Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոնի շրջանակներում՝ Խաչատրյանի «ստվերում մնացած» գործերը

Նոյեմբեր 06,2023 13:00

Ժամանակին, երբ խաչատրյանական երաժշտության շուրջ զրուցում էինք ճանաչված երաժշտագետ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանի հետ, նա համակարծիք լինելով դիտարկմանը, թե կենդանության օրոք հանճարեղ Արամ Խաչատրյանի մեծակտավ գործերը՝ ավելի հաճախ կատարվելով, կարծես ստվերել են նրա կամերային երաժշտությունը, ասել էր. «Այո, եղավ այնպես, որ Խաչատրյանը՝ ով սիրով աշխատում էր տարբեր ժանրերում, մասնավորապես՝ բալետի, սիմֆոնիայի, գործիքային կոնցերտի, կարծես երկրորդ պլան էր մղել կամերային երաժշտությունը, մինչդեռ այն նրա ստեղծագործական գործունեության մեջ իր արժանի տեղն ունի։ Բայց ինչպես նշեցիք, մեծ կտավի գործերը կարծես ստվեր էին գցում դրանց վրա»։
Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից անցկացվող Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի համերգներից մեկում երբ հանդիպեցինք երաժշտագետին, նա ոգեւորությամբ ասաց, որ փառատոնի շրջանակներում հատուկ կազմակերպված է մեկ երեկո, որի ընթացքում կհնչեն միայն կոմպոզիտորի այն կամերային գործերը, որոնք կատարվել են նրա կենդանության օրոք, վերջին հեղինակային կամերային երկերից բաղկացած համերգային ծրագրում (Խաչատրյանի վերջին հոբելյանական համերգները կայացել են Մոսկվայում, 1973թ. դեկտեմբերի 19-25-ը։

Հետո պրոֆեսորը մանրամասնեց. «Կկատարվի, օրինակ, Խաչատրյանի Դաշնամուրի սոնատը։ Այստեղ դրսեւորվում է Խաչատրյան դաշնակահարի՝ ռոյալին վիրտուոզ տիրապետելու օժտվածությունը։ Գիտեք, որ նա պաշտոնապես չլինելով դաշնակահար, հիանալի էր տիրապետում գործիքին։ Հաջորդ գործը, որ կհնչի, Դաշնամուրային տրիոն է։ Երբ ասում ենք դաշնամուրային տրիո, պատկերացնում ենք գործիքների դասական կազմ՝ ջութակ, թավջութակ, դաշնամուր։ Այս գործում նա ընտրել է անսովոր կազմ՝ կլարնետ, ջութակ, դաշնամուր։ Կա կարծիք, որ կլարնետի միջոցով  հեղինակը վերարտադրել է ժողովրդական երաժիշտ-կատարողների ելույթներն ու ժողովրդական գործիքների հնչողությունը, իսկ ջութակի միջոցով՝ հայկական ժողովրդական լարային գործիքները, մասնավորապես քամանչան»։

Ասվածին հավելեց, որ այդ տրիոն Խաչատրյանի վաղ շրջանի գործերից է, գրված դեռեւս Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին. «Մոսկվայի կոնսերվատորիան ճանաչեց իր ուսանողին, որը գալով Կովկասից, զինվորագրվեց խորհրդային, ռուսական եւ հայկական երաժշտության զարգացմանն ու առաջիններից ներկայացրեց այդ տրիոն։ Պրոկոֆեւը ծանոթանալով ստեղծագործությանը, երաշխավորեց ուսանող կոմպոզիտորի Դաշնամուրային տրիոյի կատարումը Փարիզում։ Այնուհետեւ այն հրատարակվեց հայտնի հրատարակչությունների կողմից»։ Շարունակելով երեկոյի ընթացքում կատարվող գործերի թվարկումը, մեր զրուցակիցը բարձրաձայնեց նաեւ կոմպոզիտորի Տոկատի, Արիաներ կանացի ձայնի եւ նվագախմբի համար ստեղծագործությունների անունները (վերջինս կկատարվի դաշնամուրի փոխադրմամբ)։ Հետաքրքրությանը՝ երեկոյի ծրագրում ընդգրկված չէ՞ Սյուիտը երկու ռոյալի համար, պրոֆեսորը պատասխանեց. «Իհարկե, ընդգրկված է։ Այն կեզրափակի համերգը։ Այստեղ կրկին անդրադառնամ կոմպոզիտորին՝ որպես կատարող- դաշնակահարի. պատկերացնո՞ւմ եք՝ ոչ ոք չէր ուզում հավատալ, որ Խաչատրյանը չուներ դաշնակահարի բնականոն, սիստեմատիկ, պրոֆեսիոնալ կրթություն։ Մի պատմություն մտաբերեցի. ուսանողական տարիներին կոնսերվատորիայի տնօրենի սենյակում նվագելիս նրան մոտենում են դաշնամուրային ֆակուլտետի դասատուներն ու հարցնում՝ մենք ճանաչեցինք ձեզ որպես կոմպոզիտոր, բայց երբեք չենք լսել ձեզ՝ որպես մեր ֆակուլտետի ուսանող…։  Խաչատրյանը ժպիտով պատասխանում է՝ ես դաշնակահար ուսանող չեմ, ես կոմպոզիտոր ուսանող եմ, պարզապես ինձ տրված է դաշնակահարի շնորհը»։

Արմեն Բուդաղյանը զրույցի ընթացքում հավաստիացրեց, որ Խաչատրյանը շատ է սիրել կազմակերպել հեղինակային համերգներ եւ նա սիրով գալիս էր Հայաստան՝ իր հետ բերելով երաժիշտների մեծ խումբ, որոնց միանում էին հայաստանցի երաժիշտները. «Այն կոմպոզիտորներից էր, ովքեր չափազանց ուշադիր էին իրենց ստեղծագործությունների ճակատագրի նկատմամբ, հետեւում էր, որ դրանք կատարվեն լավագույն երաժիշտների կողմից, անձամբ էր բանակցություններ վարում նվագախմբերի, թատրոնների հետ, որտեղ բեմադրվում էին նրա բալետները, ինքն էր հրավիրում մենակատարներին ու անձամբ կանգնում նոտակալի առջեւ՝ որպես դիրիժոր դրանք ղեկավարելու համար»։

Մենք էլ հավելենք, որ Խաչատրյանի կամերային երաժշտության երեկոյին կմասնակցեն ճանաչված արվեստագետներ՝ դաշնակահարներ Հայկ Մելիքյանը, Սոնա Բարսեղյանը, Արմինե Գրիգորյանը, ջութակահար Աստղիկ Վարդանյանը, կլարնետահար Ավետիք Ղազարյանը, սոպրանո Արծվիկ Դեմուրչյանը։

ԱՍՏՂԻԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930