Եկեղեցին հարկային դաշտ բերելու խոսակցությունները հեղափոխական ակտիվիստները հիմնականում սկսել են շրջանառել 2018 թվականից: Այդ նարատիվը մաս է կազմում իշխանությունների կողմից մինչ օրս շարունակվող հակաեկեղեցական արշավի, կաթողիկոսին և հոգևոր հայրերին թիրախավորելուն: Այս և այլ թեմաների վերաբերյալ նյութերը մեկտեղված են «ՕՐԻԵՆՏ 360» գիտակրթական ՀԿ-ի «ՀՀ իշխանությունների և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների ժամանակագրություն» (2018–2025) ծրագրում, որտեղ երեւում է ողջ ժամանակագրությունը
2018-ի հունիսի 17-ին հարցազրույցներից մեկում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում եկեղեցին հարկային դաշտ բերելու դիրքորոշումները, նշել էր, որ երբեք հարկային դաշտից դուրս չեն եղել. «Մեզնից պահանջում են եկեղեցապատկան շինությունների համար գույքահարկ, բայց աշխարհի մի շարք երկրներում պաշտամունքային վայրերն ազատված են գույքահարկից, մենք ընդամենը դիմել ենք Կառավարություն, և Ազգային ժողովն ազատել է պաշտամունքային վայրերը գույքահարկից»: Ինչ վերաբերում է շահութահարկին, այդ մասին էլ սրբազանը նշել էր, որ եկեղեցին շահութաբեր կազմակերպություն չէ, որպեսզի շահութահարկ վճարի, իսկ եկամտային հարկը, կենսաթոշակային վճարները մուծվում են:
2018-ի հուլիսի 16-ին Ծովինար Վարդանյանը, որ այժմ ՔՊ-ական պատգամավոր է, որքան էլ զարմանալի է, նման գրառում է արել. «Ուրեմն, երբ ասում են, օրինակ, եկեղեցին մտնի հարկային դաշտ կամ թափանցիկ լինեն նրա ծախսային հոդվածները, ընդունում եմ, որպես տրամաբանական առաջարկ։ Բայց…Սա անթույլատրելի եմ համարում, որպես մեր ազգային կրոնի խորհրդանիշ հանդիսացող եկեղեցու հանդեպ մեթոդ։ Ի վերջո վախենալու չենք, թե՞ ենք։ Անկեղծ զզվանքս եկավ, քանի որ, եթե այդքան դավանանքի հավատարիմ են, որ նման առաջարկվող թեզը հարկավոր չէ, ապա ո՞րն է դրա տրամաբանությունը, որ ուղղորդման պահանջին»։
2019 թ. հունվարի 29-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում էր ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որի առաջին նիստը կայացավ այդ տարվա մայիսի 3-ին:
Կարդացեք նաև
2020 թ. փետրվարի 25-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը, անդրադառնալով «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացված կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտությանը, որի արդյունքներով Հայ Առաքելական եկեղեցին իբր հռչակվել է «ամենակոռումպացված կառույցներից» մեկը, նշել էր, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը կազմակերպությունն ակնհայտորեն թիրախավորել է Եկեղեցին, իսկ կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանի ընդհանրացումներն ու անձնական ենթադրությունները մանիպուլյատիվ բնույթ են կրում և այլ կերպ հնարավոր չէ դրանք որակել, քան զրպարտություն և անգիտություն.
