Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ոստիկանության միջամտությունները «Զանգ»-ի հավաքների ընթացքում պարունակում են անհարկի և անհամաչափ սահմանափակումներ. «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» 

Դեկտեմբեր 08,2023 16:28

Նախաբան
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է խաղաղ հավաքների մշտադիտարկումը Հայաստանի Հանրապետությունում։ Հավաքների մշտադիտարկումը իրականացվում է անմիջական դիտորդության, ինչպես նաև ԶԼՄ և այլ աղբյուրների հրապարակումներից ստացված տեղեկությունների համադրմամբ։ Կոմիտեի կողմից խաղաղ հավաքների մշտադիտարկման ամբողջական մեթոդաբանությունը հասանելի է 2021 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի վերաբերյալ զեկույցում։

Սույն արտահերթ զեկույցում ամփոփված են օգոստոս-դեկտեմբեր ամիսներին «Զանգ» նախաձեռնության կողմից Երևանում իրականացված հավաքների և երթերի, դրանց ընթացքում արձանագրված ոստիկանության միջամտությունների վերաբերյալ դիտարկումների արդյունքները։

Իրավիճակի ընդհանուր նկարագրությունը
2023 թվականին, երբ Արցախը գտնվում էր Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ, իսկ սեպտեմբերի 19-ից՝ լայնածավալ ագրեսիայի թիրախում, որն ավարտվեց Արցախի ամբողջական հայաթափմամբ, ՀՀ-ում ձևավորվեցին մի շարք նոր քաղաքացիական նախաձեռնություններ։ Վերջիններիս կողմից դեսպանատների, միջազգային կազմակերպությունների գրասենյակների առջև և այլ վայրերում կազմակերպվում էին հավաքներ և պիկետներ՝ նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը գրավել Արցախի հարցի շուրջ և պահանջել քայլեր ձեռնարկել ապաշրջափակման ուղղությամբ, ապահովել հումանիտար բեռների տեղափոխումը Արցախ, դատապարտել Ադրբեջանի գործողությունները և այլն։

Նոր ձևավորված քաղաքացիական նախաձեռնություններից էր «Արժանապատվության շարժումը», որը հետագայում վերանվանվեց «Զանգ» նախաձեռնության։ Ի տարբերություն մյուսների՝ «Զանգ» նախաձեռնության պահանջները և քննադատությունը ուղղված էին ՀՀ իշխանություններին։

Նախաձեռնության անդամները գրեթե ամեն օր Մ․ Մանուշյանի անվան պուրակում և այլ վայրերում իրականացնում էին հավաքներ, հանրային քննարկումներ, երթեր և խորհրդանշական ակցիաներ, որոնք վերաբերում էին Հայաստանին սպառնացող առկա մարտահրավերներին և իշխանությունների գործելաոճին։ Հավաքների մասնակիցների թիվը չէր գերազանցում 100-ը, որի պայմաններում իրազեկում ներկայացնելու պարտականություն կազմակերպիչները չունեին։ Հավաքների և երթերի ընթացքում մասնակիցները ցուցադրում էին ճամփորդական վրան՝ այն ներկայացնելով որպես տան, կացարանի և պետության այլաբանական խորհրդանիշ և փորձում տեղադրել պուրակում։

Նախաձեռնության կազմակերպած բոլոր հավաքները կրել են խաղաղ բնույթ։ Այդուհանդերձ, ոստիկանության կողմից իրականացվել են բազմաթիվ միջամտություններ, որոնք հիմնականում վերաբերում էին մասնակիցների կողմից պուրակում վրանի տեղադրմանը և երթերը փողոցներով անցկացնելուն։ Բոլոր դեպքերում, երբ մասնակիցները փորձում էին վրանը տեղադրել պուրակում կամ այլ վայրում, ոստիկանությունը միջամտում էր, ձերբակալում մասնակիցներին և գրեթե միշտ վերցնում վրանը։ Երթերի ընթացքում ոստիկանությունը հաճախ արգելում էր մասնակիցներին քայլեր փողոցի երթևեկելի հատվածներով, պնդելով, որ մասնակիցների քանակից ելնելով հնարավոր է երթն իրականացնել մայթերով և չենթարկվելու դեպքերում ձերբակալում նրանց։

