Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի, ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանի և պատասխանատու այլ պաշտոնյաների հետ այսօր այցելեց Վանաձորի Տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոն (ՏՄԱԿ) և Վանաձորի պետական համալսարանի «Բազում» ուսումնամարզական հանգրվան, ուր ժամանակավոր կացարան են գտել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներ:
Մարզպետը զրուցեց ժամանակավոր կացարաններում բնակվող քաղաքացիների հետ, ծանոթացավ կեցության պայմաններին, լսեց նրանց կարիքները: Ա. Խաչատրյանը քաղաքացիներին իրազեկեց պետության կողմից տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերի մասին և պատասխանեց նրանց հուզող հարցերին։
– Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Կառավարության ուշադրության կենտրոնում են, միասնական ջանքերով հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները,- ասաց Ա. Խաչատրյանը:
Վանաձորի Տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնում այժմ բնակվում է 42 բռնի տեղահանված անձ, իսկ Վանաձորի պետական համալսարանի «Բազում» ուսումնամարզական հանգրվանում՝ 46: Նրանք պետական միջոցներով ամեն օր ստանում են տաք սնունդ, դեղորայք, հիգիենայի և այլ պարագաներ: Պետության ուշադրության կենտրոնում են գտնվում նաև նրանց առողջապահական խնդիրները, աշխատանքի տեղավորման հարցերը:
Կարդացեք նաև
Լոռու մարզպետի աշխատակազմ

















































