Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ ուժեղ ղեկավարությունը կարող է ապահովել Ադրբեջանում կալանավորված հայերի ազատ արձակումը»․ «Ճշմարտության եւ արդարադատության կենտրոն»

Նոյեմբեր 07,2023 15:43

Ամերիկյան «Ճշմարտության եւ արդարադատության կենտրոն»-ը հրատապ զեկույց է պատրաստել Ադրբեջանում հայ քաղբանտարկյալներին եւ ռազմագերիներին կալանքի տակ պահելու վերաբերյալ։ Կենտրոնը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է անում Ադրբեջանից պահանջել անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել Ալիեւի վարչակարգի կողմից պահվող բոլոր հայ քաղբանտարկյալներին եւ ռազմագերիներին։

Զեկույցի պատճենն ուղարկվել է ԱՄՆ մի շարք սենատորներին։

Զեկույցի հեղինակները հայտարարում են՝ Ադրբեջանը չի կատարել համաներման մասին իր խոստումները եւ խաթարել է ԱՄՆ պետքարտուղարության՝ համաներման եւ բարեխիղճ խաղաղ բանակցությունների վարմանն ուղղված հրապարակային կոչերը։

«Ձերբակալված անձինք, ում միակ «հանցանքը» եղել է իրենց քաղաքական իրավունքների խաղաղ իրացումը, կալանքի տակ են պահվում կեղծ եւ շինծու մեղադրանքներով, որն արտացոլում է Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի իրավունքների քաղաքական ճնշման եւ անտեսման առավել ընդարձակ մոդելը։ Ադրբեջանի մոտ օրինաչափություն է միջազգային դերակատարներին տված խոստումներից հրաժարվելը՝ միաժամանակ ոտնահարելով ձերբակալվածների մարդու հիմնարար իրավունքները եւ խախտելով միջազգային իրավունքը։

․․․ Ադրբեջանը չպետք է բացառություն լինի միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների մասին օրենքներին աջակցող ԱՄՆ-ի քաղաքականության մեջ եւ սկզբունքներում»,-նշվում է զեկույցում։

Հիշեցվում է, որ 2023 թվականի մայիսին Լաչինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարություն է արել․ «Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, նախագահը պետք է հանձնվի, իսկ բոլոր նախարարները, պատգամավորները եւ այլ անձինք պետք է հրաժարվեն իրենց պաշտոններից։ Միայն այդ դեպքում կարելի է նրանց զիջման գնալ։ Միայն այդ դեպքում կարող ենք խոսել ինչ-որ համաներման մասին․․․ Եթե ես ասում եմ, որ համաներումը կարող է լինել տարբերակներից մեկը, ապա նրանք չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը»։

2023 թվականի մայիսի 30-ի մամուլի հաղորդագրության մեջ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակայնորեն ողջունել է համաներման մասին Ադրբեջանի հայտարարությունները, ինչպես նաեւ խաղաղությանը Հայաստանի հավատարմությունը։ Սակայն, չնայած նշված առաջնորդների հանձնվելուն եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը լուծարելու եւ հանձնվելու՝ Ալիեւի պայմաններին նրանց համաձայնությանը՝ Ադրբեջանը խախտել է եւ հրաժարվել համաներման մասին բոլոր խոստումներից։

Զեկույցի համաձայն՝ անարդար ազատազրկված են Լեռնային Ղարաբաղի ութ նախկին հայ առաջնորդներ, իսկ որոշ աղբյուրներ նշում են եւս հարյուրավոր հայերի ձերբակալման ծրագրերի մասին։

Կալանավորված անձինք են՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի խոսնակ Զառա Ամատունին հայտնել է, որ կոմիտեի ներկայացուցիչներին թույլ չեն տվել հանդիպել նշված ձերբակալված պաշտոնյաներին։

Հայ քաղաքացիական անձինք, հատկապես 18 տարեկանից բարձր տղամարդիկ, նույնպես ենթարկվել են կամայական ձերբակալությունների՝ առանց ձերբակալման հիմքերի որեւէ ապացույցի։ Քաղաքացիական անձանցից է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատավարությունը որակել էր որպես «շինծու», իսկ նախարարության խոսնակ Անի Բադալյանը վճռականորեն հաստատել էր, որ Խաչատրյանի ձերբակալությունն ու հետապնդումն իրականացվել են «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտմամբ»։

«Ադրբեջանի սրվող ագրեսիան, դրժած խոստումները եւ նրա քաղաքական ձերբակալությունները խաթարում են միջազգային իրավունքն անպատիժ խախտող ավտորիտար պետության իշխանության եւ ազդեցության անցանկալի աճին հակազդելու՝ ԱՄՆ ջանքերը։ Այս գործողությունները լոկ դատավարություն չեն, այլ «այդ անձանց պատժելու նպատակաուղղված ռազմավարություն՝ պարզապես հաշվի առնելով նրանց դերը՝ որպես ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչներ կամ անվտանգության պահպանման եւ բնիկ հայ բնակչության պաշտպանության պատասխանատուներ»։ Այս ներկայացուցիչների՝ ԼՂ-ում հայ ժողովրդի ընտրված ձայների ձերբակալումը խաթարում է խաղաղ գործընթացը եւ խոչընդոտում հակամարտող կողմերի միջեւ որեւէ բովանդակալից երկխոսության հնարավորությանը։