2023 թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) «Զանգ» նախաձեռնության մասնակիցներից ստացած բողոքի քննարկման արդյունքում կայացրել էր որոշում, արձանագրելով, որ վրան տեղադրելը թույլ չտալուն ուղղված ոստիկանության գործողությունների հետևանքով խախտվել է մասնակիցների հավաքների ազատության իրավունքը։ Որոշման մեջ ընդգծվել էր, ի թիվս այլ դիտարկումների, որ հավաքների մասնակիցները նույնքան իրավունք ունեն ողջամիտ ժամկետում օգտագործելու համապատասխան ընդհանուր օգտագործման տարածքները, որքան այլ անձինք` այլ առօրեական նպատակներով և որ ակցիայի ժամանակավոր բնույթը չի բացառում ճամբարների կամ այլ ոչ մշտական շինությունների կառուցումը: Այդուհանդերձ՝ որոշման հրապարակումից հետո ոստիկանությունը շարունակել է նույն գործելաոճը և սույն զեկույցի մշակման ընթացքում դեռևս արգելում է վրանի տեղադրումը։

Հաշվի առնելով առկա հանգամանքները, ինչպես նաև ոստիկանության շարունակվող գործելաոճը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Զանգ» նախաձեռնության կողմից անցկացված հավաքների ընթացքում արձանագրված անհամաչափ միջամտությունների և դրանց վերաբերյալ ոստիկանության կողմից տրված մեկնաբանություններին և հիմնավորումներին։

Ոստիկանության միջամտությունները
Ինչպես նշվեց, «Զանգ» նախաձեռնության հավաքների և երթերի ընթացքում դիտարկված հիմնական միջամտությունները վերաբերում էին մասնակիցների կողմից վրան տեղադրելու փորձերին և երթուղիներին։ Ոստիկանությունը, որպես կանոն, փորձում էր ուղղորդել նախաձեռնության երթերը միայն մայթերով՝ պնդելով, որ մասնակիցների քանակից ելնելով մայթերով երթն անցկացնելը հնարավոր է։ Մասնակիցները հակադարձում էին, հիմնավորելով, որ փողոցներով երթը շարունակելը անհրաժեշտ է իրենց ասելիքը բարձրաձայնելու և հանրությանը ուշադրությունը գրավելու համար, ինչպես նաև պահանջում միատեսակ մոտեցում՝ քանի որ որոշ օրերին ոստիկանությունը չի խոչընդոտել փողոցներով քայլելը։ Մասնակիցները մատնանշում էին նաև այն հանգամանքը, որ որոշ մայթերի լայնությունը բավարար չէ վրանը տեղափոխելու համար, օրինակ՝ մայթերին գտնվող սրճարանների քանակի և խտության պատճառով։

Նախաձեռնության երթերը հիմնականում ավարտվում էին, կրկին, Մ․ Մանուշյանի անվան պուրակում, որտեղ մասնակիցները փորձում էին տեղադրել վրան, իսկ ոստիկանությունը արգելում էր։ Ոստիկանության ներկայացուցիչը մասնակիցներից պահանջում էր վերցնել վրանը, չկատարելու դեպքում այն որակելով որպես ոստիկանի օրինական պահանջի չկատարում, պնդելով, որ վրան տեղադրելով խախտվում է հասարակական կարգը։ Այնուհետև, ոստիկանությունը մեկ կամ մի քանի րոպե ժամանակ էր տալիս մասնակիցներին՝ վրանը հեռացնելու համար, չկատարելու պարագայում իրականացնում վարչական ձերբակալում։
Հարկ է նշել, որ «Զանգ» նախաձեռնության հավաքների և երթերի ընթացքում ներկա ոստիկանության ծառայողների քանակը հաճախ գերազանցում էր մասնակիցների թվից, ինչպես նաև ոչ բոլորն էին կրում ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ, ինչը ուղղակիորեն պահանջված է օրենքով։

