Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջ հայության համար արտակարգ դրություն պետք է հայտարարենք, պատերազմը Երեւան է հասնելու»․ «Ազատազէն»-ը հակաճգնաժամային շտաբ է ձեւավորում

Սեպտեմբեր 20,2023 16:45

«Եկեք, միացեք, պայքարենք» կոչով այսօր «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ-ն հայտարարեց հակաճգնաժամային կառավարման շտաբ ձեւավորելու մասին։

«Ազատազէն»-ը ՀՀ կառավարությունից պահանջել էր այսօր՝ մինչեւ ժամը 14:00-ն հայտարարել ռազմական դրություն, սկսել զորահավաք, պետական և մասնավոր ամբողջ ռեսուրսն ուղղել Արցախի և Արցախում ապրող ՀՀ քաղաքացիների պաշտպանությանը։ Ժամը 14։00-ին Գարեգին Նժդեհի արձանի մոտ հրավիրած հավաքի ժամանակ «Ազատազէն»-ի անդամները հայտարարեցին, որ Արցախում վերջին ժամերին իրավիճակը փոխվեց, հետեւաբար իրենց գործողություններն էլ պետք է փոխվեն։ «Նախատեսում ենք այսօրվանից ձեւավորել հետագա գործողությունների համար այսպես ասած հակաճգնաժամային կառավարման շտաբ, որի նպատակը լինելու է մեր երկրի հաղթանակի ձեւակերպումն ու դրան ուղղված գործողությունների իրականացումը։ Արցախով ոչինչ չի ավարտվել, չի էլ ավարտվելու, եթե կարծում ենք, որ վաղվանից ոչ մի բան չպետք է անենք, չարաչար սխալվում ենք, որովհետեւ պատերազմն ու ռումբերը Երեւանին են հասնելու»,- հայտարարեցին «Ազատազէն»-ի անդամները։

«Ազատազէն» ռազմակրթական ՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանն
ասաց․ «Հիմա անիմաստ է վերլուծել՝ կապիտուլյացիա եղել է, թե՞ ոչ։ Փաստն այն է, որ ադրբեջանցիները քայլ առ քայլ հայեր սպանելով՝ գալիս են առաջ։ Երբ նախորդ տարվա սեպտեմբերին Ջերմուկից վերադարձանք, բոլորով որոշեցինք, որ խաղաղություն է մեզ մոտ, ստացանք Սոթքի դեպքերը, Սոթքից վերադարձանք, ստացանք սա։ Այս ցիկլը փոխելու մի ձեւ կա՝ մեր քայլերը պետք է փոխենք, եթե մենք՝ որպես հայություն, մեր քայլերը չփոխենք, ադրբեջանցիները խոսք են տվել, որ իրենց քայլերը չեն փոխելու։ Եվ եթե մենք դա գիտակցում ենք, պետք է գիտակցենք, որ արտակարգ վիճակ է։ Եթե ողջ ազգով գիտակցենք, որ արտակարգ իրավիճակ է, ով պետք է որոշի, որ արտակարգ իրավիճակ է, կորոշի։ Իսկ եթե չի որոշի, մենք իր փոխարեն կորոշենք։ Այլընտրանքը հերթական հարձակումն է՝ հաջորդը լինելու է վեց ամսից, 10 ամսից։ Ադրբեջանցիներն Արցախի տարածքի հայերին ունեզրկել ու սպանել են, հիմա անցնելու են մյուս տարածքի հայերին»։