Այդ անձինք, որոնք ակնհայտորեն թիրախավորվել են որպես ժողովրդավարական ճանապարհով ընտրված պաշտոնյաների կամ իրենց բնիկ համայնքների պաշտպանների իրենց դերակատարության համար, չպետք է պատժի ենթարկվեն նրա համար, որ պահանջել են ազատություն եւ արդարացիորեն վախեցել վայրագություններից, եթե ԼՂ հայերն առաջին անգամ հայտնվեն Ադրբեջանի տիրապետության տակ: Ադրբեջանին չի կարելի վստահել, որ նա կկատարի էթնիկ փոքրամասնությունների իրավունքները հարգելու իր խոստումը։ Միացյալ Թագավորության Իրավաբանների միության կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ներկայացրած՝ Ադրբեջանի վերաբերյալ Համընդհանուր պարբերական զեկույցում ընդգծվում են դատական իշխանության անկախության բացակայությունը եւ արդարադատության մատչելիության սահմանափակումները:

Իրավաբանների միության զեկույցը մանրամասնում է, թե ինչպես են Ադրբեջանում դատավորներն ու դատարանները տարբեր միջոցներով սահմանափակում արդարադատության մատչելիությունը, ինչպիսիք են դատավարության ընթացքում դատավորների կողմից վարվեցողության համապատասխան կանոնների խախտումը, ապացույցների կամայական մերժումը, բողոքարկման իրավունքի անհիմն սահմանափակումները և դատախազների փաստարկների սիստեմատիկ պաշտպանումը»,-նշվում է զեկույցում:

Բացի այդ, զեկույցում շեշտվում է, որ Արդարադատության միջազգային դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման գործում Ադրբեջանի վատ համբավը, ներառյալ՝ ռասսայական դրդապատճառներով էթնիկ հայերի սպանության համար ադրբեջանցի դիվանագետ Ռամիլ Սաֆարովին դատապարտելու վերաբերյալ դատավճռի չկատարումը, եւս մեկ անգամ ընդգծում է միջազգային իրավունքի նկատմամբ այդ երկրի արհամարհանքը:

«Ճշմարտության եւ արդարադատության կենտրոն»-ը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է անում ձեռնարկել հետեւյալ միջոցները՝

1.Անմիջականորեն եւ դիվանագիտորեն համագործակցել Ադրբեջանի նախագահի հետ՝ ընդգծելու ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը եւ ժողովրդավարական դրսեւորմանը տրվող կարեւորությունը։

2.Ներկայացնել նշված ութ անձանց դեմ ներկայացված մեղադրանքների եւ նրանց նկատմամբ իրականացվող դատավարությունների վերաբերյալ հաշվետվություն։

3.Ապահովել նրանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը կալանքի տակ գտնվելու ժամանակ՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան։

4.Անհրաժեշտ է Ադրբեջանից պահանջել անհապաղ անվերապահորեն ազատ արձակել Ալիեւի վարչակարգի կողմից պահվող բոլոր հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։

5.Մագնիտսկու օրենքով նախատեսված պատժամիջոցների կիրառում Ադրբեջանի վարչակարգի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։

 

«Ադրբեջանի կողմից անարդարացի ազատազրկումները, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղ գործընթացի անտեսումը սպառնալիք են տարածաշրջանում կայունության եւ ԱՄՆ-ի շահերի համար։ ԱՄՆ ուժեղ ղեկավարությունը կարող է ապահովել կալանավորված անձանց ազատ արձակումը։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ «ագրեսիվ հռետորաբանությունը կարող է միայն հավերժացնել անցյալում կատարված բռնությունը. կառուցողական երկխոսությունը՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ եւ հույս։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ամուր եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքմանն ուղղված՝ երկու կողմերի ջանքերին»,-ասվում է զեկույցում։

Հեղինակները հիշեցնում են ԱՄՆ նախագահ Բայդենի խոսքերը՝ «եթե բռնապետերը չեն վճարում իրենց ագրեսիայի գինը, ապա նրանք ավելի շատ քաոս, մահ եւ ավերածություններ են առաջացնում։ Իսկ Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի համար գինը եւ սպառնալիքները շարունակում են աճել»։

Կենտրոնը Բայդենին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ալիեւի կողմից ապօրինաբար ձերբակալված հայերին վնաս չպատճառելը եւ պահանջել նրանց անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակումը։

 

«Ճշմարտության եւ արդարադատության կենտրոն»-ի տնօրենների խորհրդի կազմում են՝

Գոռ Մնացականյան

Էմիլիա Միքայելյան

Արսինե Առաքել

Մեգի Արթունյան

Հարություն Թոփչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930