Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ավելի ճիշտ չէ՞ նրանց գցեք սահմանները, խրամատ փորեն, կանաչապատման ինչի՞ եք տանում։ Նպաստում եք դասալիքների թվի ավելացմանը»․ ավագանու անդամները՝ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչների մասին

Նոյեմբեր 22,2023 12:25

Երեւանի ավագանու այսօրվա նիստում Երեւան քաղաքի 2023 բյուջեի եկամտային մասում 1 մլն 200 հազար դրամ ավելացնելու եւ այդ գումարը ամառային զորակոչի շրջանակներում «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին ուղղելու հարցի քննարկման ժամանակ ավագանու որոշ անդամներ քննադատեցին նախագիծը։

Նախագծով առաջարկվում է կրոնական փոքրամասնության ութ ներկայացուցիչների ՀՈԱԿ-ում զինծառայությանը այլընտրանքային աշխատանքային ծառայության համար ամսական երեսուն հազար դրամ դրամական փոխհատուցում տրամադրել։

Հարցը զեկուցողը պարզաբանեց, որ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչների այլընտրանքային ծառայությունը որտեղ եւ ինչպես պետք է անցնի՝ որոշում է կառավարությունը, ոչ թե քաղաքապետարանը։

«Մայր Հայաստան»-ից Մեսրոպ Մանուկյանը հայտարարեց՝ ոչ Առաքելական եկեղեցու հետեւորդները հրաժարվում են զինծառայությունից եւ անցնում են փողոց մաքրելու աշխատանքի․ «Չլինի խրախուսող հանգամանք բանակից փախչողների համար, այսինքն` նպաստավոր լինի, որ կներեք, շատերը դառնան աղանդավորներ»։

«Ազգային առաջընթացից» էլ Սեդա Տեր-Մինասյանն էլ ասաց, որ հաշվի առնելով ՀՈԱԿ-ի խայտառակ աշխատանքն, անիմաստ է ավելորդ դրամ տրամադրել․ «Գումարն ուղղակի տրամադրեք զորակոչիկին, որովհետեւ այն ավարտվելու է ծառերի հատումով կամ խորը էտով եւ մենք ընդհանրապես Երեւանում այլեւս կանաչ գոտիներ չենք ունենա»։

Նույն խմբակցությունից Պեդրո Զարոկյանն էլ առաջարկեց կրոնական փոքրամասնության այդ ներկայացուցիչներին ուղարկել խրամատ փորելու․ «Ավելի ճիշտ չէ՞ նրանց գցեք սահմանները, խրամատ փորեն, կանաչապատման ինչի՞ եք տանում։ Գնացեք խրամատ փորեք, ուրիշ գործ արեք՝ ռազմական գործի հետ կապված, եթե չեք ուզում կռվեք»։

«Մայր Հայաստանից» Սոնա Աղեկյանն էլ հայտարարեց՝ հաշվի առնելով, որ Հայաստանը քրիստոնեությունն առաջին ընդունած երկիր է, չպետք է խրախուսվեն դասալիքները․ «Եթե կրոնական փոքրամասնությունների մասին է խոսքը, ի՞նչ չափորոշիչներով եք նախընտրությունը տվել ՀՀ ԶՈւ-ում ծառայությունից խուսափածներին, աշխատավարձով խրախուսում չծառայելը։ Մինչդեռ մենք այսօր ունենք արցախցիներ, երեւանցիներ, ովքեր աշխատանքի կարոտ են, չեն կարողանում աշխատանք գտնել։ Ինչո՞ւ նրանց չի տրվում աշխատանքը»։

Մեսրոպ Մանուկյանն էլ նկատեց՝ այսպես նպաստում եք դասալիքների թվի ավելացմանը, հնարավոր է շատերը ներկայանան իբրեւ թե ոչ Առաքելական եկեղեցու հետեւորդներ․ «Կիսում եմ գործընկերոջ կարծիքը, թող խրամատ փորեն, ուրիշ գործ անեն։ Այն պարագայում, երբ իրենց հայրենիքին չեն ծառայում, հայրենիքը չեն սիրում, ուզում են Երեւանին ծառայել»։

«Հանրապետությունից» Արտակ Զեյնալյանը պարզաբանեց՝ ՀՀ-ն, եւ ոչ միայն ՀՀ-ն, ՄԻԵԴ-ում բազմիցս ներկայացել է եւ պարտվել նման գործերով, ՄԻԵԴ-ը վճռել է, որ այդ անձանց իրավունքները խախտվել են․ «Սա Հայաստանի Հանրապետության պարտականությունների մեջ է մտնում ինչպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ։ Նույն այս խոսույթը, որ հնչում է այստեղ, կարող է հանգեցնել նրանց իրավունքների խախտման։ Խրամատ փորելը իրավունքի խախտում կլինի»։

Հարցը ընդունվեց 36 կողմ, 6 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930