Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը կհանվի Գյումրու թատրոնի շենքից․ հայտնի է, թե ուր կտեղափոխվի

Հոկտեմբեր 30,2023 19:20

Հակոբ Հակոբյանի՝ ազգային արժեք ճանաչված «Սարերում» որմնանկարը, որը լքված գործարաններից մեկի շենքից Գյումրու դրամատիկական թատրոն էր տեղափոխվել 7 տարի առաջ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի գրահասենյակի ֆինանսավորմամբ, կհանվի ու կտեղափոխվի Գյումրու քաղաքապետարանի շենքի  3-րդ հարկի ճեմասրահ։

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ինչպես Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի բաժնի պետ Հրայր Կարապետյանն, այնպես էլ  «Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի» տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանը։

Ուրբաթ օրն այս որմնանկարի տեղափոխման հարցով Գյումրի էին այցելել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հուշարձանների պահպանության վարչության ներկայացուցիչներ, որոնք մասնագետների հետ շրջայց են կատարել մի քանի կառույցներ՝ որմնանկարի տեղափոխման համար ճիշտ  վայր ընտրելու։

Aravot.am-ի հետ զրույցում Հրայր Կարապետյանն ասաց՝ ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ամենահարմարվետ ու ապահով տեղը Գյումրու քաղաքապետարանի շենքի երրորդ հարկի ճեմասրահն է․ առաջարկված մյուս տեղերում որոշակի խնդիրներ են եղել՝ կապված  որմնանկարի պահպանման, ջերմաստիճային պայմանների, դիրքի հետ։

Հիշեցնենք, որ  թատրոնի ճեմասրահը ևս ապահով տեղ չէ որմնանկարի համար, համապատասխան ջեռուցում չլինելու պատճառով այն վնասվել է։ Բացի այդ, այն վնասվել էր նաև տեղումների ժամանակ․ անձրևն ու ձյունը ներս են թափանցել պատուհաններից։

Որմնանկարն իր հերթին փակել է թատրոնի լուսավորությունը։

Թատրոնի ղեկավարությունը մշտապես ահազանգում էր այս մասին՝ նշելով, որ անհրաժեշտ է փրկել թե՛ այս մշակութային արժեքը, և թե՛ թատրոնի շենքը։

Թատրոնի շենքի դիմապակիները փոխելուց հետո կար մտավախություն, որ որմնանկարն այլևս չեն տեղափոխի թատրոնի շենքից, քանի որ այն ներս էին մտցրել հենց պատուհաններից։

Նկատենք, որ Գյումրու քաղաքապետարանի շենքը, որը  քաղաքի շքեղ կառույցներից մեկն  է, հավակնում է դառնալ նաև մշակութային արժեքավոր կառույց, նիստերի դահլիճում Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարն է, այս նույն որմնանկարի մի հատված էլ երրորդ հարկի միջանցքում է փակցված, և շատերը հատուկ այցելում  են քաղաքապետարանի շենք՝ որմնանկարը տեսնելու։

Ի դեպ, նշենք, որ քննարկվել է նաև «Սարերում» որմնանկարը Գյումրու «Շիրակ» օդանավակայան կամ երկաթգծի կայարան տեղափոխելու հարցը։ Երկաթգծի կայարանի տնօրինությունն առարկել է։

«Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի» տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանը, որն առաջարկում էր այն տեղափոխել երկաթգծի կայարանի ճեմասրահ, քանի որ  հարմարավետ տեղ է, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց հետևյալը․ «Հարավկովկասյան երկաթուղու»  տնօրենն ասում էր՝ ես տեղադրելուն դեմ չեմ, սա ձեր կառավարության գույքն է, մենք շահագործում ենք,պարզապես դրա վերականգման հետ ծախսեր կան, մենք դա անել չենք կարող։ Այստեղ պատասխանատվությունից է խուսափում  մարդը, իր դաշտը չէ։

Բայց չեմ կարծում, որ ՀՀ օրվա կառավարությունը եթե որոշում կայացնի տեղադրել, պետական հուշարձանի պահպանության ու խնամքի խնդիրը դա զուտ մեր պետության, մեր կառավարության խնդիրն է, այլ երկրի որևիցե մի կառույց դրանով չպիտի զբաղվի, մենք կարող է ունենայինք առարկություն։

Այսինքն՝ այստեղ  տեղի է ունեցել մի բան, առաջարկը լավ է, նորմալ է,  բայց կա անհասկացվածություն», -ասում է Արթուր Գևորգյանը։

«Շիրակ» օդանավակայան տեղափոխելու հետ կապված էլ «Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի» տնօրենն ասաց, որ նախ օդանավակայանը վերանորոգվում է,  բացի այդ՝ փորձագիտական մակարդակով չի հաստատվում այնտեղ տեղափոխելը, տարածքը չի համապատասխանում որմնանկարի չափերին, դիտման կետ չի ապահովվում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031