Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ հրապարակներում ասում էինք՝ մեր ձեռքերը կկտրենք, բայց մի քաղաքացու քվեին չենք կպնի, անառարկելիորեն ապացուցել ենք». Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 10,2023 23:13

«Սկսենք նրանից, թե ո՞վ հաղթեց եւ ո՞վ պարտվեց. հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեց ընտրողը, այն ընտրողը, որը գնաց ընտրական տեղամաս եւ նաեւ այն ընտրողը, որը չգնաց տեղամաս, որովհետեւ դա էլ է ընտրություն եւ հաղթեց հեղափոխությունը»,- այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին եւ դրա արդյունքում այսօր ՔՊ-ի թեկնածուի քաղաքապետ ընտրվելուն, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի վերլուծություններով, եթե Երեւանի ավագանու ընտրությունների ձայների հաշվարկի արդյունքում 50-150 քվե այլ կերպ դասավորվեր, միանգամայն այլ քաղաքական իրավիճակ կունենայինք: Այս ընտրությունների արդյունքները, նրա գնահատմամբ, հավաստում են իշխանության հավատարմությունը 2018-ի հեղափոխության արժեքներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, «ժողովրդի կամքի նկատմամբ անառարկելի եւ անքննարկելի հարգանքին» եւ այն, որ սին էին նախընտրական շրջանի հայտարարությունները, թե իշխանությունը ուզուրպացնելու է, վարչական ռեսուրսի կիրառմամբ, խախտումներով եւ այլն:

«Այսինքն, այն, որ մենք հրապարակներում ասում էինք, որ մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց մի քաղաքացու քվեին եւ քվեաթերթիկին չենք կպնի եւ չենք կեղծի, մենք արդեն անառարկելիորեն երկու անգամ ապացուցել ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ իր կարծիքով, բոլորին էլ պարզ է, որ ՀՀ-ում որեւէ մակարդակում, որեւէ իշխանություն կարող է ձեւավորվել միայն ժողովրդի ազատ կամարտահայտմամբ:

Ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետեւությունն այն է, որ այն ուժերը, որոնք հանդես են եկել 2018-ի հեղափոխության արժեքների կրող եւ պաշտպան, 60 տոկոսից ավելի ձայն են հավաքել: Նա այլ հարց է համարում, թե այդ ուժերից որո՞նք են իրականում այդ արժեքների կրողները, որոնք՝ մանիպուլացնում են: Կարծում է նաեւ, այս ընտրությունների արդյունքները ցույց տվեցին այն ուժերին, որոնք հենվում են «հեղափոխության արժեքների վրա» եւ դրվատանքի խոսք ասաց «Հանրապետություն» կուսակցության մասին, որի հետ Երեւանում ՔՊ-ն համատեղ կառավարում է իրականացնելու:

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ լավ կլինի Տիգրան Ավինյանը համախմբի բոլոր ուժերին եւ այդ թվում նաեւ ընդդիմադիրների ծրագրային դրույթների նկատմամբ «սեփականատիրական» կեցվածք դրսեւորի:

Դիտարկմանը՝ ընդդիմությունն էլ իշխանությունն էլ կախված մնացին «Դոգից» եւ նրա կուսակցությունից, Նիկոլ Փաշինյանը հակադարձեց, որ ընտրությունների քվեարկության արդյունքներն իշխանությանը մտածելու, վերլուծելու, հետեւություններ անելու տեղիք տալիս են, բայց ինքը, գոնե այս փուլում, որեւէ կերպ չի ցանկանում քննարկման առարկա դարձնել ընտրողի որոշումը՝ կասկածի տակ չդնելով այն:

Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031