Օգոստոս ամսից ի վեր «Զանգ» նախաձեռնության անդամների նկատմամբ ոստիկանությունը ներկայացրել է 50-ից ավելի վարչական վարույթներ՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ Յուրաքանչյուր պարագայում մասնակիցներին սպառնում է 50․000 ՀՀ դրամի չափով տուգանք՝ գումարային շուրջ 2․500․000 ՀՀ դրամ։ Վարույթների «առյուծի բաժինը» ընկնում է նախաձեռնության մոտ 5-6 առավել ակտիվ մասնակիցների վրա։ Բացի այդ, ըստ մասնակիցների, հավաքների ընթացքում վերցված վրանները փոխարինելու համար նրանք ստիպված են եղել գնել շուրջ 50 նոր վրան, որոնցից յուրաքանչյուրի արժեքը միջինը 10․000 ՀՀ դրամ է։

Հատկանշական է, որ ոստիկանության կողմից իրավունքի կամայական մեկնաբանություններ են տեղ գտել վերը նշված վարչական վարույթների հայցադիմումներում։ Օրինակ՝ «Զանգ» նախաձեռնության անդամներից մեկի դեմ ոստիկանության ներկայացրած հայցադիմումում գրված է եղել, որ «ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս կաշկանդված չէ մարդու և քաղաքացու՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներով և ազատություններով, իսկ հավաքների ազատությունը, ի թիվս այլ պայմանների, կարող է սահմանափակվել նաև այլ անձանց սահմանադրական իրավունքի և ազատությունների գերակայության պայմաններում»։

Ձերբակալություններ
Ոստիկանության կողմից «Զանգ» նախաձեռնության հավաքների առավել ակտիվ մասնակիցներին գրեթե մշտապես ձերբակալելը փաստացի հանգեցրել է հավաքների դադարեցման, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մասնակիցների ընդհանուր քանակը եղել է սահմանափակ։ Որպես կանոն, հավաքի դադարեցումը պետք է լինի ներգործության վերջին միջոցը, երբ առկա է բռնության վերահաս վտանգ կամ քրեական օրենքի այնպիսի խախտում, որը լրջորեն խախտում է այլոց իրավունքները և մասնակիցների նկատմամբ հետապնդում հարուցելու համար հավաքի ավարտին սպասելը ապահով չէ։ Մինչդեռ, նախաձեռնության մասնակիցներին վրան տեղադրելու կամ փողոցի երթևեկելի հատվածով երթն անցկացնելու փորձերի համար ձերբակալելը և այդպիսով հավաքը փաստացի դադարեցնելը, որպես սովորական գործելաոճ, չի կարող համաչափ համարվել։ Որոշ դեպքերում, օրինակ՝ սեպտեմբերի 21-ին նախաձեռնության հերթական հավաքի օրը, ոստիկանությունը առհասարակ կանխեց հավաքի անցկացումը՝ մեծաքանակ ուժերով նախապես ձերբակալելով մասնակիցներին։ Գործողություններին ներգրավված էին մեծաքանակ ուժեր ոստիկանության զորքերից (սև համազգեստով և սև բերետներով), մինչդեռ խաղաղ, առանց զենքի հավաքները կանխելու նպատակով ոստիկանության զորքերի միջամտությունն օրենքով ուղղակիորեն արգելված է:

Ոստիկանների կողմից ցանկացած ուժի կիրառում պետք է ինքնաբերաբար առաջ բերի շտապ քննություն։ Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ «Զանգ» նախաձեռնության հավաքների ընթացքում տարբերանշան չկրող ոստիկանները նույնպես ներգրավվել են հավաքի մասնակիցներին ձերբակալելու գործողություններին, ինչը կարող է դժվարացնել նրանց հետագա նույնականացումը։

Հասարակական կարգը ապահովելու հիմնավորումը
Ոստիկանությունը պուրակում վրան տեղադրելու արգելքը հիմնավորում էր հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությամբ։ ՀՀ-ում տևական ժամանակ հասարակական կարգի սահմանման մոտեցումը հանդիպում է դատական պրակտիկայում, ըստ որի, հասարակական կարգը նեղ իմաստով հասարակական նշանակության վայրերում, ներառյալ՝ պուրակներում, այգիներում «այնպիսի իրադրության առկայությունն է, որի պայմաններում ապահովված է քաղաքացիների արժանավայել վարքագիծը, կազմակերպությունների, հիմնարկների և հասարակական նշանակության այլ օբյեկտների բնականոն աշխատանքը, ինչպես նաև այդ վայրերում գտնվող անձի (անձանց) ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը»։ Անգամ նման ձևակերպման պարագայում ակնհայտ է, որ խաղաղ հավաքի ընթացքում հանրային այգում խորհրդանշական վրանի տեղադրումը թույլ չտալը որևէ առնչություն չի կարող ունենալ քաղաքացիների արժանավայել վարքագծի, կազմակերպությունների բնականոն աշխատանքի կամ անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիություն պաշտպանելու նպատակի հետ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Մ․ Մանուշյանի անվան պուրակի ընդհանուր մակերեսը մոտ 8000 մ² է, իսկ մեկ վրանի զբաղեցրած տարածքը այդ համատեքստում աննշան է։