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի աշխարհասփյուռ թեմեր, հովվություններ ու ծուխեր, որոնցից յուրաքանչյուրի գործունեությունը իր բոլոր երեսներով թե՛ սահմանվում և թե՛ վերահսկվում է պատկան եկեղեցական վարչական կառույցների և ժողովական (ներկայացուցչական) մարմինների կողմից, բոլոր երկրներում Հայոց Եկեղեցին վճարում է պետությունների կողմից պահանջվող հարկատեսակները և նույն պետությունների կողմից ազատվում որոշներից, բոլոր եկեղեցական կառույցները հաշվետու են իրենց ղեկավար մարմիններին և իրենց գործունեությանը նպաստող բարերարներին և կամ տրատու անդամներին։ Ինչ վերաբերում է Եկեղեցին 21-րդ դարի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությանը, ապա Հայոց Եկեղեցին իր 1700-ամյա գոյությամբ բոլոր ժամանակներին համահունչ է իրականացրել իր հոգևոր և ազգային առաքելությունը։ Այս կապակցությամբ ուրախ կլինենք լսելու կառուցողական առաջարկներ»,- փաստել էր տեր Վահրամը։
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը 2020 թ. մարտին Aravot.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ձևավորված է աշխատանքային խումբ՝ հասկանալու հարկային օրենսդրության կարգավորումները, դրանց կիրառության առանձնահատկությունները՝ եկեղեցու կողմից իրականացվող գործունեության համատեքստում, որովհետև, նրա խոսքով, հաճախ իրականացվում են տարբեր բարեգործական ծրագրեր, ներկրվում են բեռներ, և խնդիր կա հասկանալու բարեգործական գործունեության շրջանակը, կարգավորումները. «Ինչ վերաբերում է ինչ֊որ կոռուպցիոն երևույթների կամ հարկման դաշտ բերելուն, այդպիսիք չեն նպատակադրումները բնավ: Նպատակադրումը հարկման արդար, հավասար մոտեցումներ կիրառելն է ու եթե պիտի լինեն նաև արտոնություններ, իսկ այդ արտոնությունները հիմա էլ կան, պարզապես պետք է հասկանալ, հստակեցնել դրանց շրջանակը, որպեսզի չլինեն երկիմաստ մեկնաբանություններ, անորոշություններ: Խնդիր դրված չէ եկեղեցու համար նախատեսված արտոնություններն իսպառ վերացնելու, խնդիրը դրված է եղած կարգավորումները, որոնք միգուցե արդեն հնացել են, առհասարակ ի մի բերելու, որովհետև դրանք շատ հաճախ ցրված են տարբեր օրենքների միջև»:
2020 թ. մայիսի 26-ին տեր Վահրամը նշել էր, որ պետություն-եկեղեցի հարաբերությունների հստակեցումը դանդաղել է, ենթահանձնախմբերի մի քանի հանդիպումներ եղել են, կան հանձնախմբեր, որոնք դեռ նիստեր չեն գումարել: Կառավարությունում չեն հրաժարվում եկեղեցին հարկային դաշտ բերելու մտքից, և Aravot.am-ի հարցերին ՀՀ կառավարությունից պատասխանում են. «Եկեղեցու կողմից ներկայացված ծրագրերը հարկային արտոնությունների ստացման նկատառումով բարեգործական չեն որակվում, քանի որ ներկայացվող ծրագրերի բարեգործություն իրականացնողը և ստացողը հանդիսանում է եկեղեցին, նրա ենթակայության տակ գտնվող կամ նրան պատկանող հիմնարկները, կամ որոշ ծրագրերի դեպքում դրանք շահառություն են ենթադրում, ինչը հակասում է «Բարեգործության մասին» ՀՀ օրենքին և ընդհանրապես բարեգործության տրամաբանությանը: Այսուհանդերձ, ՀՀ կառավարությունը Հայ առաքելական եկեղեցուն առաջարկել է հարցի լուծման այլընտրանքային տարբերակ, որը հնարավորություն կտա օրենքի տառին համապատասխան խնդրո առարկա ծրագրերը ճանաչել բարեգործական, ինչը Մայր Աթոռի կողմից, ցավոք, չի ընդունվել: Նշված առաջարկությունը, սակայն, շարունակում է մնալ ուժի մեջ»:
