Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պետք է ազդանշան լինի քաղաքական ուժերի համար՝ հասկանալու, ինչն են նրանք սխալ արել, որ այսպիսի արդյունքներ ունենք»․ Սոնա Այվազյան

Սեպտեմբեր 18,2023 17:29

«Ընդհանուր առմամբ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքը մեզ համար զարմանալի էր, քանի որ մենք չէինք պատկերացնում, որ խախտումների ականատես կլինենք՝ հատկապես իշխող ուժի կողմից»,- «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ»-ի կողմից կազմակերպված Երևանի ավագանու ընտրություններին նվիրված թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Նա հայտնեց, որ «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչները դիտորդություն են իրականացրել 290 ընտրատեղամասերում։

Խոսելով ընտրական գործընթացներում իրենց արձանագրած խախտումների մասին՝ Սոնա Այվազյանն ասաց․ «Ցավոք, նախընտրական ժամանակահատվածում մենք տեսանք խախտումներ՝ կապված վարչական ռեսուրսի օգտագործման հետ։ Նախընտրական փուլում ձևավորվել էր ազատ և մրցակցային մթնոլորտ, ավելի քիչ էր ատելության խոսքը, քան 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Բայց, ցավոք, այս մրցակցային միջավայրը աղավաղվեց վարչական ռեսուրսի կիրառման պատճառով։ Մենք արձանագրել ենք, որ վարչական ներկայացուցիչները թեկնածուներ են, կառավարությունը մեծ գումար հատկացրեց Երևան համայնքին, որը երկու անգամ ավելացրեց Երևանի քաղաքապետարանի բյուջեն։ Ուսուցիչներ, տարբեր նախարարությունների աշխատակիցներ բերվում էին իշխող ուժի նախընտրական հավաքներին։ Այս բոլոր խախտումները մեծապես ստվեր գցեցին ձևավորված մրցակցային մթնոլորտի վրա»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանն էլ նշեց՝ այս ընտրությունների ժամանակ արձանագրել են միտումներ՝ օրինակ՝ մարդկանց ուղղորդումը, վարչական ռեսուրսի օգտագործումը, որոնք հետհեղափոխական Հայաստանում նոր են, բայց նաև ըստ նրա՝ դրանք այն ծավալի չեն, որ ազդեցություն ունենային ընտրությունների արդյունքների վրա։

«Ականատես» դիտորդական առաքելության իրավաբան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանի դիտարկմամբ՝ Երևանի ավագանու ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ՝ առանց լուրջ խախտումների․ «Քվեարկությունը, դրա նախապատրաստումը, ձայների հաշվարկը հիմնականում իրականացվել է առանց խախտումների։ Չենք կարող ասել, որ խախտումները ունեին զանգվածային և սիստեմատիկ բնույթ և իրականացվում էին կոնկրետ մեկ ուժի կողմից»։

Նա նաև մտահոգություն հայտնեց, որ շատ խախտումներ, օրինակ՝ քվեատուփը կնքված չլինելը և այլն, հաճախ բխում էին նրանից, որ հանձնաժողովի անդամները չունեին բավարար տեղեկացվածության աստիճան։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այն, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել են նաև օտարերկրացիները, օրինակ՝ հնդիկները, Գենյա Պետրոսյանը պատասխանեց․ «Մեր Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս արտասահմանցիներին մասնակցել տեղական ընտրություններին, եթե մեկ և ավելի տարի բնակվում են տվյալ համայնքում։ Մենք չենք կարծում, որ սա լուրջ խնդիր է քննարկման համար»։

Հարցին՝ եթե համեմատության մեջ նայենք այս ընտրությունները, ապա ի՞նչ պատկեր է ստացվում, Սոնա Այվազյանը պատասխանեց․ «Այս ընտրություններն ավելի հանգիստ էին՝ 2018-ի կամ 2021-ի հետ համեմատած»։

Գենյա Պետրոսյանն էլ ասաց, որ մենք չենք կարող ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը մինչև 2018-ը և դրանից հետո նույն հարթության վրա դնել․ դրանք հնարավոր չէ համեմատել։ Սոնա Այվազյանն ընդգծեց․ «Եթե մենք միշտ համեմատենք հեղափոխությունից առաջ ժամանակահատվածի հետ, մենք չենք կարող առաջ գնալ։ Մենք չպետք է մտածենք, որ ունենք դրական առաջընթաց և հանգիստ լինենք և թույլ տանք մարդկանց սխալներ գործել։ Այդ դեպքում մենք կունենանք հետընթաց ժողովրդավարության հարցում։ Ցավոք, Հայաստանը մշտապես ունեցել է վատ աշխատող ընդդիմադիր համակարգ, և ուժերի հավասարակշռումը չի ապահովվում։ Ուստի անգամ գրանցված առաջընթացը մեզ չպետք է թույլ տա, որ մենք հանգիստ զգանք մեզ և հետընթաց գրանցենք»։

Իսկ թե ինչո՞ւ էր Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության այսպիսի ցածր ցուցանիշ, այս առիթով Սոնա Այվազյանն ասաց․ «Սա լուրջ ուսումնասիրության հարց է։ Այստեղ կարող է լինել վստահության պակասը, անվտանգային հարցեր։ Պետք է ուսումնասիրվի նաև, թե ինչու որոշ ուժեր, որոնք պասիվ էին քարոզարշավի ընթացքում այդքան մեծ տոկոս ձայներ ստացան։ Սա, ինչպես նաև քվեարկության մասնակցության ցածր տոկոսը պետք է ազդանշան լինի քաղաքական ուժերի համար, թե ինչն են նրանք սխալ արել, որ այսպիսի արդյունքներ ունենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930