Իշխան Գեւորգյանը նշեց, որ փաստացի պետք է ֆիքսել հետեւյալը՝ մենք լուռ նայել ենք, թե ինչպես են Արցախում հայ սպանում։ «Դրա դեմը պետք է առնենք, որովհետեւ դա մեզ չի ներվելու։ Մենք պետք է գործենք, մենք պետք է հիմնենք այն շտաբը, որի միջոցով այդ արտակարգ իրավիճակը կսահմանենք՝ մարդկանց հատ-հատ համոզելով, որ քո կյանքում արտակարգ վիճակ է եղբայր, այս անգամ մատաղ տվեցինք ուրիշ հայերի, մյուս անգամ քո տղան է լինելու։ Եվ այս արտակարգ իրավիճակը միայն Հայաստանում չի լինելու, Արցախում չի լինելու, աշխարհի հայերի համար է լինելու, հայն իրեն հարց է տալու՝ արտակարգ իրավիճա՞կ է, ու սկսելու է գործել։ Եթե մենք ունենանք այն քանակի հայ, որոնք այդ հարցին «այո» կպատասխանեն, արտակարգ իրավիճակը բոլորը խելոք կընդունեն։ Իսկ եթե արտակարգ իրավիճակով գործենք, Նժդեհը, Ավոն, մեր մյուս մեծերը ցույց են տվել, որ փրկություն լինում է»,- հայտարարեց նա։

«Ազատազէն»-ի խորհրդի անդամ Տարոն Բաղդասարյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ Հայաստանը չի ստանձնում Արցախի անվտանգության երաշխավորի դերը։ «Նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ռուսաստանը ճանաչել է Արցախի անվտանգության ապահովումը, բայց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը փաստացի չի աշխատում։ Հետեւաբար, ի՞նչը պետք է աշխատի իրավական հարթության վրա, այն բոլոր որոշումները, հայտարարությունները, որոնք մինչեւ այս Հայաստանն արել է։ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ստանձնել է Արցախի Հանրապետության եւ Արցախի բնակչության անվտանգության երաշխավորի դերը։ Ուստի, եթե ՀՀ-ն պարտադրում է այլ պետություններին՝ իրավական գործընթացներ իրականացնել, առաջինը ՀՀ-ն պետք է Արցախի հանդեպ կատարի իր իրավական պարտականությունները։ Այսօր մեր բոլորի աչքի առաջ Արցախում տեղի է ունենում ցեղասպանություն, իսկ մենք ոչինչ չենք կարող անել։ Մենք չենք կարող ուղղակի գնալ զենք վերցնել ու ասել՝ գնում ենք կռվելու։ Դա իր նպատակին չի ծառայելու, մենք ուզում ենք, որպեսզի պետությունը մեզ ուղարկի կռվելու։ Եվ դա է պատճառը, որ մենք մեր ղեկավարությանն առաջարկել էինք, որպեսզի հայտարարի արտակարգ դրություն եւ զինի այն բոլոր անձանց, ովքեր ի վիճակի են զենք բռնել ու գնալ ստանձնել Արցախի պաշտպանությունը։ Իմ կարծիքով՝ դեռ ուշ չէ, ՀՀ-ն կարող է շարունակել ստանձնել Արցախի եւ Արցախի բնակչության անվտանգության երաշխավորությունը»,- ասաց Տարոն Բաղդասարյանը։

«Ազատազէն»-ի խորհրդի անդամ Կորյուն Դավթյանն
իր ելույթում ասաց․ «Այսօր փաստացի հայությունն ունի քաղաքական իշխանություն, որն արտակարգ դրություն չի հայտարարում, ունենք հոգեւոր իշխանություն, որն արտակարգ դրություն չի հայտարարում, եւ մեզ մնում է մի բան, որ ինքներս մեզ համար հայտարարենք արտակարգ դրություն։ Ամբողջ հայության համար արտակարգ դրություն պետք է հայտարարենք, սա նշանակում է, որ ավելի կարեւոր ու առաջնային անելիք չկա, քան հայությանը թմբիրից հանել եւ այս ճգնաժամային իրավիճակում տանել հաղթանակի ճանապարհով։ Ստեղծվելու է 24 ժամ աշխատող ճգնաժամային կառավարման շտաբ, եւ բոլոր կարող ուժերին, բոլոր կարող մարդկանց կոչ ենք անում՝ կարող եք գալ, մենք բաց ենք բոլորի հետ քննարկումների ու աշխատանքի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930