Իշխանական քարոզչամեքենան՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարից սկսած, փորձեց Փաշինյանի՝ Գրանադա մեկնելը և ընդունված հայտարարությունները ներկայացնել որպես մեծ հաջողություն, թե իբր Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Միևնույն ժամանակ անընդհատ շեշտվում է, թե անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է:
Այստեղ մի քանի վտանգավոր հանգամանք կա, կան նաև որոշ հարցեր: Նախ՝ եթե անկլավների հարց չկա, եթե սահմանազատման ու սահմանագծման հարցերը հետագայում են լուծվելու, ի՞նչ հաշվարկով է ճանաչվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրով: Երկրորդ՝ երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները սկսում են խոսել հաղթանակի մասին, դա ոչ մի լավ բանի մասին չի խոսում, ավելին՝ արդեն իսկ չարագուշակ նշան է։
Արցախյան 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում էլ ՀՀ իշխանությունները օրուգիշեր ողջ ուժով քարոզում էին, թե «հաղթելու ենք», «հաղթում ենք», նույնիսկ այդ կարգախոսին նվիրված հատուկ ցուցանակներ էին պատրաստել՝ ցույց տալու համար, որ հաղթանակը մոտալուտ է, բայց վերջում պատերազմն ավարտվեց կապիտուլյացիոն հայտարարությամբ, հսկայական մարդկային ու տարածքային կորուստներով:
Հաջորդը: Ադրբեջանն անցած տարի ձեռնամուխ եղավ Լաչինի միջանցքը փակելուն, ապա ՀՀ իշխանություններն այդ հարցով դիմեցին Արդարադատության միջազգային դատարան։ Թեմայի շրջանակներում դատարանը փետրվարի 22-ին որոշում ընդունեց, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Եվս մեկ անգամ էլ Հաագայի դատարանը վերահաստատեց իր այդ որոշումը։
Կարդացեք նաև
Դրանից հետո մեր իշխանությունները, նրանցից ավելի ակտիվ՝ մերձիշխանական սատելիտները սկսեցին տարփողել, թե՝ Հաագայի դատարանի որոշումը մեծ հաղթանակ է, որին հաջողվել է հասնել, թե՝ ուր որ է, Ադրբեջանը չի դիմանա միջազգային ճնշմանը և այլն: Բայց հընթացս տեսանք, որ Ադրբեջանը ոչ միայն չկատարեց այդ որոշումը, այլև նոր հարձակում նախաձեռնեց Արցախի դեմ։ Այս անգամ էլ Գրանադայում Փաշինյանի «հաղթանակի» արձագանքը երկար սպասել չտվեց։ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ «Ադրբեջանի ութ գյուղեր դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ»։ Արցախի հայաթափումը հանգիստ մարսելուց հետո ահաբեկչական կազմավորման ղեկավարը արդեն, ըստ էության, բաց խոսում է ադրբեջանական անկլավների մասին։ Դրա համար էլ հանրության շրջանում հարց է ծագում, թե Փաշինյանը Գրանադայում ի՞նչ փաստաթուղթ է ստորագրել ժողովրդի թիկունքում, որ Ալիևը նոր տարածքներ է պահանջում։
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

















































