Լրահոս
Օրվա լրահոսը

Անունով հրապարակները կդառնան իսկական հրապարակներ՝ եվրոպական քաղաքների պես, Երեւանի կենտրոնը կվերածվի բուլվար այգու. Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց մեգանախագծերը

Սեպտեմբեր 09,2023 22:12

«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր ներկայացրեց «Երևան-Բուլվարի» և «Ֆրանսիայի հրապարակի» մեգանախագծերը:

Կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը, ներկայացնելով նախագծերը, ասաց. «Մանկական այգուց դեպի Անգլիական այգի անցնելու համար պետք է առնվազն 2 փողոց անցնես: Մենք առաջարկում ենք, որ այդ փողոցները, որոնք հանդիսանում են կապող փողոցների, սարքել հետիոտնային եւ Հանրապետության հրապարակից այս ամբողջ տարածքը, որը 6 հա է անում, հսկայական տարածք է, արդեն կդառնա ոչ միայն քայլելու, այլ նաեւ հոգնելու այգի»,- կատակեց նա:

Առաքելյանը կարեւորեց այգիներում ջրավազանների կառուցումը, ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցումը, ինչը հնարավորություն կտա ավելի հարմար այդ տարածքներում զբոսնել. «Փաստացի սա Հանրապետության հրապարակի հարակից տարածքն է, դրանից դուրս տուրիստների, երեւանցիների համար այլ տարածք չկա, փաստացի սա դառնում է Երեւանի բուլվար այգի: Ներկայումս 2750-ամյակի այգուց եթե գանք 2800-ամյակի այգի, պետք է 3 անգամ փողոց անցնենք, ուղիղ նույնիսկ հնարավոր չէ հետիոտնի համար անցնել: Մենք առաջարկում ենք, որ այն հատվածը, որտեղ Շահումյան հրապարակն է, ընդ որում, հրապարակի զգալի հատվածը փաստացի չի էլ օգտագործվում, ճանապարհ էլ չի, ընդամենը դատարկ ասֆալտապատ տարածք է արձանի դիմաց, այսինքն, մենք Երեւանի կենտրոնում ունենք տարածք, որը ոչ մեկը չի օգտագործում, մի ժամանակ պարկինգ էր, այդ հատվածը լինում է հիմա կանաչապատ, մեքենաներն անցնում են ներքեւով եւ երկու այգիները միավորվում են: Նաեւ Շահումյան հրապարակի հատվածում, դեպի ներքեւ մենք թունելներով ենք պատկերացնում, այդտեղից մի փոքր հատված մեքենաները թունելով են անցնում եւ հնարավորություն է լինում արդեն 2800-ամյակի այգուց աջ ու ձախ գնալ Անգլիական եւ Մանկական այգիներ»: Նա ընդգծեց, որ շինարարությունը բավականին մատչելի կլինի, որովհետեւ այդտեղ նեղ փողոցներ են, բայց արդյունքում հնարավորություն կլինի քաղաքապետարանից կանաչապատ ու զբոսնելու տարածք ունենալ մինչեւ Շահումյան հրապարակ. «Իհարկե, հիմա Անգլիական եւ Մանկական այգիները բավականին անմխիթար վիճակում են, բայց կառուցապատումից հետո թե՛ ներդրողների, թե՛ քաղաքապետարանի համար բավականին արդյունավետ օգտագործման տարածք կդառնա»:

Մյուս ծրագիրը ներկայացնելիս, որը Ֆրանսիայի հրապարակի հատվածում է նախատեսվում, Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Մենք Երեւանում փաստացի չունենք հրապարակներ, անունները հրապարակ են, բայց ճանապարհներ են մեքենաների համար: Այն հրապարակները, որոնք կան Եվրոպայում, աշխարհի շատ մայրաքաղաքներում, փակ հրապարակներ են, որտեղ մարդիկ քայլում են, մեր հրապարակները ասֆալտապատ ճանապարհներ են՝ նույն Հանրապետության հրապարակը, Ֆրանսիայի հրապարակը: Մենք ուզում ենք, որ հրապարակը փաստացի կատարի իր առաքելությունը, լինի փակ մեքենաների համար, որ մարդիկ կարողանան այդ հրապարակը վայելել՝ ինչպես եվրոպական մայրաքաղաքներում»:

Ըստ այս նախագծի, Ֆրանսիայի հրապարակի հատվածում հետիոտնային անցումներով մոտ 4 հա կանաչ տարածք է դառնալու՝ ջրային գոտիներով. «Փաստացի օպերայի հատվածից դեպի վերեւ՝ կասկադ, էլի դառնում է հրապարակ: Երթեւեկությունը ավելի արդյունավետ կլինի: Ընդ որում, ճոպանուղու համակարգը մենք պատկերացնում ենք, որ քաղաքի կենտրոնը միավորելու է մնացած թաղամասերը: Ֆրանսիայի հրապարակի վերակառուցումը նաեւ այդ նպատակին է ծառայելու, այդտեղ լինելու է ճոպանուղու մեր հիմնական կայանը»:

Մեսրոպ Առաքելյանն արձանագրեց, որ այս մեգանախագծերի իրականացման արդյունքում Երեւանը դառնալու է մեգաքաղաք՝ եվրոպական քաղաքների մակարդակի:

Անդրադառնալով ծրագրի ֆինանսական մասին՝ Մեսրոպ Առաքելյան ասաց, որ հաշվարկված է, որ ստորգետնյա ավտոկայանատեղիները բավականին եկամուտ կարող են բերել: Սա 3-4 տարվա նախագիծ է, բայց փուլային տարբերակով է իրականացվելու եւ ամիսներ անց արդեն փոփոխությունները կարող են նկատելի լինել Երեւանում:

Ճարտարապետ, նախագծի հեղինակ Տելեմակ Անանյանը հավելեց, որ Շահումյան հրապարակի հատվածում կառավարության շենքի համար ստորգետնյա ավտոկայանատեղի են նախատեսել կառուցել. «Տարօրինակորեն, ներկայումս բացակայում է դա, 4-5 նախարարություն է ու ավտոկայանատեղիների հարցով չեն մտահոգվել մարդիկ, երեւի մտածել են, որ ճոպանուղիով են գալու աշխատանքի»:

Քննարկման մասնակիցներից մեկը հետաքրքրվեց՝ Օպերայի հատվածի կանգառները գնում են դեպի ստորգետնյա՞՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Չէ, բնական է, եթե թունելային հատված է այդտեղ լինում, օպերայի կանգառները արդեն տեղափոխվում են հարակից հատվածներ, ընդ որում, թունելային հատվածները բավականին փոքր են լինում՝ ընդամենը երեւի մոտ 50 մետրի չափով՝ Մաշտոցի պողոտայից: Բայց քանի որ այդտեղ մենք ունենք կարեւորագույն տրանսպորտային հատվածը՝ ճոպանուղին, մենք պատկերացնում ենք, որ այդ հատվածում հիմնականում ճոպանուղով սպասարկումով է լինելու: Փաստացի կանգառը դառնում է ճոպանուղու կանգառը, իսկ այն, ինչ կա, կտեղափոխեն մի քիչ այն կողմ: Ամենամեծ հեռավորությունը կանգառների ե՛ւ ճոպանուղու, ե՛ւ ավտոբուսների, լինելու է 600 մետր, այդ հաշվարկի մեջ տեղավորվում են ե՛ւ Ֆրանսիայի հրապարակի, ե՛ւ մյուս հատվածների կանգառները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930