Խաղաղ հավաքի անցկացման բովանդակությունը և եղանակը կարող է ժամանակավորապես խաթարել մարդկանց առօրյան, ինչը դեռ չի նշանակում, որ խախտվել է հասարակական կարգը։ Նման պարագայում անհարմարությունները, եթե առկա են, պետք է հանդուրժվեն, քանի դեռ այլոց համար չեն հանդիսանում անհամաչափ դժվարություն։ Մյուս կողմից, հասարակական կարգի վերը նշված ձևակերպումը Հայաստանի դատական պրակտիկայում հիմնականում հանդիպում է քրեական իրավունքի համատեքստում, օրինակ՝ խուլիգանության վերաբերյալ գործերով կայացված որոշումներում, հետևաբար՝ տրամաբանական չէ նույն բովանդակությամբ դրա կիրառումը հավաքների ազատության սահմանափակումների պարագայում։ Հասարակական կարգի պահպանության անհրաժեշտությունը, որպես հավաքների ազատության սահմանափակման հիմք, պետք է մեկնաբանվի վերահաս բռնության կանխելու անհրաժեշտության համատեքստում։ Ինչպես նշվեց, «Զանգ» նախաձեռնության բոլոր հավաքներն ու երթերը կրել են բացառապես խաղաղ բնույթ, որի պայմաններում ոստիկանությունը պարտավոր էր իր իրավասությունների սահմաններում աջակցել հավաքին։

Վրանների տեղադրման արգելքը

ՀՀ ՄԻՊ-ն արդեն անդրադարձել է «Զանգ» նախաձեռնության կողմից վրաններ տեղադրելու ոստիկանության արգելքի ոչ իրավաչափությանը։ Վրանների կիրառումը խաղաղ հավաքների ընթացքում հանրահայտ և տարածված միջոց է և բացի հավաքների ազատության համատեքստից, այն կարող է համարվել քաղաքական արտահայտման ձև և պետք է դիտարկվի արտահայտման ազատության տիրույթում: «Զանգ» նախաձեռնության անդամները հավաքների և հարցազրույցների ընթացքում բազմիցս մեկնաբանել են, որ վրանը, իրենց շարժման շրջանակներում, օգտագործվում է որպես տան, կացարանի և պետության այլաբանական խորհրդանիշ և այն տեղադրելն ու «պաշտպանելը» ներկայացնում են որպես տունը և պետությունը պաշտպանելու անհրաժեշտության ուղերձ։ Այսինքն՝ վրան օգտագործելը ուղղակիորեն կապված է իրենց կողմից անցկացվող հավաքների նպատակի հետ։ Այս պայմաններում ոստիկանության կողմից հասարակական կարգի պաշտպանության հիմնավորումը վկայակոչելը ավելի անարժանահավատ է դառնում։

Համատեքստում հարկ է հիշատակել, որ Մ․ Մանուշյանի անվան պուրակը (նախկինում՝ Մաշտոցի պուրակ) քաղաքացիական հասարակության կողմից ընկալվում է հավաքների և քաղաքացիական ակտիվության հանրահայտ վայր։ 2012 թ․-ին հենց Մաշտոցի պուրակում՝ ի սկզբանե տաղավարների շինարարության դեմ կազմակերպված ակցիաները վերածեցին քաղաքացիական շարժման, որը հետագայում ներառեց ավելի լայն հարցերի շրջանակ՝ սոցիալական բնույթի հարցերից մինչև բնապահպանական։ Շարժման ընթացքում ակտիվիստների կողմից նույնպես վրաններ էին տեղադրվել, ինչն օրինական էր գնահատվել այդ ժամանակ ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի կողմից, իսկ ոստիկանության վերաբերմունքը վրանի տեղադրման հարցում ավելի հանդուրժող էր:

