Լրահոս
Օրվա լրահոսը

«Վատ լուր ունեմ, պարոն Լավրով, մենք պատրաստ ենք մինչեւ վերջ պայքարելու, որովհետեւ Հայաստանը սուվերեն երկիր է»․ Նինա Կարապետյանց

Հոկտեմբեր 17,2023 12:20

«Ինձ թվում է՝ պարոն Լավրովը ժամանակին լավ չի սովորել բուհում, այլապես ինքը կիմանար, որ տրամաբանության ամենամեծ սխալներից մեկն է անում»,- այս մասին «Մեդիա» կենտրոնում հրավիրած «Ովքե՞ր են Հայաստանում գեներացնում հակառուսական տրամադրություններ․ արդյո՞ք ՀԿ-ները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար Նինա Կարապետյանցը։

Հոկտեմբերի 12-ին, Բիշքեկում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր․ «Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա արհեստականորեն արվում է հասարակական կազմակերպությունների կողմից: Մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություն է ստեղծվել, նախկինում էլ շատ էին: Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով, այլ՝ հակառակը: Նրանք նպատակ ունեն հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար, ինչպես նաև փորձում են Հայաստանի միջոցով առաջ տանել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շահերը տարածաշրջանում: Մենք տեսնում ենք այդ փորձերը, դրանք ինչ-որ արդյունքի են հասնում»։

Նինա Կարապետյանցի խոսքով․ «Եթե դու սնվում կամ ֆինանսավորվում ես որեւէ աղբյուրից, դա չի նշանակում ուղիղ իմաստով, որ դու ինչ-որ մեկի գաղափարներն ես այստեղ գեներացնում։ Մենք էլ գիտենք, պարոն Լավրով, թե հատկապես վերջին տարիներին ինչքան շատ հասարակական ու իրավապաշտպան կազմակերպություններ են ստեղծվել Հայաստանում եւ թե ինչ են իրենք գեներացնում։ Ցավալիորեն մեր իշխանություններն այդպես էլ չգնացին լյուստրացիայի, վեթինգի ճանապարհով, եւ հասարակությունը դառը մոլորության մեջ է, իրենք չեն կարողանում հասկանալ՝ թե ինչ է տեղի ունենում»։

Նինա Կարապետյանցի խոսքով՝ հակառուսական տրամադրություններ Հայաստանում որեւէ մեկը երբեւէ չի գեներացրել։ Այն տրամադրությունները, որոնք մենք ունենք, այս վերաբերմունքը Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ գեներացվում է բացառապես ՌԴ գործող իշխանության վարքագծով պայմանավորված։ «Այն ռուսաստանյան տրամադրությունները, որոնք իրենք են գեներացնում, ոչ մեկը չի կարող գեներացնել, մեր բոլորի ռեսուրսը չի բավականացնի։ Այնպես որ, պարոն Լավրովը կարողացել է իրենց երկրի ներսում ստեղծել մի իրավիճակ, որի պայմաններում հասարակական կազմակերպությունները, որոնք շարժիչ ուժ են երկիրը զարգացնելու համար, կարողացել են մաքրել, սրբել, անել ամեն ինչ, որպեսզի այլեւս ռուսաստանյան հասարակական կազմակերպություններ չմնան Ռուսաստանում, որեւէ մեկը որեւէ խնդրի մասին իրավունք չունենա խոսելու։ Հիմա, քանի որ իր երկրի ներսում այդ խնդիրը լուծել է, ինքը որոշել է անցնել իր պատկերացմամբ՝ իր վերահսկողության ներքո կամ ֆոկուս խմբի մեջ գտնվողներին, եւ դա վերաբերում է նաեւ Հայաստանին»,- հավելեց նա։

Իրավապաշտպանը նշեց, որ ռուսաստանյան հասարակական կազմակերպություններից շատերը տեղափոխվել են Հայաստան, եւ բոլոր ժամանակներում Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հազարապատիկ ավելի ազատ է եղել, քան հետխորհրդային երկրների բոլոր հասարակական կազմակերպությունները։ «Հետեւաբար, այո, պարոն Լավրովը սրտնեղում է նրանցից, որ այստեղ կան ազատ մարդիկ, մտածող մարդիկ, ՀՀ շահերից խոսող մարդիկ, ՀՀ սուվերենության, պաշտպանվածության եւ այլ հարցերի հետ կապված հարցեր են բարձրացնում, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների առաջ ենք այդ հարցրեը բարձրացնում։ Այնպես որ, պարոն Լավրովը թող հանգիստ նստի իր տեղը, ինքն այստեղ անելիք չունի։ Եթե իրեն թվում է, որ այստեղ մի քանի կազմակերպություն է կարողացել ստեղծել եւ մեծ թվով ագենտներ ունի, դա չի նշանակում, որ Հայաստանում պետք է իրենց կանոններով աշխատեն։ Երբ գործող իշխանությունները չպատասխանեցին Կոպիրկինին, երբ ինքը հրահանգ տվեց փակել մարդկանց բերանը, ՌԴ դեսպանատան առաջ ցույց անող մարդկանց եւ բռնության ենթարկեցին, եւ ոստիկանության տարան ծեծեցին, եւ ոչ մի հիմք չունեցող բազմաթիվ քրեական գործեր հարուցեցին, այդ ժամանակվանից ոտավորվեցին եւ ենթադրեցին, որ իրենք այստեղ կարող են եղանակ ստեղծել։ Վատ լուր ունեմ, պարոն Լավրով, մենք պատրաստ ենք մինչեւ վերջ պայքարելու, որովհետեւ Հայաստանը սուվերեն երկիր է»,- ասաց Կարապետյանցը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031