Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մի՞թե կորցրինք անվերադարձ մեր բաժին լույսը՝ մեր լույս-բնօրրանում. «Հայացք Երևանից»

Դեկտեմբեր 24,2023 11:25

«Հայացք Երևանից» – Մեծ քաղաքում ապրելը, քաղաքի արտաքին շքեղությունը վայելելը երեւի ինձ համար չեն, չնայած երեսուն տարի առաջ նույն զգացողությունն եմ ունեցել, երբ Մարտակերտը գերության մեջ էր, մենք էլ փախստականի կարգավիճակով ռուսական քաղաքում էինք հանգրվանել։

Օրեր առաջ երեկոյան Երեւանն ինձ տեսանելի դարձավ լույսերի շքեղության մեջ, բազմաթիվ մեքենաների խցանումներով։ Սա ինձ մեր հապճեպ տեղահանությունը հիշեցրեց՝ մարդկային հոծ բազմությամբ, մեքենաների տեղաշարժի հետ կապված հարկադիր կանգառներով:

…Մեքենայում եմ: Գիշերային Երեւանն եմ տեսնում պատուհանից։ Բազմահարկ շենք է, եւ տպավորություն է, թե Մարտակերտում հասել ենք մեր բնակելի տանը։ Հետո ուշքի եկա, երբ դիմացս հուշարձան տեսա:

Այդքանով չավարտվեց։ Տարատեսակ մթերքների խանութներ են, եւ նորից ես Մարտակերտում եմ՝ հացի երկար հերթերում։ Մի պահ հազիվ զսպեցի ինձ, որ չասեմ` ինչո՞ւ ենք այս ուշ ժամին քաղաքապետարան գնում: Բայց, կարծես, դպրոց էր, որն ինձ պատկերացավ Մարտակերտում մեզ դպրոց տանող ճանապարհը։

Սա խառը մտածումների արդյունք է, այնպես չէ, որ երեւակայության մեջ էի, երբ ամեն ինչ հիշեցնում է հայրենիքդ, որտեղ ապրել ես մի ամբողջ կյանք։

Սա կարոտ է, պոռթկացող ցավ, որ երբեմն ներսումդ կուտակվում է, երբ զգում ես, որ անհնար է հաշտվել այն դառն իրականության հետ, որում հայտնվել ենք… տասնյակ հազարավորներ։

Սա գլխապտույտ է, մի անհավատալի շրջադարձ, որ ապրածդ տարիների համուհոտն ես զգում, անգամ շրջափակման ծանր օրերն ես վերհիշում ու երանություն տալիս այդ ամիսներին։

Զգում ես, որ դավաճանված է երկիրդ, ծննդավայրդ, բնօրրանդ, առանց որի երբեւէ չես պատկերացրել կյանքդ։

Երկարում է ճանապարհը երեկոյան Երեւանում։ Ամենուր լույսեր են փայլփլում ու ակամայից փնտրում ես այդ լույսերի խտության մեջ քո բաժին լույսը, բայց չես գտնում։ Մի՞թե կորցրինք անվերադարձ մեր բաժին լույսը՝ մեր լույս-բնօրրանում… Ու շտապում ես վարձած այն տունը հասնել, որտեղ մտածումներիդ ազատություն կտաս՝ գոնե մի քանի տող շարելով, որ մոռանաս այն բոլոր արհավիրքները, որոնց միջով անցել ես ու դեռ պիտի անցնես…

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031