Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Պարոն Թորոսյան, դուք իմ հերոսը չեք եւ ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնա». Հայկուհի Հարությունյանը ՔՊ-ականների բացերը ջրի երես հանեց՝ Ջհանգիրյանից մինչեւ Ծառուկյան

Դեկտեմբեր 07,2023 15:52

Երկու օր է՝ ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված՝ հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ ՔՊ-ականները աղմկոտ ելույթներ էին ունենում:

Այսօր իր ամփոփիչ ելույթում Հայկուհի Հարությունյանը անդրադարձավ գրեթե բոլորին մեկ առ մեկ: Մինչ այդ պահանջեց. «Ես իմ գործունեության ամբողջ ժամանակահատվածում եղել եմ անկուսակցական, ապաքաղաքական անձ եւ անկախ քաղաքական շահերից՝ պահանջում եմ ինձ այլ կերպ բնութագրելու եւ թիրախավորելու բոլոր տեսակի միտումները դադարեցնել»:

Խոսելով Մարիա Կարապետյանի ելույթի մասին՝ նա հարցրեց՝ «Բա 2 տարի առաջ քաղաքական թիմի համար ես վտանգ չէի՞: Այն գործողությունները, որոնք վերաբերել են ինձ, իրականացվել են բացառապես պաշտոնապես: Իրականացվել են քվեարկությամբ եւ բացառապես հանձնաժողովի կոլեգիալ մարմնի կողմից կայացված որոշումներով»:

Հայկուհի Հարությունյանն ասաց, որ իր հետ բնակվող անձանց հայտարարագրերը թե՛ էլեկտրոնային, թե՛ թղթային տարբերակով ներկայացված են եւ հասանելի, դրանք վերլուծված են հանձնաժողովի կողմից, ուստի հերքեց ՔՊ-ականներին, թե ինքն էլ, լինելով հանձնաժողովի նախագահ, թերի հայտարարագիր է ներկայացրել. «Հորդորում եմ իմ քրոջ վերաբերյալ հայտարարություններում եւս զգույշ եղեք: Իմ քույրը երբեւէ հանձնաժողովի կողմից ֆինանսավորված որեւէ գործարքի եւ գործողության մասնակից չի եղել: Սրանում կասկածողները հնարավորություն ունեն այդ կազմակերպություններից ճշտելու»:

Անդրադարձավ Սարգիս Խանդանյանին. «Լավ է, որ հանձնաժողովի կայքն այդ աստիճան ուսումնասիրել եք, բայց լավ չի, որ մինչեւ վերջ չեք կարդացել, որովհետեւ եթե կարդայիք, այդ հաշվետվության մեջ գրված էր մի հարց, որի պատասխանը դուք հիմա պիտի հնչեցնեիք, նորից նույն ինստիտուցիոնալ մոտեցումը պահպանելով: Հանձնաժողովի կողմից Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ անհամատեղելիության եզրակացությունը ԱԺ-ն ինչի՞ ուշացրած ներկայացրեց ՍԴ: Հարց 2 ՝ ավելի քան 2 տարի հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում ինչի՞ ԱԺ-ն այդ պաշտոնը չհամալրեց իր ընտրությամբ»:

Երրորդ հարցն ուղղված էր Լուսինե Բադալյանին. «Տիկի՛ն Բադալյան, ձեր քաղաքական հասունությունից չեմ ուզում, բայց արդեն հրապարակված տեղեկություններն օգտագործելով՝ ուզում եմ ոչ միայն ինձ, այլեւ ամբողջ հանրությանը բացատրեք՝ քաղաքական հասունության ո՞ր ստանդարտով եք գնահատում իրականացնում, բացատրեք՝ քաղաքական հասունության ո՞ր ստանդարտն օգտագործվեց օրինակ՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ: Բա եթե փակ քննարկումներից նեղվում եք, ինչի՞ չեք ուզում այդ ստանդարտի հավասար կիրառումը հասանելի դարձնել նաեւ հանրությանը:

Փաստ N5. տիկի՛ն Ջուլհակյան, լավ է, որ իմ հայտարարագիրը փորձել էիք վերլուծել, բայց լավ չէ, որ դա արել էիք նույն լրագրողի սիրողական մակարդակով, այնինչ կարող էիք ստանալ բոլոր տեսակի տեղեկությունները, որով ձեր մտահոգությունները կփարատվեին»:

Նա հորդորեց Արուսյակ Ջուլհակյանին մինչեւ շահերի բախման մասին խոսելը առնվազն կարդալ օրենքը. «Իմ կողմից օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու հետ կապված, որ շահերի բախում եք տեսել, ես չեմ ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն: Բայց ուզում եմ հարց տալ՝ բա ԱԺ պատգամավորների աշխատավարձ բարձրացնելիս ԱԺ պատգամավորի կողմից այդ օրենքին քվեարկելը շահերի բախում չի՞: Կամ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ԱԺ պատգամավորի քվեարկելը արդեն այդ պաշտոնում շահերի բախում չի՞»: Խոսքը ՔՊ նախկին պատգամավոր Արթուր Դավթյանի մասին է, ամենայն հավանականությամբ:

ՔՊ-ական Արսեն Թորոսյանը հորդորել էր տիկին Հարությունյանին, որ արշավ իրականացնելիս իր անունը չտա, ուրիշ հերոսներ գտնի: Հայկուհի Հարությունյանն արձագանքեց. «Պարոն Թորոսյան, դուք իմ հերոսը չեք եւ ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ: Բայց առաջարկում եմ շահերի բախման մասին խոսելիս, ինչքան էլ այդ որոշումը ամենաանպրոֆեսիոնալը թվա, հորդորում եմ օրենքը նորից կարդալ եւ հարցին պատասխանել, թե ձեր կնոջ ղեկավարած կազմակերպությունը, որպես առողջապահության նախարար ձեր պաշտոնավարման ընթացքում, ո՞նց է եղել, որ պայմանագրի արժեքը մեծացրել է, դարձել է մինչեւ 350 մլն-ից ավել արժեքով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Ալեն Սիմոնյանի համար փաստերը կարևոր չեն․․․․ ամբողջ ծմբակցությունով ու վարչապետով միասին հավաքվեք նման պրոֆեսիոնալ ու փաստական ելույթ երբեք չեք կարողանա կազմել։
    Ապրի Հայկուհին ու ՔՊ-ն այս օրինակով ևս ցույց տվեց, որ ոչ մի պրոֆեսիոնալի չի հանդուրժելու, բոլորը պետք է կոռումպացված միջակություններ լինեն իրենց առաջին դեմքերի պես

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031