Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Չէինք պատկերացնում, որ մեզ կասեին՝ դուրս եկեք, Արցախը հանձնված է։ Մենք թուրքի հետ համատեղ ապրել չենք կարող»

Նոյեմբեր 04,2023 20:18

Արցախից բռնի տեղահանված Իննա Ծատրյանը չի կորցնում հույսը, որ մի օր կվերադառնան Արցախ։ Բայց, նրա խոսքով, վերադարձը միայն այն դեպքում է հնարավոր, եթե Արցախն Ադրբեջանի վերահսկողության տակ չլինի։ Ծննդով Շուշիից, 1988 թվականից Ստեփանակերտում բնակություն հաստատած Իննան մոր, հաշմանդամություն ունեցող մորաքրոջ ու մորեղբոր հետ սեպտեմբերի 27-ին բռնի տեղահանվել ու եկել է Հայաստան։ Ստեփանակերտից բերել են միայն իրենց հագուստը, տեղավորվել են Գորիսի հյուրատներից մեկում՝ մեկ սենյակում 4 հոգով։

Իննան ասում է, որ քանի դեռ Արցախն Ադրբեջանի ենթակայության տակ է, արցախցիները չեն վերադառնա։ Ադրբեջանի իշխանության վարած ագրեսիվ ու ցեղասպանական գործողությունները փաստում են, որ Ադրբեջանի ենթակայության տակ արցախահայերը չեն կարող անվտանգ ապրել։ «Արցախ կվերադառնամ այն դեպքում, եթե այնտեղ ընդհանրապես թուրք չլինի, թուրքի ոտքը չլինի անգամ։ Ո՞նց կարող ենք նրանց հետ համատեղ ապրել, եթե մեր տղաներին կոտորել են»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Իննան։

Այնուհետեւ հիշում է դրվագը, թե ինչպես են ադրբեջանցիները սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ գերեվարել իր տարեց ազգականուհուն։ Ադրբեջանցիները ծեր, կին ու երեխա չեն խնայում, հարձակման օրերին ռմբակոծել են բնակավայրերը, ինչի հետեւանքով զոհվել են նաեւ երեխաներ։ Խաղաղ բնակչության սպանությունների ու գերեվարման մասին բազմաթիվ փաստեր կան։ «Սեպտեմբերի 19-ին, երբ արդեն ասել են՝ թուրքերը գալիս են Սզնեք, գյուղում բնակիչներին ասել են՝ դուրս եկեք, փախեք։ Մի 4-5 մարդ է մնացել գյուղում, այդ թվում՝ 90-ամյա մեր բարեկամուհին։ Փախել են, ասում է՝ պտտվել-պտտվել ենք, գերի ենք ընկել թուրքերի ձեռքը։ Վերցրել տարել են, մեկ օր պահել են, հետո Կարմիր խաչի միջոցով վերադարձրել են։ Ասում է՝ գերեվարած ադրբեջանցիները հարցրել են իրենց վերադասին, թե ինչպե՞ս վարվեն, ասել են՝ բաց թողեք, մեծ կին է»,- պատմեց նա։

Իննան ասում է, որ չէին պատկերացնում, որ Արցախն այս իրավիճակում կհայտնվեր։ «Չէինք պատկերացնում, որ մեզ կասեին՝ դուրս եկեք, Արցախը հանձնված է, չէինք պատկերացնում, որ կթողնենք ու կգանք։ Մեզ համար շատ ցավալի է եղել, ոչ մեկը չի պատկերացրել, որ սա կլիներ։ Անգամ 2020 թվականին, երբ Արցախի մի մասն էին վերցրել, մեզ համար, հատկապես մեր տղամարդկանց համար շատ ցավալի էր։ Մենք շատ ծանր ենք տարել այս ամենը, չենք պատկերացրել, որ նման բան կլիներ։ Մենք գիտեինք, որ պատերազմը վերջացած չէր, բայց նաեւ չէինք պատկերացնում, որ Արցախը կհայաթափվեր։ Եվ ցավալին այն է, որ այս օրերին արցախցիներին մեղադրողներ կան։ Օրերս Գորիսում մեկն ինձ ասաց՝ Արցախի՞ց եք, խի՞ եք թողել եկել, խի՞ ձեր տղամարդիկ չեն մնացել ու կռվել։ Դուք գիտե՞ք, թե ինչ կռիվ է եղել, տղամարդկանց ավտոմատ են տվել, ասում են՝ չէր կրակում, դեն գցելու էր։ Նորմալ զենք չեն տվել, այնպես չէ, որ տղամարդիկ չեն պահել։ Իրենց մահվան գնով մարդիկ ուզեցել են պահել, անհավասար կռիվ է եղել։ Անգամ նրանք, ովքեր զինվորական չեն եղել գնացել պոստերը պահել են, որ թուրքը չմտներ բնակավայրեր։ Մենք չենք պատկերացրել, որ նման բան կլիներ։ Ես դիմում եմ իշխանություններին՝ եթե պետք է Արցախը հանձնեիք, ինչո՞ւ 2020 թվականի պատերազմը թույլ տվեցիք, որի հետեւանքով այդքան երեխա զոհվեց։ Ընտանիքներ կան, մի քանի զոհ ունեն, մենք այդ կյանքերը չենք կարող հետ բերել, չենք մոռանալու եւ թուրքերի հետ համատեղ չենք կարող ապրել։ Ոչ, դա բացառվում է, ավելի լավ է մեռնենք, քան գնանք այնտեղ։ Մեր տունը 4-րդ հարկում էր, մոռանում էինք գիշերը դուռը կողպել, բայց երբ ասել են, որ թուրքեր կան մոտակայքում, սկսել ենք դռները կողպել»,- ասաց նա։

Իննան ցանկանում է աշխատանք գտնել, սակայն նկատում է, որ Հայաստանում աշխատավարձերը ցածր են, իսկ բնակարանների գները՝ շատ բարձր։ Հատկապես մարզերում աշխատավարձերը ցածր են։ «Ինձ ասում են՝ կուզե՞ս Երեւան գնալ։ Հա, կուզեմ Երեւան գնալ, բայց ես չեմ կարող 250, 300, 400 հազար դրամ վարձ տալ։ Եթե Գորիսում աշխատանք լինի, այստեղ էլ կմնամ, բայց այստեղ աշխատավարձը շատ ցածր է՝ մեկ օրը 1500 դրամով աշխատանք առաջարկեցին ինձ, բայց ես այդ գումարով ապրեմ, թե՞ տան վարձը տամ։ Երեւանին մոտ մարզերում էլ վարձերը 200 հազար դրամ են։ Հույսներս միայն Աստծո վրա է, տեսնենք՝ ոնց կլինի։ Չեմ պատկերացնում, թե վեց ամիս անց, երբ աջակցության ծրագրերն ավարտվեն, ո՞նց ենք ապրելու»,- հավելեց նա։

Իննա Ծատրյանի խոսքով՝ ՀՀայաստանի կառավարությունն առաջնահերթ բնակարանային ապահովման ծրագրեր պետք է իրականացնի Արցախից բռնի տեղահանվածների համար, որպեսզի մարդիկ մնան Հայաստանում։ Ասում է՝ եթե բնակարան լինի, աշխատանք կլինի, բայց այսօր բռնի տեղահանված անձանց առաջնահերթ խնդիրը կացարանն է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930