Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատրոնի դռները երբեք չեն փակվելու»․ Գյումրիում մեկնարկեց 158-րդ թատերաշրջանը (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 30,2023 12:50

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում երեկ մեկնարկեց 158-րդ թատերաշրջանը։ Ողբերգական այս օրերին ևս  հանդիսատեսը չի լքում  իր սիրելի թատրոնը, նկատելի է, որ հույս, մխիթարանք գտնում է հենց այստեղ։

Առաջնախաղը «Շարքային թռչնակն էր»՝ այս օրերին համահունչ  հուզական մի ներկայացում, որտեղ ցուցադրվում է պատերազմի  արհավիրքների միջով անցած երկու մանկության ընկերների հոգեվիճակը։ Նրանցից մեկը պարփակվել էր իր մեջ,  իրեն թռչնակ էր երևակայում, երազում  թռչելու, թևերը միշտ վեր պահելու մասին։

Մյուս երիտասարդը՝ Էլը, որը քմահաճ էր դարձել․ պատերազմի դրվագները հաճախակի էին  հիշողության մեջ վերականգնվում,  փորձում էր օգնել  ընկերոջը թռչնակի հոգեվիճակից դուրս գալու։

Պատերազմի սարսափն ապրած այս երիտասարդներն ի վերջո կարողանում են ուժ հավաքել, վերագտնել իրենց, ցույց տալիս, որ ամեն ինչ հաղթահարելի է ու չպիտի թույլ՝ պատերազմը  կործանի մարդուն։

Հոգեբանական այս դրաման բեմադրել է  հրավիրված ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանը․ այն Ուիլյամ Ուորթոնի «Թռչնակ» պիեսի հիման վրա է։

Տաթևիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հեղինակի  այս գործը չի ընտրել պատահական, այնտեղ կար թե՛ խաղաղության ձգտումը, թե՛ երիտասարդ տղաների  հետպատերազմյան հոգեբանական վիճակը։  Գլխավոր դերերում Արսեն ու Արտուշ Միքայելյաններ են։

Գյումրու թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը ներկայացումից առաջ ելույթ ունեցավ՝ասելով, որ պատրաստվում էին տոնի վերածել 157-րդ թատերաշրջանը, շքեղ նշել, հատկապես, որ թատրոնում փոփոխություններ կային, մեծ գործ էր կատարվել․  դիմապակիներն էին փոխվել, սակայն եղավ այն, ինչ եղավ։

Նա նշեց, որ 4 տարի է՝ ամեն սեպտեմբերի բեմ է բարձրանում ու ասում, որ պատրաստվում էին  մեծ շուքով նշել թատերաշրջանի բացումը, բայց չեն կարողանում՝ պայմանավորված պատերազմներով։

«Ընթացքում շատ դռներ փակվեցին, բայց թատրոնի դուռը չպիտ փակվի։ Ես վստահ եմ՝ եթե թատրոնի ու մշակույթի դռները չփակվեն, այն դռները, որոնք փակվել են, օրերից մի օր բացվելու են»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Նրա այս խոսքերն արժանացան դահլիճի բուռն ծափահարություններին։

Լյուդվիգ Հարությունյանը հայտարարեց՝ սկսել են աշխատանքներ արցախահայության համար, նրանց կողքին են լինելու, հոկտեմբեր ամսվա բոլոր ներկայացումները նվիրվելու են նրանց։

«Եթե այսօր լիներ կատակերգություն, մենք գուցե չխաղայինք, բայց այս ներկայացումը պատերազմի հետևանքի մասին է։ Մենք չենք կասկածում, որ այսօր էլ թատրոնը լեփ-լեցուն է լինելու, հանդիսատեսը գալու է, գիտեք ինչու, որովհետև 1988 թվականին՝ ավերիչ երկրաշարժի ժամանակ, այս թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հակոբ Ղազանչյանն է եղել, նա հիմա այս դահլիճում է, կփաստի,  թատրոնի վարագույրները մեկ տարի անց բացել է կոմեդիայով։

Պարոն Ղազանչյանն ասել է՝ պիտի բացվի, ու մենք պիտի ներկայացում խաղանք։

Թիկունքը միշտ ուժեղ պիտի լինի։ Ես ուզում եմ, որ մենք չկոտրվենք, ես չեմ կոտրվում, ասում եմ՝ լավ է լինելու, հավատում եմ»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ստեփանակերտի թատրոնի դերասանները եթե տեղափոխվեն Գյումրի ապրելու, պարտադիր պիտի ստեղծագործեն Գյումրու դրամատիկականում։

Թատերական  գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Թատերական գործիչների միությունը մտադրություն ունի պահպանել  Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան լեգենդար թատրոնը։

Նրանց կտրամադրեն Թատերական գործիչների միության շենքը, դահլիճը, կգտնեն հովանավորներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930