Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Սարգսյան․ Սոթքի փակ հանքը մասնակի է աշխատում. բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից

Դեկտեմբեր 07,2023 14:05

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սոթքի հանքի աշխատանքային խնդիրներին, ասաց, որ հանքը մասնակի է աշխատում, իսկ բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից։

«Իրենք ունեն խնդիրներ, գրավոր դիմել են ինձ, իրենց խնդրանքն ուղարկել եմ Էկոնոմիկայի նախարարություն, նախարարի հետ առաջիկայում կքննարկենք, թե ինչ հնարավորություն ունենք նրանց խնդիրները կարգավորելու»,-ասաց մարզպետը։

Արդյոք խնդիրը հանքը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ-Գոլդ» ընկերության նկատմամբ պատժամիջոցների հետեւա՞նք է, այս հարցին ի պատասխան Սարգսյանն ասաց՝ ընկերության ներքին հարցերից այդքան տեղյակ չէ՝ պատժամիջոցների՞, թե՞ այլ խնդիրների հետ է կապված․ «Ընկերությունը նաեւ ներկայացնում է, որ բաց հանքում իրենց համար ներկա պահին աշխատանքը, հանքը շահագործելն այդքան օգտակար չէ, եւ հիմա փակ հանքում են աշխատանքները մասնակի կազմակերպում»։

Հարցին՝ Գեղարքունիքի մարզում հաստատված արցախահայերին ինչպես են աջակցում, կացարաններով, աշխատանքով արդյոք ապահովում են, մարզպետը  պատասխանեց․ «Դեռ կան անձինք, որոնք շարունակում են ապրել հյուրատներում, սակայն նրանք ունեն հոգեկան խնդիրներ։ Մենք առողջապահության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների հետ փորձում ենք կարգավորել այդ հարցերը։ Մնացած անձինք վարձով են բնակարան գտել մեր մարզում։ Դպրոցներում, առողջապահական հիմնարկներում աշխատանքի տեղավորված արցախցիներ կան»։

Հիշեցնենք, որ «ԳեոՊրոՄայնինգ-Գոլդ» ընկերությունը մայիս ամսին հայտարարություն էր տարածել, որով հայտնել էր, որ աշխատակիցներին հարկադիր պարապուրդի է ուղարկում, քանի որ ադրբեջանական կողմից պարբերաբար հրետակոծությունների հետեւանքով հանքավայրի բացահանքի  աշխատանքը դադարեցվել է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031