Ի դեպ, 2018-ից ի վեր Կառավարության Բարեգործական խորհրդակցական հանձնաժողովը եկեղեցու ներկրած պարաֆինը բարեգործական չի ճանաչում: 2021 թ. նույնիսկ արգելում են ներկրված ապրանքը տեղափոխել Մայր Աթոռ, ընդհուպ 2021 թ. փետրվարին Գերագույն հոգևոր խորհուրդը ահազանգում է մոմի պաշարի էական նվազման մասին: 2021 թ. հոկտեմբերին պարաֆինը տրամադրվում է Մայր Աթոռին, սակայն խնդրի վերջնական լուծման թեմայով հարցումներին Կառավարությունն ու ՊԵԿ-ը սպառիչ պատասխան չեն տալիս: 2023 թ. մայիսին Նիկոլ Փաշինյանը նշում է, որ սկզբունքային խնդիր է տեսնում բարեգործական ծրագրով ներմուծվող ապրանքի վաճառքի մեջ և առաջարկում, օրինակ, մոմերն անվճար տրամադրել հավատացյալներին:
2023 թվականի մայիսի 20-ին Տավուշում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ասում է՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եկեղեցին կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, շեշտում է, որ եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից: Ի պատասխան՝ Արշակ սրբազանն էլ ասում է. «Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»:
Նույն թվականի մայիսի 23-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հարցազրույցում նշում է, որ վարչապետը փորձում է պատկեր ստեղծել, թե Եկեղեցու խնդիրը իշխանության հետ հարկային ու մաքսային դաշտում է, այդ պատճառով էլ Եկեղեցին քննադատում է կառավարությանը: Նաև նշում է, որ իրենք կուսակցությունը ստեղծել են 1700 տարի առաջ, և այդ կուսակցության անունն է՝ ծառայություն: Դրան հետևել են ՔՊ-ականներ Ծովինար Վարդանյանի ու Արսեն Թորոսյանի, Թագուհի Ղազարյանի եւ մյուս ՔՊ-ականների գրառումները՝ եկեղեցու գույքի, արտոնությունները վերացնելու և այլնի վերաբերյալ, ինչպես նաև Ալեն Սիմոնյանի՝ եկեղեցին հարկելու վերաբերյալ հայտարարությունը ՝ 2024 թ. մայիսի 21-ին:
2024 թ. մայիսի 22-ին ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն առաջարկում էր եկեղեցուց հարկեր հավաքել և դրանցով օգնել Արցախից բռնի տեղահանվածներին: 2024 թ. մայիսի 23-ին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ կրկին անդրադառնում է եկեղեցին հարկային դաշտ բերելու խնդրին. «Եկեղեցին ունի հարկային արտոնություններ, մի շարք տարածքներ, նաև մի շարք չօգտագործվող տարածքներ, որոնք պետության ընկալման տեսանկյունից կարող են օգտագործվել պետության տարբեր կարիքների համար։ Եվ այս իմաստով մենք մտածում ենք, որ Եկեղեցին պետք է համագործակցի պետության հետ և աջակցի պետությանը, որպեսզի ստվերից դուրս գան այդ ֆինանսական միջոցները։ Վերջիվերջո, Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, և մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է Եկեղեցին առաջնորդվի»։
Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը հարցազրույցում փաստում է, որ եկեղեցին ոչ միայն չի օգտվում շոշափելի հարկային արտոնություններից, այլ ստանձնել է կառավարությանը վերապահված պատմամշակութային հուշարձանների պահպանության գործառույթը:
2024 թ. մայիսին իշխանությունն ուսումնասիրում է եկեղեցուն պատկանող գույքը, գտնում, որ մոմի վաճառքը նույնպես կարող է հարկվել: Մասնավորապես, 2024 թ. մայիսին ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր , որ գործընկերների հետ միասին ուսումնասիրում է Հայ Առաքելական Եկեղեցու, ընդհանրապես կրոնական կազմակերպությունների գույքերը, և երբ ուսումնասիրության արդյունքում հասկանան՝ ինչ կա, նոր կհասկանան, թե ինչ հարկային պարտավորություններ կլինեն:
