Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգություն, ինքնություն, ինքնիշխանություն, մոբիլիզացիա, երկիրը կորցնելու վախ․ FIMI-ի տարածված նարատիվները՝ Մոլդովայում և Հայաստանում

Հուլիս 06,2026 22:45 Share

«Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումն անակնկալ չէր, բավականին կանխատեսելի էր»,- Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) կողմից անցկացված «Քվեարկությունից հետո. FIMI-ի մարտավարություններն ու դրանց ազդեցությունը Մոլդովայում և Հայաստանում» թեմայով վեբինարի ընթացքում, անդրադառնալով ՀՀ-ում ընտրական և հետընտրական գործընթացներին, այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը։

Ըստ նրա՝ թերևս քաղաքական ուժերի կողմից գոնե ակնկալիք կար, որ ՍԴ-ն կվերականգնի 3 տեղամասերում անվավեր ճանաչված ընտրությունների արդյունքները։

Վարդինե Գրիգորյան

Գնահատելով նախընտրական քարոզարշավն ու ընտրական փուլը՝ Վարդինե Գրիգորյանն ասաց․ «Քննարկումները բևեռացված էին, և քաղաքական ուժերի նպատակն էր բևեռացնել ընտրարշավը որքան հնարավոր է շատ։ Մի կողմն ասում էր, որ մենք երկիր ենք կորցնում և երկիրը տալիս ենք Ռուսաստանին, մյուս կողմն ասում էր՝ երկիրը տալիս ենք Թուրքիային։ Եվ այս համատեքստում էր ՀՀ քաղաքացին կատարում իր ընտրությունը, և նրա դերակատարությունը մեծ էր»։

Ռուսաստանյան Provereno.media-ի գլխավոր խմբագիր Դանիլ Ֆեդկևիչն ասաց, որ ուսումնասիրել են՝ ՀՀ-ում FIMI-ի (ապատեղեկատվություն, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն) ինչ դրսևորումներ են եղել, որի մասին մեծ հոդված են պատրաստել․

«Դա վերաբերում էր հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ապատեղեկատվական պայքարին։ Զուգահեռներ անցկացնելով մոլդովական փորձի հետ՝ նշեմ, որ Հայաստանում ապատեղեկատվությունն ու օտարերկրյա միջամտությունը ինտենսիվ բնույթ ուներ։ Մի կողմից այն շատ ինտենսիվ էր՝ հազարավոր ֆեյքեր էին օգտագործվում նույն նարատիվներն առաջ մղելու և տարածելու համար, բայց միևնույն ժամանակ դրանցից ոչ մեկը չդարձավ որոշիչ։

Այդ կեղծ նարատիվները տարածում էին տելեգրամյան ալիքներով կամ X էջերով, որոնք հատկապես ստեղծվել էին ապատեղեկատվությունը իրավական դարձնելու և տարածելու համար, ինչպես նաև ԶԼՄ-ներում հրապարակելու համար»։

Ատլանտյան խորհրդի թվային դատաբժշկական հետազոտությունների լաբորատորիայի (DFRLab) հետազոտող Վիկտորյա Օլարին էլ, ներկայացնելով իրենց հետազոտությունների արդյունքները, ասաց․ «Մոլդովան ու Հայաստանը մեզ ներկայացնում են ընդհանուր խնդրի երկու տարբերակները։ Հայաստանում և Մոլդովայում կային ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտությունների՝ իրար նման շատ օրինակներ։ Բայց նարատիվները շատ դեպքերում տարբեր էին։

ՀՀ-ում տարածված նարատիվներն էին՝ անվտանգությունը, ինքնության պաշտպանության հարցերը, ինքնիշխանությունը, պատերազմի հետևանքները։ Մոլդովայում մենք տեսել ենք ինտեգրման հետ կապված նարատիվներ, Ռուսաստանի ազդեցությունը, ՆԱՏՕ-ի հետ կապված հարցեր, մոբիլիզացիան, երկիրը կորցնելու վախը»։

Ըստ Վիկտորյա Օլարիի՝ երկու երկրների դեպքում էլ FIMI-ի իրականացման մեխանիզմները նույնն են եղել․ «Դրանցից ամենավառ արտահայտվածն այն էր, որ նպատակ կար ցույց տալու, որ այս ընտրությունը ոչ թե քաղաքական ընտրության մասին է, այլ ավելի շատ աշխարհաքաղաքականության։ Մյուս ընդհանրությունն այն էր, որ արտաքին նարատիվները ներկայացվում և տարածվում էին տեղական ձայների՝ տեղական քաղաքական գործիչների միջոցով»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031