Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքապետը ենթադրում է, թե ինչպես են Բաքվից եկել ու Տաթեւում տանտեր դարձել

Նոյեմբեր 17,2023 16:49

Փաստաբան Սպարտակ Մուշկամբարյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել, որ իր վստահորդներ՝ Շինուհայր համայնքի բնակիչներ Եգոր Փարսյանի եւ Կիմա Փարսյանի վկայությունների համաձայն՝ Ալեքսանդր Բադալյանը Սյունիքի մարզի Տաթև համայնքում գտնվող իրենց անշարժ գույքի և դրա վրա առկա 54,2 քմ. բնակելի տան նկատմամբ ի սկզբանե չունենալով որևէ սեփականության իրավունք, ձեռք է բերել սեփականության իրավունք:

Սամվել Լալայանի լուսանկարը՝ Տաթեւի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Տաթեւ համայնքի ղեկավար Սամվել Լալայանը Aravot.am-ին պատմեց, թե ինչպես է Ալեքսանդր Բադալյանը, այսպես ասած, տանտեր դարձել: Ալեքսանդր Բադալյանի պապը Բաքվից էր Հայաստան եկել ու անտուն մարդ էր, Շինուհայրի բնակիչ Կիմա Փարսյանի ազգական լինելով, վերջինիս տանն է ապրել: Կիմա Փարսյանը, որպես հարազատ ընդունելով Ալեքսանդր Բադալյանի անտուն պապուն՝ իր տարածքից 1200 մետրի չափով տարածք է առանձնացրել ու մի փոքր տուն սարքել, որ նրանք ապրեն:

Ըստ պարոն Լալայանի, Ալեքսանդր Բադալյանի պապն ու տատը մահացել են. «Ալեքսանդրը էդտեղ ընդհանրապես կապ չի ունեցել, ինքը տեղյակ էլ չի եղել, ոնց է պապը մահացել: Անցել է ժամանակ, երբ խոսք է գնացել, թե բա այդ մարդիկ արդեն մահացել են, էդ 1200 մետրը նորից Կիմա Փարսյանը վերցնի, միավորի իր տարածքին, բարեկամներից մեկը հայտարարել է, թե բա էդ տարածքը կտակել են Ալեքսանդրին, այսինքն՝ մահացած պապը կտակել է Ալեքսանդրին: Կտակն էլ չի երեւում, իբրեւ թե Բաքվում է կտակել: Հետո 2004 թվականին, չգիտես ոնց է ստացվել, Կիմա Փարսյանի տված 1200 մետրին եւս մի 1300 մետր տարածք է ավելացել, սեփականության վկայականն էլ տվել են Բադալյաններին: Իրականում ոչ մի ձեւ չի երեւում, որ այդ տարածքը Ալեքսանդր Բադալյանինն է, հիմա դիմել ենք դատախազին՝ հասկանանք էդ ոնց եղավ: Բադալյանն էս տարածքում երբեք չի ապրել, գոյություն չի ունեցել, ընդամենը երկու տարի Սդղի Գյոլ կոչվող տարածքում ծառայել է, եկել է էդ տարածք, իբր թե պապիկիս տունն է, տիրություն եմ արել, թուղթ են հանել, իբր թե իրենն է:

Ես Տաթեւ համայնքի ղեկավարն եմ ընդհանրապես տարածքում սեփականություն չունեմ, իսկ Ալեքսանդր Բադալյանը 2400 մետր հող ունի, նաեւ վարելահողեր էլ ունի: Հիմա հարց է առաջանում՝ ինքը որտեղից որտեղ եկավ տանտեր դարձավ»,-պատմեց գյուղապետը:

Նրա խոսքով, Փարսյանները բազմանդամ ընտանիք են, մի տան մեջ մի քանի սերունդ է ապրում, իսկ Բադալյանները ժառանգ չունեն: Տաթեւում կան տեղեկություններ, թե Բադալյանները Փարսյանների հողը, որի սեփականատերն են դարձել, ուզում են վաճառել, գնալ:

Տաթեւի համայնքապետը նույնիսկ առաջարկել է՝ գինդ ասա, թող Փարսյանները գնեն. «Գիտեք՝ ինչքան ասաց, 10 միլիոն: Երեւանի տան գին»:
Համայնքապետը նաեւ ենթադրում է, թե ինչպես են Բաքվից եկել ու Տաթեւում տանտեր դարձել, ըստ նրա՝ համայնքի նախկին ղեկավարը Ալեքսանդր Բադալյանի կնոջ քեռին է եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930