Ի դեպ, 2024 թ. մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ խնդիր է տեսնում եկեղեցու ֆինանսական հոսքերի հետ կապված. «Մենք ասել ենք, որ ուզում ենք, որ ստվերի տեղ ընդհանուր դրամաշրջանառության մեջ չթողնենք։ Մենք հասկանում ենք, որ Հայ առաքելական եկեղեցին ունի առանձնահատկություններ և պաշտոնապես առաջարկել ենք, որ հարկային համակարգը ներդնենք և հավաքագրված ամբողջ գումարը վերադարձնենք Հայ առաքելական եկեղեցուն և այս առաջարկը պաշտոնապես եղել է, և ինձ համար զարմանալի է, թե ինչու է մերժվել»:
2025 թ. մայիսի 31-ին ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն իր էջում հարցում էր դրել՝ պե՞տք է արդյոք Հայ առաքելական եկեղեցին, ինչպես բոլորը, ֆինանսական առումով հաշվետու լինի պետությանը և ժողովրդին: 2025 թ. հուլիսի 25-ին Մարիա Կարապետյանն էր գրառում արել՝ նշելով, որ մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից, այլ գրված է, որ կրոնական կազմակերպություններն են անջատ պետությունից:
2025-ի հունիսի 20-ին Մովսես քահանա Սահակյանը ֆեյսբուքի իր էջում անդրադառնում է եկեղեցի-պետություն հարաբերությունները համակարգող հանձնախմբի նիստերին՝ ընդգծելով, որ եթե եկեղեցին փորձել է խուսափել հարկերից, ապա ինչու է տարիներ շարունակ ներառվում Հայաստանի խոշոր հարկատուների պաշտոնական ցանկերում:
2026-ին հարկերի թեման թարմացվել է, հրապարակումներ եղան, որ Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ: Իրականում ՊԵԿ տվյալների համաձայն՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-րդն է, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 605-րդը:
Նշենք, որ դեռևս 2019 թ. սեպտեմբերին Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Եկեղեցականներին ծնկի բերելու» մասին՝ նշելով. «Նրանք շատ ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն՝ բառի թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով», ինչին ի պատասխան Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասել էր, որ Հայ եկեղեցականը ծնկել է միայն իր ժողովրդի համար:
2024-ից եկեղեցին ծնկի բերելու թեման շարունակվում է, եկեղեցին շարունակվում է թիրախավորվել, հոգեւորականներին զանազան մեղադրանքներ են առաջադրվում, նրանք եւ նրանց ընտանիքի անդամները հայտնվում եմ կալանավայրերում:
Վերոնշյալ ժամանակագրությունը ցույց է տալիս, որ եկեղեցին հարկային դաշտ բերելու, նրա ֆինանսական գործունեությունը կասկածի տակ դնելու, գույքն ու արտոնությունները վերանայելու, ինչպես նաև հոգևորականներին հրապարակային թիրախավորելու թեմաները պատահական կամ իրարից անկախ դրվագներ չեն։ Դրանք տարիներ շարունակ կրկնվող և իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվող նույն օրակարգի բաղադրիչներն են։ 2018 թվականից մինչև այսօր այս հարցերը պարբերաբար հայտնվել են իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների, նախաձեռնությունների և հրապարակային քննարկումների կենտրոնում։ Այս ամբողջական պատկերը հիմք է տալիս եզրակացնելու, որ խոսքը ոչ թե առանձին պաշտոնյաների ինքնաբուխ հայտարարությունների, այլ իշխանությունների քաղաքական գծի հետևողական շարունակության մասին է, իշխանությունների կողմից հետևողականորեն առաջ մղվող քաղաքականության, որի թիրախում հայտնվել է ազգային և հոգևոր կարևորագույն ինստիտուտներից մեկը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ





















