Եզրակացություն
Ժողովրդավարական հասարակությունում հավաքների ազատության կարևորությունից ելնելով՝ հավաքները պետք է համարվեն հանրային վայրերի օգտագործման հավասարապես իրավաչափ միջոց, ինչպես երթևեկությունը, հետիոտնի շարժը, տնտեսական գործունեությունը և առհասարակ հանրային վայրերի առօրյա կիրառությունը։ Ճանապարհային երթևեկության կամ հետիոտնի շարժի ժամանակավոր խաթարումը, ինչպես նաև հավաքի անցկացմանը ընդդիմացողների առկայությունը իրավաչափ հիմք չեն սահմանափակումներ կիրառելու համար։ Վրանների կիրառումը հավաքների ընթացքում ինքնին չի կարող հանդիսանալ սահմանափակումների հիմք։ Ավելին, որոշ դեպքերում բողոքի կոնկրետ ձևը, ներառյալ՝ վրանի կիրառությունը, կարող է ձեռք բերել խորհրդանշական նշանակություն, որն անբաժանելի է հավաքի ուղերձից։

«Զանգ» նախաձեռնության հավաքների մասնակիցներին ձերբակալելով ոստիկանությունը փաստացի դադարեցրել է դրանք, ինչը, որպես կանոն, պետք է լիներ ներգործության վերջին միջոցը։ Խաղաղ հավաքի անցկացումը կանխելը, առավել ևս դրա լիազորությունը չունեցող ոստիկանության զորքերի ներգրավվմամբ, որևէ համատեքստում իրավաչափ չէ։
Ոստիկանության կողմից հարուցված վարչական վարույթների քանակը և վերցված գույքի պատճառով նախաձեռնության մասնակիցների կրած ծախսերը կարող են հանդիսանալ էական ֆինանսական բեռ՝ եթե վարույթները ավարտվեն տուգանքների կիրառումով։ «Զանգ» նախաձեռնության մասնակիցների դեմ շուրջ 50 վարչական վարույթներով ակնկալվող տուգանքների ընդհանուր գումարը հասնում է 2․500․000 ՀՀ դրամի, ինչը մոտավորապես 10 անգամ գերազանցում է ՀՀ-ում 2023 թ․ միջին ամսեկան աշխատավարձի արժեքը։ Նման անհամաչափ պատիժների կիրառումը կարող է ունենալ սառեցնող ազդեցություն (chilling effect) և իր հերթին հանդիսանալ հավաքների ազատության իրավունքի անուղղակի խախտում։

Առաջարկություններ
Հաշվի առնելով, որ ոստիկանության միջամտությունները «Զանգ» նախաձեռնության կողմից իրականացվող հավաքների ընթացքում պարունակում են անհարկի և անհամաչափ սահմանափակումներ, ինչպես նաև չեն համապատասխանում հավաքների ազատության իրավունքի միջազգային լավագույն փորձին, Հայաստանի հելսինկյան կոմիտեն ՀՀ ոստիկանությանը կոչ է անում․
• Ձեռնպահ մնալ խաղաղ հավաքի մասնակիցներին անհարկի ձերբակալելու և այդպիսով հավաքը փաստացի դադարեցնելու գործելաոճից:

  • Ձեռնպահ մնալ օրենքի և այլ իրավական ակտերի կամայական մեկնաբանություններից:
  • Ձեռնպահ մնալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ այնպիսի գործողություններից, որոնք կարող է առաջացնել սառեցնող ազդեցություն, ներառյալ՝ ֆինանսական անհամաչափ բեռ առաջացնելով։
  • Համապատասխանեցնել վարչարարությունը հավաքների ազատության իրավունքի միջազգային լավագույն փորձին, հաշվի առնելով ՀՀ ՄԻՊ 28.11.2023թ. որոշմամբ արձանագրված առաջարկությունները։
  • Իր իրավասությունների սահմաններում աջակցել խաղաղ հավաքների անցկացմանը։

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031