը։ Էլ չեմ ասում, որ ըստ օդում կախված լուրերի՝ հենց իր շրջապատն այդտեղ փայատեր է»։

 

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031